HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Լրատվամիջոցների զարգացմա՞ն, թե՞ գերզարգացման ծրագիր

2004 թ. նոյեմբեր ամսից «IREX-Հայաստանը» իրականացնում է զանգվածային լրատվամիջոցների զարգացման ծրագիր, որն ընթանում է մինչ օրս: Այդ ծրագիրը ֆինանսավորում է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալությունը, որի գործակցման համար տրամադրվել է 7.5 մլն ամերիկյան դոլար: ԶԼՄ-ի զարգացման ծրագիրը բաղկացած է երկու մասից` ԶԼՄ-ի զարգացում և վարկավորում: Վարկավորման համար նախատեսված է 3 մլն դոլար:

«...Այս ծրագրի առաջնային նպատակն է Հայաստանի զանգվածային լրատվամիջոցների կայունությանը նպաստելը: Ծրագրի հիմնական բաղադրյալը ֆինանսապես կայուն կամ կայուն դառնալու նախապայմաններ և հնարավորություններ ունեցող ընտրյալ ԶԼՄ-ներին վարկեր տրամադրելու միջոցով աջակցելն է»,- հայտարարում է IREX-ի կայքէջը: 


Ծրագրի ղեկավար Արտաշես Փարսադանյանն էլ պնդում է, որ ծրագիրն ուղղված է ԶԼՄ-ի բիզնես մտածելակերպի զարգացմանը. «Եթե ԶԼՄ-ն չլինի բիզնես, չի կարող լինել անկախ, մեծ լսարան ունենալ և լուսաբանել այն թեմաները, որոնք հետաքրքրում են իրենց լսարանին»: 

Ի դեպ, լրատվամիջոցների զարգացման ծրագրի հայտարարության մեջ հստակորեն նշվում է, որ ծրագրին դիմող ԶԼՄ-ն պետք է լինի անկախ: Հետաքրքրվեցինք, թե որո՞նք են հայկական լրատվամիջոցների անկախության չափանիշները, և ո՞ր «անկախ» լրատվամիջոցներն են իրենց հետ համագործակցել ու վարկ ստացել: Ծրագրի ղեկավարը դժվարացավ պատասխանել. «Ես անուններ չեմ տա, անկախությունն էլ է հարաբերական: Կա անկախության աստիճան, մի քիչ ավելի շատ մարզերում է առկա, քան Երևանում: Անկախ լինելու համար պետք է 100 տոկոսով պատկանեն մասնավոր սեփականատիրոջ, չպատկանեն քաղաքական ինչ-որ ուժի, և իրենց նյութը լինի հավասարակշռված: Երկու կողմերն էլ հավասարապես լուսաբանվեն, և երկուսի կարծիքներն էլ ներառված լինեն նյութում, լինեն ժողովրդին ծառայող և ժողովրդի համար ԶԼՄ»:

Լրատվամիջոցների զարգացման ծրագրին փորձել է դիմել նաև «Ա1+» կայքէջը: «Ա1+»-ի տնօրեն Մեսրոպ Մովսիսյանի կարծիքով՝ անկախ որակավորումը հենց ինքը` ԶԼՄ-ն պետք է հաստատի, ոչ թե ինչ-որ մեկը կախի այդ պիտակը: Ամեն դեպքում, տնօրենը գտնում է, որ զարգացման ծրագրերը իմաստ ունեն, եթե դրանք ճիշտ նպատակների են ծառայում: «Ես համարում եմ, որ IREX-ը, այստեղ չուսումնասիրելով դաշտը, մտավ այդ դաշտ և ոչ հետևողական քայլերով արդեն խճճվել ու մոլորվել է, որովհետև այն ԶԼՄ-ները, որոնք ստացել են այդ ֆինանսավորումը, դրա կարիքը չեն էլ ունեցել: Հայկական ԶԼՄ-ի դաշտում նրանք հաջողակներ են և շատ մոտ են կանգնած ղեկավարությանը ու այն փողերի տաշտակին, որը կառավարությունը մատուցել է նրանց: Հիմա անկախությունը ինչպե՞ս է որոշվում»,- հարցնում է Մեսրոպ Մովսիսյանը:

Լրատվամիջոցների զարգացման ծրագրին մասնակցելու և որակավորում ստանալու համար տվյալ ԶԼՄ-ն պետք է հաղթահարի նախնական` գնահատման փուլը, ու կարիքների գնահատման փուլը: Այս երկու փուլերի հիման վրա անհատական աշխատանքային ծրագիր է կազմվում: Եթե լրատվամիջոցը հաղթահարում է բոլոր պահանջները, ապա կարող է արդեն դիմել վարկային ծրագրին: 

Մինչ այժմ ծրգարի շրջանակներում IREX-ը համագործակցել է մոտ 35 ԶԼՄ-ի հետ, որոնցից դեռևս վարկավորում է ստացել 3-ը: Վարկավորման ընթացքի մեջ են ևս 10 լրատվամիջոցներ: Իսկ թե ո՞ր լրատվամիջոցներն են արժանացել այդ բախտին, Արտաշես Փարսադանյանը չցանկացավ նշել. «Մենք գործընկերային հարաբերությունների մեջ ենք  այդ ԶԼՄ-ների հետ, միգուցե իրենք դեմ են և չեն ուզում, որ հրապարակենք իրենց անունները»:

Վարկը տրամադրվում է 12 տոկոս տոկոսադրույքով, մարման ժամկետայնությունը 5-7 տարի է: Ծրագրի ղեկավարի տեղակալ Սոնա Պետրոսյանը պնդում է, որ «շուկայում 12 տոկոս գոյություն չունի»: «Մենք գարանտ ենք հանդիսանում: Նրանք գրավ դնում են միայն տոկոսի համար, իսկ մայր գումարի համար գրավ չեն դնում»,- պարզաբանում է ծրագրի ղեկավարը: 

Ծրագիրը «4+1» տարի էր, այս աշնանը այն լրացել էր, բայց, ծրագրի ղեկավարի խոսքերով, այն այնքան հաջողված էր, որ երկարացվեց ևս մեկ տարով: «Մենք չենք տալիս ձուկ, որ այդ ձուկը սպառվի, հաջորդ օրը նրանք սովածանան: Մենք տալիս ենք ցանցեր և սովորեցնում ենք ձուկ որսալ, որպեսզի իրենք օգտագործեն իրենց պոտենցիալը, պետք է պարզապես բիզնեսի տեսակետից մոտենալ: Հայերի մեջ դա պակաս չէ, հայերը հին ժամանակից ձեռներեցներ են եղել»-համոզված է Արտաշես Փարսադանյանը:

Լրատվամիջոցների զարգացման ծրագրին դիմած «Ա1+»-ի տնօրեն Մեսրոպ Մովսիսյանն ասում է, որ իրենք համաձայնության չեն եկել, քանի որ իրենց նպատակներն ու ծրագրերը ընդհանրապես չէին համընկնում IREX-ի առաջարկած նպատակներին ու ծրագրերին: Ավելին, 12-14 տոկոսադրույքով բանկերի հետ կարելի է համաձայության գալ և վարկ ստանալ: «ԶԼՄ-ներից ընտրվում էին միշտ նրանք, ովքեր մեծ հաջողությունների մեջ էին, տարբեր հեռուստաընկերությունների հետ էին աշխատում, որոնք բավականին զարգացած վիճակում են այսօր, իսկ այն ԶԼՄ-ը, որոնք ավելի թույլ էին, նրանք անտեսվում էին: Այդ դեպքում ո՞րն է այդ ծրագրի նպատակը»,- հարցնում է Մեսրոպ Մովսիսյանը` նշելով, որ եթե դա «գերզարգացման» ծրագիր է, ապա դա արդեն ուրիշ խնդիր է:

«Եթե ես գտնվում եմ դաշտում և ունեմ զարգացման նպատակ, եթե կա այդ գումարը, որը բավականին մեծ գումար է հայաստանյան ԶԼՄ-ի համար, ուրեմն այստեղ խտրականություն մտցնելը իրենց կողմից ես համարում եմ անիմաստ: Եթե դիմել եմ, եկեք քննարկենք, հանդիպենք, ուսումնասիրենք, հետո որոշում կայացնեն: Գլխից ասում են, որ դուք ԶԼՄ չեք: Իսկ ո՞վ է որոշում` մենք ԶԼՄ ենք, թե ոչ»,- դժգոհում է «Ա1+»-ի տնօրենը:

«Ռադիո Վանը» մասնակցում է IREX-ի զարգացման ծրագրին և նրա միջոցով ստանալու է 100 հազար ամերիկյան դոլարի վարկ «Ամերիա» բանկից: Ռադիո «Վանի» տնօրեն Շուշանիկ Արևշատյանն ասում է, որ իրենք պետք է այդ վարկը փակեին 10 տարվա ընթացքում: Սակայն հիմա հայտնվել են ծանր դրության մեջ, քանի որ վարկի մարման ժամկետը փոփոխվել է և դարձել 5 տարի. «Հաշվարկված ռազմավարական և բիզնես պլանը, մեր կազմած բոլոր ծրագրերը հիմա գնում են աղբանոց: Մենք հաշվարկել էինք, որ վարկը 10 տարվա ընթացքում էինք մարելու, հիմա դրան գումարվում է նաև ֆինանսական ճգնաժամը, գովազդային շուկայի ոչ կայունությունը, ինչպե՞ս ենք 5 տարում փակելու մեր վարկը: Անլուծելի խնդրի առջև ենք կանգնել»,- դժգոհում է Շուշանիկ Արևշատյանը: «Ռադիո Վանի» տնօրենը մի լուծում է առաջարկել բանկին` 100 հազար դոլարը բաժանել 2 մասի և մաս-մաս այն ստանալ: Սակայն այստեղ էլ IREX-ի հետ համագործակցող և վարկ տրամադրող բանկն է հրաժարվել ընդունել այդ առաջարկությունը: Հիմա «Ռադիո Վանի» տնօրինությունը այլ ելքեր է փնտրում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter