Իսկ ամբաստանյալ Գևորգ Մուսայելյանը փետրվարի 7-ից հացադուլ ու ջրադուլ է հայտարարել
Գրիգոր Մուրադյանի մահվանից անցել է 2 տարի, բայց Ալվարդ Մուրադյանը չի հավատում, որ որդին բանակում զինվորական ծառայության ժամանակ կախել է իրեն: «Գոքորին ոչ ոք չէր կարող հոգեբանորեն կոտրել, որ դիմեր ինքնասպանության: Ինքը չի կոտրվել, իրեն կոտրել են»,- համոզված է մայրը:
2008 թ. վերջին օրը` դեկտեմբերի 31-ին, ՀՀ ՊՆ N զորամասից 4,5 կմ հեռավորությամբ` ԼՂՀ Շահումյանի շրջանի Նոր Խարխափուտ գյուղի ուղղությամբ` գետի ափին` անտառածածկ վայրում, հայտնաբերվել է ժամկետային զինծառայող, շարքային Գրիգոր Մուրադյանի դին` ծառի ճյուղից կախված: Իրավապահներն այդպես էլ ձեւակերպել են` ինքնասպանություն, որը կատարել է իր պատիվը եւ արժանապատվությունը փրկելու համար: Սակայն ծնողները համոզված են, որ որդուն սպանել են:
Մեղադրական եզրակացության մեջ որպես նախապատմություն եւ դրդապատճառ նշվում է, որ Գրիգոր Մուրադյանը քարածուխը մանրացնելիս կոտրել է իրեն ամրակցված սվին-դանակը, որի մասին հայտնել են վաշտի հրամանատար, ավագ լեյտենանտ Գեւորգ Մուսայելյանին, ով կրտսեր սերժանտ Արմեն Տոնոյանի, հետո նաեւ նրա հետ եւ այլ շարքայինների ներկայությամբ պահանջել էլ մինչեւ դեկտեմբերի վերջ նոր դանակ վերադարձնել:
Գրիգորը այնուհետեւ մեկնել է մարտական հենակետ, սակայն վերադառնալուց հետո էլ նրանից պահանջել են տալ նոր սվին-դանակը կամ դրա փոխարեն` 15 հազար դրամ, «հակառակ դեպքում նրա համար վատ կլինի» կամ «կփչացնեն» նրան: Հենց այդ պատճառով Գրիգորը գնացել է ԼՂՀ Շահումյանի շրջանի Նոր Ղարաչինար գյուղ` իր հոր մարտական ընկեր Արմեն Ավետիսյանի տուն: Արմեն Ավետիսյանը պատասխանել է, որ չունի սվին-դանակ, բայց ինքն անձամբ կգնա զորամաս եւ կլուծի այդ հարցը:
«Չկարողանալով սվին-դանակը կամ դրա փոխարեն գումարը հայթայթել` Գրիգորն իր պատիվն ու արժանապատվությունը ստորացնելու սպառնալիքի ներքո դեկտեմբերի 31-ին, առավոտյան ժամերին վերոնշյալ վայրում, ծառի ճյուղից ամրացնելով զինվորական տաբատի գոտին, պարանոցի շրջանի հատվածից կախվելու եղանակով ինքնասպան է եղել»,- այսպես է հիմնավորված մեղադրականում, որը հաստատել է Սեւանի կայազորի զինվորական դատախազության ավագ դատախազ, արդարադատության առաջին դասի խորհրդական Գնել Մանուկյանը: Թե Գրիգորի ծնողները, թե Գեւորգ Մուսայելյանը նշում են, որ ամեն ինչ խճճել է հենց դատախազ Գնել Մանուկյանը, ով իր «արածն արել» ու արդեն թոշակի է անցել:
Քրեական գործով նշանակված հետմահու դատահոգեբուժական-դատահոգեբանական համալիր փորձաքննության եզրակացության համաձայն` Գրիգորը, ինչպես նախկինում, այնպես էլ ինքնասպանությանը նախորդող ժամանակահատվածում եւ ինքնասպանություն կատարելու պահին որեւէ հոգեկան հիվանդությամբ չի տառապել եւ կարողացել է հաշիվ տալ իրեն իր գործողությունների համար, ղեկավարել դրանք:
Ավելին, ըստ եզրակացության` լինելով ազնիվ, շիտակ զինվոր, բարոյաէթիկական հատկանիշների տեր անձնավորություն` որպեսզի կատարի Գ. Մուսայելյանի եւ Ա. Տոնոյանի պահանջները, գնացել է իր ծանոթի մոտ սվին-դանակ կամ դրա փոխարեն գումար հայթայթելու համար, սակայն չկարողանալով հասնել արդյունքի` հավանաբար ապրել է խոր սթրես, իրավիճակը ըմբռնել է որպես անելանելի, դրան գումարվել է վախը, որ Մուսայելյանը եւ Տոնոյանը կիրականացնեն իրենց սպառնալիքները, կպատվազրկեն իրեն, կանգնել է բարոյական ընտրության առջեւ եւ նախընտրել է մահը:
«Ինքնասպանությանը նախորդող ժամանակահատվածում Գ. Մուրադյանը գտնվել է տագնապայնության, արտահայտված հուզական գրգռման եւ լարվածության վիճակում, ինչը էականորեն ազդել է նրա գիտակցության եւ վարքի վրա: Ինքնասպանության հիմնական դրդապատճառը եղել է գործով մեղադրյալներ Գեւորգ Մուսայելյանի եւ Արմեն Տոնոյանի կողմից իրեն պատվազրկելու սպառնալիքները»,- եզրակացրել են փորձագետները:
«Հենց Մուսայելյան Գեւորգը դատարանում ասաց, որ Գրիգորն էն տղեն էր, որ կարող էր իր համար կանգնել: Ճիշտ էր ասում` Գոքորը էն տղեն էր, որ ոչ ոք չէր կարող իրեն կոտրել»,- ասում է մայրը եւ վստահեցնում, որ հոգեպես եւ ֆիզիկապես ուժեղ, կոփված տղա է եղել իր որդին:

Գրիգորը ավարտել է «Փոքր Մհեր» ռազմական ուսումնարանը, ամուսնացած է եղել: Դիմել է Վազգեն Սարգսյանի անվան ակադեմիա, վերջին քննությունից կտրվել ու անմիջապես զորակոչվել բանակ:
Գրիգորը սկզբում ծառայել է այլ զորամասում, սակայն հրամանատար Արմեն Հովսեփյանը (մականունը` Հոսհոս) ճնշել է նրան, պարտադրել ճաշարանում մշտական հերթապահություն անել, մինչեւ նոր զորակոչիկները գան, իսկ Գեւորգն ընդդիմացել է, ինչի պատճառով սերժանտները նրան ծեծել են: Չնայած դրան` այդ ամենից հետո Արմեն Հովսեփյանի պաշտոնը բարձրացվել է:
«Զանգում էր, ասում էր` վայ, մամա, դու չես պատկերացնում, թե ստեղ ինչ է կատարվում. կանգնում են պլացի վրա մայր են հայհոյում: Տենց տղա չի եղել, որ կուլ գնա, խեղճանա, շատ խելացի, չափված-ձեւված տղա է եղել, իմացել է զինվորական օրենքները, կարողացել է իրեն պաշտպանի»,- ասում է մայրը: Գրիգորը, չդիմանալով ճնշումներին, մեկ անգամ նույնիսկ փախել է զորամասից, ինչի հետեւանքով քրեական գործ է հարուցվել:
«Տասը օր պահեցին կուբախտում, տարանք 100 հազար փող տվեցինք, հետո մենք մեր սեփական մեքենայով տարել հանձնել ենք չաստ: Հրամանատարը Դավիթին ծանոթ էր, ասաց. «Ախպեր, պրոբլեմ չկա, հեսա կդնեմ սվյազի վրա, թող իրա համար ծառայի, իրա խաթրին ոչ մեկը չի կպնի, մի երկու ամիս էլ արձակուրդ կուղարկեմ»,- հիշում է տիկին Ալվարդը: «Ղրգեց, էլի»,- նշում է Գրիգորի հայրը` Դավիթ Մուրադյանը: «Ղրգեց, ճիշտ է, երկու ամիս հետո էդ խաբարը լսեցինք»,- ավելացնում է կինը:
Դատաբժշկական փորձագետի եզրակացությունը եւս հաստատել է ինքնասպանության վարկածը, սակայն Գրիգորի ծնողները վստահ են, որ այն չի համապատասխանում իրականությանը. նրանք այլ փաստեր են մատնանշում: Եզրակացության մեջ գրված չէ, որ Գրիգորի վիզը կոտրված է եղել, թեւերի վրա զինվորական գոտիով կապված լինելու հետքեր են եղել: Դիակի մոտ` ձյան վրա, արյան հետքեր են եղել, բայց այդպես էլ չեն պարզել, թե դրանք որտեղից հայտնվեցին կախված դիակի մոտ, ում արյան հետքերն են:
Բժիշկը դիահերձման ժամանակ ասել է, որ նրան սպանել, հետո են միայն կախել: Ծառի ճյուղը, որից կախված են գտել Գրիգորին, շատ բարակ էր եւ չէր կարող 1 մ 80 սմ հասակ եւ 80 կգ քաշ ունեցող երիտասարդին պահել: Ավելին, երբ հայտնաբերել են կախված դիակը, ոտքերը գետնին են հասած եղել, ինչը նշանակում է, որ կախվելով չէր կարող խեղդվել կամ մահանալ:
«Բա կախվող մարդու աչքերը բաց են մնո՞ւմ, կախվող մարդուց արյուն է գնո՞ւմ, գետնի վրա կանգնած է երեխեն: Կողքը, բացի իրա զինվորական գլխարկից, ուրիշ գլխարկ է եղել դրված: Բա մի հատ քննիչ ես դու, բա չասի՞ր` էդ ո՞ւմ գլխարկն է, ի՞նչ արյուն է, էդ ո՞նց է սենց ըլնում»,- հարցնում է Գրիգորի մայրը:
Դավիթ Մուրադյանն իր հետաքննությունն է արել եւ վստահ է, որ որդուն իր մարտական ընկերոջ տնից զորամասի «Նիվա»-ով են վերցրել, հնարավոր է` մեքենայում եղել են նաեւ Գեւորգ Մուսայելյանն ու Արմեն Տոնոյանը: Դ. Մուրադյանը համոզված է, որ իր մարտական ընկերն էլ, ում տանը եղել է որդին, ինչ-որ բաներ թաքցնում է. որդին ոչ թե իրենց տնից առավոտյան 8-ին է դուրս եկել, այլ 5-ի կողմերն են նրան տարել: «Եթե ինքը խոսա այնտեղ, նա ընտանիքով այլեւս այնտեղ չի լինի, ու չեն էլ կարա գտնեն, թե ով ինչ արեց: Ես լավ գիտեմ, թե այնտեղ ինչ է տիրում»,- ասում է հայրը:
Հարեւան գյուղի հովիվը դեռ առավոտյան` ժամը 6-ին, հեռվից նշմարել է Գրիգորի կախված դիակը, բայց լույսը բացվելուց հետո է հասկացել, որ կախվածը մարդ է: Որդու մարմնում ալկոհոլ եւ սնունդ է հայտնաբերվել, որը նա ընդունել է մահվանից մի քանի ժամ առաջ: Իսկ մարտական ընկերոջ տանը նա ալկոհոլ չի խմել: Դեպքի վայրում հայտնաբերված քաղաքացիական գլխարկի առկայությունն այդպես էլ ոչ նախաքննական մարմինն է փորձել պարզել, ոչ էլ դատարանն է հաշվի առել:
Գրիգորի ծնողները եւս ասում են, որ Մուսայելյանը որդուն չէր կարող միայնակ սպանել, քանի որ ոչ հասակը, ոչ էլ «թափը կհերիքեր իրենց հաղթանդամ որդուն խեղդամահ անել, բայց եթե չի ուզում ճիշտն ասել, թող դատվի»:
Ինքնասպանություն, բայց 8 տարի ազատազրկում
Գրիգոր Մուրադյանի գործով ձերբակալվել են վաշտի հրամանատար Գեւորգ Մուսայելյանը եւ շարքային Արմեն Տոնոյանը: Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը, նախագահությամբ դատավոր Վ. Մելիքյանի, անցյալ տարվա հուլիսի 16-ի դատավճռով Արմեն Տոնոյանին մեղավոր է ճանաչել 375-րդ հոդվածի երկրորդ մասով եւ դատապարտել ազատազրկման 4 տարի ժամկետով:
Գեւորգ Մուսայելյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 365-րդ հոդվածի առաջին մասով (Մարտական հերթապահություն կամ մարտական ծառայություն կրելու կանոնները խախտելը), 235-րդ հոդվածի առաջին մասով (Ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը) եւ 375-րդ հոդվածի երկրորդ մասով (Իշխանությունը չարաշահելը, իշխանազանցությունը կամ իշխանության անգործությունը, որոնք անզգուշությամբ ծանր հետեւանքներ են առաջացրել) եւ դատապարտվել 8 տարի ազատազրկման:
Առաջին հոդվածը հիմնավորվել է նրանով, որ Գեւորգ Մուսայելյանը զորամասի տարածքում իրենց հատկացված սպայական կացարանում ապօրինի զինամթերք է պահել: Իսկ երկրորդ հոդվածը հիմնավորվել է նրանով, որ նոյեմբերի 2-ին, լինելով մարտական հերթապահության մեջ, զորամասի հենակետում իր ծննդյան օրվա կապակցությամբ կազմակերպել է խնջույք, որի ընթացքում օգտագործել է ալկոհոլային խմիչք, հաստոցավոր ավտոմատ-նռնականետից (ՀԱՆ-17) 4-5 կրակոց է արձակել հակառակորդի ուղղությամբ` վտանգի ենթարկելով ազգային անվտանգությունը:
Գեւորգ Մուսայելյանն իրեն մասնակի է մեղավոր ճանաչել այն բանի համար, որ իր գտած զենք-զինամթերքն ավելի վաղ չի հանձնել եւ որ հենակետում մեկ կրակոց է արձակել դեպի չեզոք գոտի, բայց այդ կրակոցը որեւէ հետեւանք չի առաջացրել, ոչ մի վնաս չի պատճառել, անգամ նման սպառնալիք չկար:
Գ. Մուսայելյանի փաստաբան Անահիտ Սաղաթելյանը վերաքննիչ բողոքում նշել է, որ զորամասի վերակարգի զինամթերքի ստացման-հանձնման մատյանների պատճենների հետազոտությամբ պարզվել է, որ դեկտեմբերի 5-ին Գրիգորին ամրակցված սվին-դանակը հաջորդ օրը հանձնվել է առանց վնասվածքի, ինչը ժխտում է նախաքննական մարմնի վարկածը:
Գեւորգ Մուսայելյանը ազատամարտիկ Վիկտոր Մուսայելյանի որդին է: Ծնողազուրկ է, ունի միայն մեկ քույր: Գեւորգը վստահեցնում է, որ ինքը միշտ լավ է վերաբերվել Գրիգորին, ինչը վկայում են նաեւ նրա նամակներն ու զանգերը տնեցիներին: Սակայն ինքն է եղել ամենահարմար թեկնածուն, դրա համար իր «գլխին են սարքել», իսկ ով տեր է ունեցել, կարողացել է գլուխը պրծացնել: Երբ հայտնաբերել է, որ Գրիգորը բացակա է, վերոնշյալ «Նիվա»-ով գնացել են նրան փնտրելու, բայց չեն գտել:
Գեւորգն իրեն մեղավոր չի ճանաչել 375 հոդվածի երկրորդ մասով` իր ցուցմունքում նշելով, որ ինքը երբեւէ Մուրադյանին չի հալածել, չի սպառնացել, նրանից ոչ սվին-դանակ է պահանջել, ոչ էլ գումար: Փաստաբան Ա. Սաղաթելյանը պնդում է, որ Գրիգորի մահը ոչ թե ինքնասպանության, այլ բռնության հետեւանք է, ինչի հիմքով նա վերաքննիչ դատարանում միջնորդեց դատակոչել վկաներին եւ հարցաքննել նրանց, արտաշիրիմում կատարել եւ պարզել, թե ինչու քննություն չի կատարվել քաղաքացիական գլխարկի վերաբերյալ, չի պարզվել, թե ինչ պայմաններում եւ ում հետ է ալկոհոլ ընդունել Գրիգորը, ում է պատկանում դատարանում հետազոտված, դեպքի վայրից հայտնաբերված կոշիկի շականակագույն քուղը, երբ Մուրադյանի ոտքին եղած զինվորական կոշիկները եւ քուղերը սեւ գույնի են եղել:
Հանգուցյալի գրպանում հայտնաբերված եւ ռազմական ոստիկանության կողմից նախաքննական մարմինին տրամադրված գրությունը չի հետազոտվել եւ քրեական գործին չի կցվել, ինչը կարող էր էական դերակատարություն ունենալ գործի անաչառ քննության համար:
Նախորդ տարվա աշնանից սկսվել է Գեւորգ Մուսայելյանի վերաքննիչ բողոքի քննությունը, սակայն դատավորները ավելի շուտ ուզում են ավարտել դատը, քան պարզել, թե ինչ է իրականում կատարվել: Դատարանը մերժում է փաստաբան Սաղաթելյանի միջնորդությունները` չնայած փաստաբանը նշում է, որ վերաքննիչի նյութերում առաջին ատյանի դատարանի գնդիկավոր գրիչով արված նիստի արձանագրությունները չեն կցված, այլ համակարգչային եղանակով հավաքած նոր արձանագրություններ են, որոնք չեն համապատասխանում ստորադաս ատյանի դատական նիստերի իրական բովանդակությանը: Չեն համապատասխանում նաև վկաների ցուցմունքները, որոնք առաջին ատյանում հօգուտ Մուսայելյանի են ցուցմունք տվել` նշելով, որ նախաքննության ընթացքում իրենք ցուցմունք են գրել քննիչի թելադրանքով:
Դատաքննությունն անցել է ճառերի փուլ, իսկ Գեւորգ Մուսայելյանն արդեն 4-րդ օրն է` հաց չի կերել ու ջուր չի խմել եւ հրաժարվում է ներկայանալ դատական նիստերին:
Փաստաբան Սաղաթելյանն ասում է, որ այդպիսով իր բողոքն է արտահայտում ընդդեմ դատավորների ապօրինությունների: Գ. Մուսայելյանը նամակով դիմել է արդարադատության նախարար Հրայր Թովմասյանին` պահանջելով արդար դատաքննություն եւ նշելով, որ վերաքննիչ դատարանը մերժել է պաշտպանական կողմի պահանջը` պահանջել առաջին ատյանում կատարված իսկական արձանագրությունները եւ իրականացնել գործի հրապարակային քննություն:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել