
Բուլղարական բեռնափոխադրող «Ասիա Կարգո» ընկերությունը դեռևս չի կարողացել ստանալ իր գումարները հայկական «JIT Express» ընկերությունից, որի տնօրենը փաստաբան Օվսաննա Ստեփանյանն է: Հիշեցնենք, որ անցյալ տարվա ամռանը «Ասիա Կարգո» ընկերությունը հայկական «JIT Express» ընկերությունից Գերմանիայից եւ Ավստրիայից 10 մեքենա ապրանք փոխադրելու պատվեր է ստացել:
Պատվերը նախատեսված է եղել ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանի «Նատալի Ֆարմ» ընկերության համար: Սակայն «JIT Express»-ը
չէր վճարել պատվերի ողջ արժեքի մի մասը` 30 850 եվրոն` պատճառաբանելով, որ բեռները վնասված են եղել: Մինչդեռ բեռնագրերում բեռների վնասված լինելու մասին որևէ նշում չի եղել:
Կանիո Պիրոնկովը, այլեւս որեւէ ելք չունենալով, կանգնեցրել էր Օվսաննա Ստեփանյանի` Իտալիայից բեռնափոխադրման մեկ այլ պատվեր, որի մասին պատահաբար է իմացել, երբ գործընկերն իր միջոցով է իրականացրել այն: Օվսաննան այս ամենում ներքաշել էր նաև ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությանը: Արտաքին կապերի և ծրագրերի վարչության պետի տեղակալ Արթուր Սարգսյանը զանգահարել էր Կանիոյին և զգուշացրել, որ անպայման բեռներն ուղարկի, ուրիշի բեռը պահելու իրավունք չունի: Սակայն Կանիոն ասում է, որ իր գումարները չվճարելու իրավունք Օվսաննան ևս չունի:
Ի վերջո, Օվսաննա Ստեփանյանը 2010-ի դեկտեմբերին վճարել է սկզբից 14 600, այնուհետև նաև 3400 եվրոն, մնացել է 12 850 եվրո: Այդ գումարի համար նա երաշխավորող նամակ է ուղարկել, որ կվճարի նաև մնացած պարտքը: Կանիոն համաձայնել է փոխադրել բեռը: Միաժամանակ Օվսաննա Ստեփանյանը երաշխավորել է, որ 2850 եվրոն կվճարի վարորդին` նրա Երևան ժամանելուն պես, մնացած 10 000 հազար եվրոն մինչև հունվարի վերջ այն դեպքում, եթե անվնաս ստանան բեռը մինչև հունվարի 10-ը:
Արդեն 5 օր է`բեռնափոխադրող մեքենան կանգնած է Երևանի մաքսատանը, սպասում է, որ պատվիրատու ընկերությունը ստանա բեռը, սակայն «JIT Express» ընկերության տնօրեն Օվսաննա Ստեփանյանը չի գնում և չի վճարում խոստացված նախնական գումարը: Բուլղարացի վարորդ Գեորգին առողջական խնդիրներ ունի, տառապում է հոդատապով (պոդագրա): Նրա դեղերը վերջացել են, իսկ խոստացված գումարը դեռ չի ստացել և չի կարողանում դեղ գնել:
Օվսաննա Ստեփանյանի հետ երեկ կարողացանք կապ հաստատել: Ասաց, որ քաղաքում չէ, Վանաձորում է, զբաղված է և հարմար չէ խոսել, երբ ավարտի` ինքը կզանգի: Այդպես էլ չզանգեց: Այսօրվա մեր փորձերը կրկին կապ հաստատել նրա հետ նույնպես զուր անցան, հեռախոսազանգերին չի պատասխանում:
Փորձեցինք պարզաբանումներ ստանալ «JIT Express»-ին բեռների փոխադրում պատվիրող «Պրոֆպրոեկտ» ընկերությունից, ում բեռը այս պահին մաքսատանն է: Տնօրեն Արման Կարապետյանը տեղեկացրեց, որ իրենք բեռների նախնական զննում կատարել են, որևէ վնասվածք չեն հայտնաբերվել: Այս պահին ընթանում են մաքսազերծման գործընթացները և մոտ օրերս բեռները կընդունեն: «Դա մաքսային կոմիտեից է կախված, գործընթացների մեջ է, երկուշաբթի ամենաուշը կավարտվի»,- ասաց տնօերնը:
Իսկ թե ինչու Օվսաննա Ստեփանյանը չի պատասխանում կամ չի կատարում խոստացած վճարումները, դրա հետ «Պրոֆպրոեկտը» կապ չունի: Արման Կարապետյանը տեղեկացրեց, որ ինքը դեռ մի քանի ամիս առաջ վճարել է «JIT Express»-ին իր պատվերի համար. «Իմ բեռները ուշացել են, բանակցությունների մեջ ենք եղել, եվրոյի կուրսի հետ խնդիրներ ունեցա, չհաշված այդ ամենը ես զուտ մարդկային առումով բոլոր վճարումները կատարել եմ»:
Արման Կարապետյանը նշեց, որ կապված եվրոյի օրեցօր բարձրացման հետ իրենց ընկերությունն արդեն տուժել է, և շատ զղջում է, որ գործարք է կնքել «JIT Expess»-ի հետ: Արման Կարապետյանն ասում է, որ պատասխանատվության է ենթարկելու «JIT Expess»-ին` կապված իր պատվիրատուի պահանջների հետ:
«Իմ պրոբլեմը շատ ավելի մեծ է քան վարորդի կամ Կանիոյի կամ իրենց 12 հազար եվրոյի պրոբլեմը, որովհետև ես 120 հազար եվրո արժողությամբ ապրանք եմ պատվիրել, որը որ չեմ կարող պատվիրատուին հասցնել»,- ասաց «Պրոֆպրոեկտի» տնօրենը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել