HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Երաժշտական գործիքներն ու տարազները ևս թույլ չեն տվել հասցնել Ախալցխա

Դեկտեմբերի 24-ին Սփյուռքի նախարարության կողմից Ախալցխայի հայկական երիտասարդական կենտրոնին հատկացված երաժշտական գործիքներն ու տարազները հայ-վրացական սահմանի վրացական անցակետում թույլ չեն տվել անցկացնել: Երիտասարդական կենտրոնի ներկայացուցիչները եկել են Երևան, Սփյուռքի նախարարությունից ստացել մոտ 30 երաժշտական գործիք և երգի-պարի համույթի 20 տարազ: Երիտասարդական կենտրոնի ներկայացուցիչները փորձել են տարբեր բանակցությունների միջոցով հարցը կարգավորել, սակայն ապարդյուն: Վերջապես սահմանի ծառայողներն ասել են, որ պետք է մաքզսազերծել ապրանքը, կամ ՀՀ սփյուռքի նախարարությունը պետք է դիմի Վրաստանի մշակույթի նախարարությանը և այնուհետև համապատասխան փաստաթղթերով դիմեն Վրաստանի մաքսային ծառայությանը: ՀՀ սփյուռքի նախարարության ԱՊՀ հայ համայնքների վարչության պետ Անդրանիկ Արշակյանը «Հետքի» հետ զրույցում ասաց, որ ընդամենը փաստաթղթային ձևակերպման խնդիր է եղել. «Մաքսային որոշակի պահանջներ ու ընթացակարգ կա, որ պետք է պահպանել ընդամենը, ուրիշ բան չկա»,- ասաց Ա.Արշակյանը: Հարցին, թե ինչու չեն պահպանվել այդ կանոնները կամ չեն ձևակերպվել ուղարկվելիք գործիքներն ու տարազները նախքան ուղարկելը, պատասխանեց, որ նախկինում նման առիթ կամ նախադեպ չի եղել, և այդ ընթացակարգին ծանոթ չեն եղել, հիմա արդեն իմացել են, և ֆորմալ ձևակերպումներն արդեն ընթացքի մեջ են. «Դա ուրիշ հարց է` ձևակերպվել է կամ թե ինչու չի ձևակերպվել, կամ ուշացել է, բայց իրենց մոտեցումը շատ ֆորմալ էր»: Թե երբ կարվեն այդ ձևակերպումները և տարազները երբ կհասնեն Ախալցխայի երիտասարդական կենտրոն, Ա. Արշակյանը դժվարացավ հստակ ասել` «գուցե տոներից հետո, գուցե և առաջ»: Այժմ երաժշտական գործիքներն ու տարազները գտնվում են հայկական մաքսակետում: Նշենք, որ դեկտեմբերի 26-ին նախատեսված էր ամանորյա համերգ` նվիրված Ախալցխայի Հայկական երիտասարդական կրթամշակութային կենտրոնի 4-ամյակին: Եվ կենտրոնի սաները սպասում էին ուղարկված տարազներին` իրենց պարերի բեմադրության համար: Լուսանկարում` երիտասարդական կենտրոնն ու սաները: Լուսանկարը` www.akhaltskha.net-ի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter