HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Կովալենկո Շահգալդյանը կողմ է հանքի շահագործմանը

«Հետքի» հարցերին պատասխանում է Կոտայքի մարզպետ Կովալենկո Շահգալդյանը Երկու օր առաջ հանդիպել եք չինական «Fortune Օil» ընկերության ներկայացուցիչների հետ, ի՞նչ եք քննարկել: Չինացիների հետ հանդիպել ենք, որովհետև նրանք հանքի շահագործման լիցենզիա ունեն, այդ լիցենզիան դեռևս հնարավորություն չի տալիս հանքը շահագործել: Հանքը շահագործելու համար բավականին խնդիրներ կան, որոնք պետք է լուծվեն: Ի՞նչ խնդիրներ են: Օրինակ` հողահատկացումների հետ խնդիր կա: Այդ տարածքում և համայնքային սեփականության, և մասնավոր սեփականության հողեր կան: Այնպես որ այդ խնդիրը պետք է լուծել: Մենք չինացիների առջև դրել ենք հետևյալ խնդիրները` եթե նախագիծ են անում, այդ նախագիծը պետք է համապատասխանի այս երկրում գործող օրենքներին, այդ թվում նաև բնապահպանական: Մենք շատ ողջունում ենք, ուրախ ենք, որ մեր երկրում ներդրումներ են արվում, որ աշխատատեղեր կլինեն, բայց դա պետք է ի հաշիվ մեր բնակչության առողջությանը չլինի: Այսինքն` իսկապես կան բնապահպանական խնդիրներ, և կան հնարավորություններ այդ բնապահպանական խնդիրներին լուծումներ տալ նախագծով: Կբերեն նախագիծը, հանրային քննարկումներ, լսումներ կանցկացնենք, կունենանք փորձագիտական եզրակացություն, այդ ժամանակ մեր կարծիքը կասենք` կարելի՞ է շահագործել այդ հանքը, թե՞ ոչ: Ասացիք, որ արդեն շահագործման լիցենզիա ունեն: Այս ամենը մինչև լիցենզիա տրամադրելը հաշվի չի՞ առնվել: Շահագործման լիցենզիան դեռևս շահագործելու  հնարավորություն չի տալիս: Պետք է տեխնիկական նախագիծ անեն, այդ նախագիծը պետք է բոլոր լուծումներն իր մեջ ներառի: Երբ ամեն ինչը կլինի հավուր պատշաճի, օրենքների խախտումներ չեն լինի, ամեն ինչը տեխնիկական լուծում կունենա, այն ժամանակ կսկսեն շահագործել: Ե՞րբ պատրաստ կլինի տեխնիկական նախագիծը: Ըստ չինացիների` մինչև տարվա վերջ: Ժողովրդի կարծիքը ինչո՞ւ հաշվի չեք առնում: Կառնվի: Անպայման: Ինչո՞ւ Հրազդանի բնակիչների բողոքի ակցիային ներկա չէիք: Իսկ ինչո՞ւ պիտի լինեի: Ձեր ժողովուրդը հարցեր էր բարձրացնում, չլսեի՞ք, թե ինչ են ուզում: Նախ ինձ միտինգ որևէ մեկը չի հրավիրել: Իսկ ինչո՞ւ պիտի հրավիրեին: Իսկ ինչո՞ւ ես պիտի մասնակցեի: Որ ժողովրդի կարծիքն իմանայիք: Ես բոլորից շատ լավ գիտեմ` մեր ժողովուրդն ինչ է մտածում, ժողովրդի անունից պետք չէ հանդես, գալ, ժողովրդի արգումենտը շահարկել: Ժողովուրդը դեռևս տեղյակ չէ ոչնչի: Մասնակի լսումներ են արել նախկինում: Ունենալով տեխնիկական նախագիծը, լայն քննարկումներ  կիրականացվեն` ժողովրդին մանրամասնորեն տեղեկացնելու: Այն ժամանակ, եթե ժողովրդի մոտ հարցեր կառաջանան, մենք սպառիչ պատասխաններ կտանք: Հիմա ինչ-որ ասում են, դրանք ուղղակի ենթադրությունների ժանրից են, որովհետև որևէ մեկը կոնկրետ այս պահին չի կարողացել և այդ հանքը չի շահագործել, որովհետև այս պահին քաղաքակիրթ աշխարհում կան տեխնոլոգիաներ, որոնցով հնարավոր է ցանկացած տեղ, ցանկացած պայմաններով հանք շահագործել և բնապահպանական խնդիրներ չառաջացնել: Այսինքն` Դուք կո՞ղմ եք, որ հանքը շահագործվի: Ես ինչո՞ւ պիտի կողմ չլինեմ: Բայց դա չի նշանակում, որ հանքը պետք է շահագործվի ժողովրդի առողջության հաշվին կամ մեր բնապահպանությանը վնաս տալու հաշվին:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter