Դատավորը պարտիզանական որոշում է կայացրել
«Որեւէ դատավոր նման ակնհայտ ապօրինության չէր գնա, առանց ավելի բարձրից ստացված անպատժելիության երաշխիքի»,- ասում է փաստաբան Կարեն Մեժլումյանը:
Նա Փաստաբանների պալատում ուրբաթ օրը ասուլիս էր հրավիրել` ներկայացնելու Երեւանի քաղաքացիական դատարանի դատավոր Էդիկ Ավետիսյանի հոկտեմբերի 21-ին կայացրած վճիռը: Փաստաբանի խոսքերով` դատավորն անարդար վճիռ է կայացրել, հաշվի չի առել նախորդ` վերաքննիչ եւ վճռաբեկ դատարանների վճիռները: Ավելին, գործը քննվել է մեկ տարվա վաղեմության ժամկետը լրանալուց հետո:
Դավիթ Փոլադյանի եւ Անդրանիկ Այվազյանի միջեւ 2004 թ.-ից դատական վեճեր են ընթանում: Պատճառը Դավիթ Փոլադյանի կողմից Անդրանիկ Այվազյանին 2002 թ. ապրիլի 28-ին տրված ստացականը եւ դրանից հետո` նույն թվականի հունիսի 13-ին Դավիթ Փոլադյանի, Վլադիմիր Ադամյանի եւ Անդրանիկ Այվազյանի միջեւ կնքված համաձայնագիրն էր: Այդ վեճերն անցել են վճռաբեկ ու վերաքննիչ դատարաններով եւ 2007 թ. վերջնական լուծում են ստացել, որով Դավիթ Փոլադյանի հայցը բավարարվել է: Անդրանիկ Այվազյանին տրված ստացականից ծագող պարտավորությունները դրանից հետո կնքված համաձայնագրի հիմքով դադարած են ճանաչվել: Անդրանիկ Այվազյանից հօգուտ Դավիթ Փոլադյանի բռնագանձվել է համաձայնագրում նշված գումարը` իր տոկոսներով:
2008 թ.-ին Ա. Այվազյանը դիմել է Երեւանի քաղաքացիական դատարան hամաձայնագիրն իր մասով անվավեր ճանաչելու պահանջով` պատճառաբանելով, որ ինքն այն կնքել է մոլորության ազդեցության տակ:
Դավիթ Փոլադյանի փաստաբանը դատարանին է ներկայացրել ՀՀ վճռաբեկ դատարանի որոշումն ու վերաքննիչ դատարանի վճիռը եւ, հղում կատարելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 52-րդ հոդվածին, խնդրել է հայցը մերժել: Բաեւցի այդ, Կարեն Մեժլումյանը խնդրել է կիրառել հայցային վաղեմություն` պատճառաբանելով, որ համաձայնագիրը կնքվել է դեռեւս 2002 թ.-ին, իսկ Ա. Այվազյանը դրա անվավերության պահանջ է ներկայացրել ավելի քան 5 տարի անց, այն դեպքում, երբ նման գործերով հայցային վաղեմության ժամկետը 1 տարի է: Այդուհանդերձ, դատավոր Էդ. Ավետիսյանը Ա. Այվազյանի հայցը բավարարել է, որի արդյունքում Դավիթ Փոլադյանը Անդրանիկ Այվազյանին պետք է վճարի ավելի քան 500 հազար ԱՄՆ դոլար: Մինչդեռ վճռաբեկ դատարանի վճիռը Անդրանիկ Այվազյանին պարտավորեցնում էր վճարել 300 հազար դրամ: «Որեւէ դատավոր նման ակնհայտ ապօրինության չէր գնա, առանց ավելի բարձրից ստացված անպատժելիության երաշխիքի, քանի որ նման փաստը մարտահրավեր է նաեւ նախագահի նախաձեռնությանը, ՀՀ վճռաբեկ եւ վերաքննիչ դատարաններին, որոնց կայացրած դատական ակտերը պարզապես անտեսվել են` ցույց տալով, որ նախագահող դատավորի համար ոչինչ չեն նշանակում»,- ասում է փաստաբանը:
Լրագրողների այն հարցին, թե ինչու է Ա.Այվազյանը միայն հիմա դատարան դիմել, Կարեն Մեժլումյանը պատասխանեց. «Մարդը հնարավորություն ունի, բիզնեսմեն է, կազինոներ ունի, գործի քննության ժամանակ փորձաքննություն է եղել, կարողությունը գնահատվել է ավելի քան 1 մլրդ 600 մլն դրամ: Մարդը ի վիճակի է նման հայցեր տալ ու բավարարել դրանք»,- ասաց Կ. Մեժլումյանը:
«Դատավորն էլ պարտիզանություն է արել, իր ապօրինի եւ անարդար վճիռը կայացնելու համար օրենքի կոպիտ խախտում կատարելով` թաքցրել է այն փաստը, որ վճռաբեկ ու վերաքննիչ դատարանները վեճին լուծում են տվել եւ այդ դատական ակտերով այնպիսի փաստեր են հաստատվել, որոնց պայմաններում Ա. Այվազյանի հայցը պետք է մերժվեր, առավել եւս, եթե չի եղել կողմերի անհամաձայնություն, եւ Ա. Այվազյանը անվերապահորեն ընդունել է, որ դրանից հետո որեւէ պարտք եւ պահանջ չի ունենալու եւ չի ներկայացնելու Դ. Փոլադյանի հանդեպ»,- պատճառաբանեց Կարեն Մեժլումյանը:
Վկայակոչելով ՀՀ նախագահի վերջին երկու ամսվա ընթացքում հնչեցրած հայտարարությունները դատական համակարգի բարեփոխման վերաբերյալ` Կարեն Մեժլումյանը նշեց, որ իրենք այս ասուլիսը նախաձեռնել են` արձագանքելով նախագահի հայտարարությանը: Իրենք ցանկացել են հրապարակավ այս մասին հայտարարել, քանի որ կոնկրետ դատավոր է մեղադրվում. «Ես հավատում եմ հանրապետության նախագահի նախաձեռնությանը, որ հասարակության մեջ գոյություն ունեցող օբյեկտիվ դժգոհությունների առիթները վերացվեն, մենք մեր մտավախություններն ենք հայտնում այս երեւույթի դեմ: Պետք է, որ ժողովուրդը հավատա դատարաններին»:
Կարեն Մեժլումյանն ու իր պաշտպանյալը հաջորդ շաբաթ դիմելու են վերաքննիչ դատարան: Ավելին, նրանք մտադիր են դիմումներ ուղարկել ՀՀ նախագահին, Անվտանգության խորհրդին, Վճռաբեկ դատարանի նախագահին, Արդարադատության նախարարին ու Արդարադատության խորհրդին:
Մեկնաբանել