HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Քրիստինե Աղալարյան

Ամանորի նախաշեմին կարող են անտուն մնալ

Արագածավանում վարկային պատմությունները բազմաթիվ են Աղյուսակը ՀՀ արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության կայքում տեղադրված աճուրդի հայտարարություններից մեկն է, որը վերաբերում է Արագածոտնի մարզի Արագածավան համայնքին: Տունը գտնվում է Երկաթուղայինների փողոցում, մեկ հարկանի շինություն է` մոտ 50 քմ տարածքով: Գրանցված է հինգ անձ: Գրավի առարկա է: Նմանատիպ եւս երեք տուն աճուրդի է հանված ԴԱՀԿ-ի կայքում, գրավադրված եւ աճուրդի են հանված նաեւ պտղատու այգիներ եւ վարելահողեր: Պատճառը հիմնականում գյուղատնտեսական վարկերն են, որոնք այս օրերին արագածավանցի մի քանի ընտանիքների անտուն մնալու փաստի առաջ են կանգնեցրել: Սակայն վերեւում նշված դեպքերը Արագածավան համայնքում վարկային ամբողջ պատկերը չեն ամբողջացնում: Արագածավանցիների 70%-ը վարկեր ունի: Արագածավանի համայնքապետարանի գլխավոր հաշվապահ Մանուկ Խոեցյանն ասում է, որ մնացած 30%-ն էլ վարկ չի վերցրել գրավի առարկա չունենալու պատճառով: Գյուղատնտեսության առումով Արագածավանը համարվում է ռիսկային համայնք: Մանուկ Խոեցյանն ասում է, որ 7-8 տարին մեկ է պատահում, որ գյուղը կարկտից ու քամուց վնասներ չկրի: Գյուղացիները վարկը վերցնում են հիմնականում թունաքիմիկատներ, պարարտանյութ, դիզելային վառելանյութ ձեռք բերելու համար: Մարդիկ հույսով տարբեր վարկային կազմակերպություններից ու բանկերից վարկեր են վերցնում, հող են մշակում, բայց արդեն մի քանի տարի է` հողից եկամուտ չեն ստանում, կարկուտն ամբողջությամբ բերքը ոչնչացնում է: Այժմ վարկառուների շուրջ 35 տոկոսը գրավ դրված գույքը կորցնելու վտանգի առաջ է կանգնած, քանի որ վարկի գումարներն ու տոկոսադրույքը չեն կարողանում փակել: Գրավ են դրված գրեթե բոլոր վարկառու գյուղացիների տները: Մի քանի օր առաջ հարկադիր կատարողները հերթական անգամ այցելել են գյուղ, նրանց ձեռքին եղել են 7-8 գյուղացու անձնագրային տվյալները եւ հետաքրքրվել են, թե որտեղ են գտնվում նրանց տները: Չկարողանալով վճարել վարկերը եւ հայտնվելով ծանր կացության մեջ` գյուղացիների 35%-ը սկսել է չմշակել հողերը: Բանկը գյուղացիներին վերավաճառում է նրանց տները Արագածավանցիները տարակուսում էին` պատմե՞ն իրենց վարկային պատմությունը, թե՞ ոչ, կամ եթե պատմեն, ի՞նչը կփոխվի: Ասում էին, որ «Արմենիա» հեռուստաընկերության նկարահանող խմբին պատմել էին կարկտի ու իրենց կրած վնասների մասին, ի՞նչ արդյունք եղավ, ոչ մի: Այդպես էլ վնասները չփոխհատուցվեցին: Գյուղացիների հիշողության մեջ մնացին կարկուտը եւ այդ ռեպորտաժի համար գյուղացիներից հավաքած 50.000 դրամ գումարը: «Ընկել տուն առ տուն 1000 դրամ հավաքել ենք, որ իրանց փողը տանք, ճամփու դնենք»,- հիշում է արգածավանցիներից մեկը: Այդուհանդերձ, արագածավանցի Ս.Պ.-ն պատմեց, բայց չցանկացավ, որ իր անունը հրապարակենք. «Ամոթ է, հարեւանները կարդան ի՞նչ կասեն»: Ս. Պ.-ը 2008 թ. «ՎՏԲ-Հայաստան» բանկի Թալինի մասնաճյուղից 1 մլն 400 հազար դրամ վարկ է վերցրել: Այդ գումարով անասուններ է գնել եւ 10 հա հողում վար ու ցանք արել: 2 տարի բերքի հասունացման շրջանում գյուղում ուժեղ կարկուտ է եղել ու ոչնչացրել ամբողջ բերքը: «Վարկ վերցրածս տարում 1 հա ձմերուկ ցանեցի: Հողի վրա մոտ 500 հազար դրամի ծախս եմ արել: Արդեն բերքը քաղելու ժամանակն էր, կարկուտն եկավ, ամբողջը ոչնչացրեց»,- պատմում է Ս.Պ.-ն: Նրա դուստրը ցույց է տալիս այս տարվա խնձորի բերքը` ամբողջությամբ կարկտահարված: Քանի որ բնությունը վնասներ է հասցրել, մի քանի գյուղացիներ հավաքվել, գնացել են «ՎՏԲ-Հայաստան» բանկի կենտրոնական գրասենյակ, որպեսզի ներկայացնեն իրավիճակը: Բանկի աշխատակից Արայիկ Վարդանյանը նրանց ասել է, թե բողոքելն անիմաստ է, քանի որ որեւէ զիջում չի լինելու: Բոլոր անասունները Ս.Պ.-ն մորթել է ու վաճառքից ստացած 530 հազար դրամը վճարել բանկին, դրանից հետո այլեւս չի կարողացել վարկը մարել: Քանի որ վարկի տոկոսների մարումն արդեն ժամկետանց է եղել, բանկը դիմել է դատարան: Ս.Պ.-ն տեղեկացված է եղել դատավարության օրվա եւ ժամի մասին, սակայն 5 րոպե ուշացել է, իսկ երբ հասել է, դատական նիստն ավարտված է եղել: Դատարանից ոչ մի փաստաթուղթ նա չունի, չգիտի էլ, թե դատարանն իր դեմ կոնկրետ ինչ վճիռ է կայացրել: Միայն օրեր անց բանկից տեղեկացրել են, որ տունն արդեն պատկանում է բանկին: Բանկը Ս.Պ.-ի 93.33 քմ տունը, 0.13 հա տնամերձ հողը, 45.14 քմ թոնրատունը, ինչպես նաեւ 10 քմ օժանդակ կառույցը գնահատել է 2.6 մլն դրամ: Մինչդեռ Ս.-ն ասում է, որ գյուղում տունը վաճառվում է մոտ 5 մլն դրամով: Բանկի Թալինի մասնաճյուղի կառավարիչը տեղեկացրել է, որ երբ բանկը տունը գրանցել է իր անվամբ, համայնքապետարանին վճարել է Ս.Պ.-ի բոլոր հարկերն ու պարտքերը, իրավունք ունի տունը վաճառել: Նրա եղբայրն էլ է նույն բանկից վարկ վերցրել` 1.5 մլն դրամ: «Ինձ խաբին` ասին, թե բանկը գյուղապետարանին որպես հարկային պարտավորություն 270 հազար դրամ փող է տվել, այդքան էլ վճարել է իբր եղբորս համար: Եկա գյուղապետարան, գյուղապետն էլ զարմացավ, որ նման բան եղել է: Աշխատողներն էլ ասացին, որ բանկն իմ անունով որեւէ գումար չի մուտքագրել: Ես հողի պարտք չեմ էլ ունեցել: Գյուղապետն ինձ տեղեկանք տվեց, որ ոչ մի պարտք չունեմ: Այդ տեղեկանքով գնացել եմ Թալին, հետո գնացել եմ Երեւան: Արայիկ Վարդանյանն ինձ ասաց, թե իրար լավ չենք հասկացել, ինքը ժամկետանցի գումարն է հաշվել: Ինչ կարգի ասես, որ չֆռացրին»,- պատմում է Ս.Պ.-ն: Մեկ ուրիշ օր, երբ Ս.Պ.-ն Երեւանում է եղել, զանգել տեղեկացրել են, որ բանկի աշխատողները եկել են իրենց տուն ու դարպասի վրա ներկով գրում են, որ տունը վաճառվում է: «ՎՏԲ» բանկի Թալինի մասնաճյուղի աշխատակիցներն ավելի բարեհոգի են գտնվել, Ս. Պ.-ին հեռախոսով ասել են, որ դարպասի վրա կգրեն, որ տունը վաճառվում է, ֆոտոխցիկով կնկարեն, որպես իրենց կատարած գործի ապացույց կուղարկեն բանկի երեւանյան մասնաճյուղ, դրանից հետո գրածն իրենց ձեռքով կջնջեն: Այդպես էլ արել են: Վերջերս իր ու եղբոր համար Ս. Պ.-ն բանկին վճարել է 1 մլն 370 հազար դրամ, որպեսզի ազատվեն ժամկետանց պարտավորության համար ամեն օր կուտակվող 0.2 տոկոս տույժից: Դրանից հետո տունը նորից դարձրել է իր անունով: «30.000 դրամ Երեւանի նոտարին եմ տվել, 30.000 դրամ Թալինի կադաստրին, որ տունը փոխեմ իմ անունով, դրանք տալու փոխարեն վարկս կմարեի»,- ասում է Ս.Պ.-ն: Նա պատմեց, որ ցանկացել է իր վարկն ամբողջությամբ փակել, հետո այլ բանկից վարկ վերցնել ու եղբոր վարկն էլ փակել, սակայն «ՎՏԲ» բանկը թույլ չի տվել: Ասել են` կես-կես մուծի: Բանկի աշխատակիցներն անընդհատ վախեցրել են ընտանիքին, թե ցանկացած պահի կարող են նրանց տնից դուրս հանել: Օգոստոսին որպես ճնշման միջոց բանկը դիմել է «Հայաստանի էլեկտրացանցեր» ընկերությանը, որպեսզի անջատեն Ս.Պ.-ի տան էլեկտրամատակարարումը: Այստեղ էլ էլեկտրիկներն են օգնել ընտանիքին` փոխելով նրանց հաշվիչն ու աբոնենտային կոդը, որպեսզի լույսը չանջատեն: Ս.Պ.-ն բանկից վերցրել է 1 մլն 400 հազար դրամ վարկ եւ վերջնական հաշվարկով պետք է բանկին վերադարձնի 2 մլն 200 հազար դրամ: Վարկի դրույքաչափը տարեկան 20 տոկոս է: Ս.Պ.-ն բանկին դեռ պետք է վերադարձնի 1 մլն դրամ: Նրան ասել են, որ այդ 1 մլն-ի վրա տոկոսներ չեն հաշվարկվում, եւ այդ գումարը պետք է մարի 1.5 տարվա ընթացքում: Այս ամենն ասել են բանավոր, գրավոր որեւէ փաստաթուղթ չեն տվել: «Դե արի այս պետության վրա հույս դիր»,- ասում է Ս.Պ.-ն եւ նշում, որ վարկերից ազատվելու տարբերակ չկա. եղբոր հետ ստիպված հունվարին մեկնում է Ռուսաստան` արտագնա աշխատանքի: Ընկել են դռնեդուռ, որ Նոր տարին գոնե չհարամվի Արթուր Հովհաննիսյանի բազմանդամ ընտանիքին նույնպես սպառնում է փողոցում հայտնվելու վտանգը: Երբ այցելեցինք Հովհաննիսյաններին, ընտանիքը հավաքված էր սենյակի մեջտեղում դրված փայտի վառարանի շուրջը, բայց աթար էին վառում: Սենյակում հին բազմոց, սեղան ու մի քանի աթոռ կար. ճոխության կամ շքեղության ոչ մի նշույլ: Ընտանիքում ապրում են ամուսինները, հայրը, 3 երեխաներն ու հարսը: Արթուր Հովհաննիսյանը եւս չէր ուզում բարձրաձայնել իրենց խնդիրները, բայց հետո անկեղծացավ: Նա ցանկացել է «ՎՏԲ-Հայաստան» բանկից վարկ վերցնել կնոջ` Սոնա Գասպարյանի անունով, սակայն երբ արդեն փաստաթղթերը պատրաստ են եղել, մտափոխվել են: Բայց քանի որ փաստաթղթերը պատրաստ են եղել, համագյուղացի Շիրալի Ռզայի Ղազոյանը խնդրել է իր համար ձեւակերպել այդ վարկը եւ իրեն տալ: Արթուրը չի մերժել համագյուղացուն. 2008 թ. Ս. Գասպարյանի անունով «ՎՏԲ» բանկից վերցրել են 1 մլն 500 հազար դրամ վարկ եւ ամբողջությամբ տվել Շիրալիին: Որպես գրավ դրել են Արթուրի տունը: Բանկը տունը գնահատել է 2 մլն 800 հազար դրամ: Շիրալին մշտապես տեղեկացրել է, որ մուծումները պարտաճանաչ անում է, մնացել է ընդամենը 300 հազար դրամ, սակայն հետո պարզվել է, որ ընդամենը 100 հազար դրամ է մարվել: Շիրալին վարկի գումարով մի քանի անասուն է գնել, եւ մի օր էլ իմացել են, որ նա ընտանիքը թողել ու երկրից հեռացել է: Մինչ Շիրալիի անհետանալը` 2009 թ. դեկտեմբերը, ուշացրած ժամկետների եւ վճարում չկատարելու մասին բանկից որեւէ գրություն Արթուրը չի ստացել: Նրա անհետանալուց հետո է միայն բանկը տեղեկացրել այդ մասին: Արթուրն ասում է, որ դա էլ է մտածված, Շիրալին կարողացել է այնպես անել, որ գյուղում գտնվելու ժամանակ բանկը տեղյակ չպահի ուշացումների մասին: Այս տարվա մարտին մի օր էլ բանկի աշխատակիցը տեղեկացրել է, որ տունն արդեն պատկանում է «ՎՏԲ-Հայաստան» բանկին, եւ Արթուր Հովհաննիսյանին ժամանակ է տրվել մինչեւ դեկտեմբերի 20-ը գոնե 700.000 դրամ վճարելու: Գործին միջամտել են նաեւ ոստիկանները, նրանք էլ ասել են, որ գալու են ընտանիքին դուրս հանեն տնից եւ դռները կապարակնքեն: Հովհաննիսյանների ընտանիքին էլ «ՎՏԲ» բանկի կառավարիչն ասել է, թե իբր համայնքապետարանում փակել է Արթուրի ունեցած հարկ ու տուրքերի պարտքը, եւ այդ ամենով հանդերձ` վարկի գումարը հասել է 2 մլն 900 հազար դրամի: Արթուրն ասում է, որ իրենց տուն ԴԱՀԿ աշխատակիցները չեն եկել, իրենց միշտ ոստիկաններն են անհանգստացրել, իրենք էլ չեն մասնակցել բանկի` Հովհաննիսյանների դեմ դատական հայցի քննմանը: Մինչ օրս դատարանի վճիռն էլ չեն ստացել: «Մի քանի օր առաջ ոստիկանության մեր տեսուչը` Շանթ Կարապետյանը, ինձ ասում է. «Ինչի՞ ես իմ երեխու հացը կտրում, քո երեսից ինձ գործից հանում են»: Ասում է` բեր վարկը փակի, հակառակ դեպքում կգամ տունը «կպլոմբեմ»: Գժվել ենք արդեն, ոչ քուն ունենք, ոչ դադար: Մեր երեխեքն էլ մեզ հետ են տանջվում,- պատմում է Ա. Հովհաննիսյանը:- 50 տարեկան մարդ եմ, ոստիկանության հետ երբեք գործ չեմ ունեցել, բայց հիմա գալիս իմ դուռը կանգնում են: Ընկել ենք այս ու այն կողմ, որ գոնե մի 1000 դոլար ճարենք, որ Նոր տարին հարամ չանեն, մինչեւ տեսնենք` ինչ է լինելու»: Ոստիկանության Թալինի բաժանմունքի Արագածավանի թաղային տեսուչ Շանթ Կարապետյանը «Հետքի» հետ զրույցում տեղեկացրեց, որ համայնքում 4 ընտանիք կար, որ կանգնած էր տնից զրկվելու վտանգի առաջ, սակայն այս պահին միայն Սոնա Գասպարյանն է (Հովհաննիսյանները) մնացել, մյուսները լուծել են իրենց հարցերը բանկի հետ: «Ինչո՞ւ է ոստիկանության տեսուչը ԴԱՀԿ-ի աշխատակիցների փոխարեն զբաղվում գյուղացիներին տներից վտարման գործերով» հարցին Շանթ Կարապետյանը պատասխանեց, որ ԴԱՀԿ-ից եւ բանկից իրենց գրություններ են ուղարկում այդ կապակցությամբ: «Կոնկրետ «ՎՏԲ» բանկը գրություն է մեզ ուղարկել, գոյություն ունի Կառավարության որոշում, դրա համաձայն էլ մենք իրավունք ունենք անձին տնից վտարելու»,- ասաց տեսուչը: Սոնա Գասպարյանի ընտանիքին ողջամիտ ժամկետներ են տվել` մինչեւ սեպտեմբեր, բայց այդ ժամկետն արդեն սպառվել է: Տեսուչը տեղեկացրեց, որ նրանց մինչեւ այս շաբաթվա վերջ նորից ժամանակ են տվել, եթե մուծումներ չկատարեն, ստիպված պիտի վտարեն: Արթուր Հովհաննիսյանը համոզված է, որ Շիրալին «ՎՏԲ-Հայաստան» բանկի նախկին կառավարչի հետ կեղծ գործարքներ է արել եւ գումարներ ստացել` վարկառուներից որպես մաղարիչ վերցնելով 50-100 հազար դրամ: Արթուրն ասում է, որ Շիրալին տարբեր մարդկանց է այդ եղանակով խաբել, անցյալ տարի Վարդենիսում նրան իրավապահները ձերբակալել են հերթական կեղծ գործարքն անելու համար, սակայն մոտ 20 օր է մնացել անազատության մեջ, իսկ հետո հեռացել է երկրից: Անհասկանալի է նաեւ այն հանգամանքը, թե ինչպես է գրավադրվել Հովհաննիսյանների տունը, եթե այն Արթուրի հոր անունով է եղել, եւ ավագ Հովհաննիսյանն իր գրավոր համաձայնությունը չի տվել, որ տունը գրավ դնեն: Հովհաննիսյանների ընտանիքը դա էլ է Շիրալիի մութ գործերին վերագրում: Արթուրը վաճառքի է հանել իր 4000 դոլար արժողությամբ «Զիլ» մակնիշի բեռնատար ավտոմեքենան: Ասում է` եթե ավտոմեքենան 1000 դոլարով գնող լինի, կվաճառի, միայն թե Նոր տարվա նախաշեմին իրենց տնից չհանեն: Բարեկամի պատճառով կարող է անտուն մնալ Արագածավանցի Ռիմա տատի սիրտը չի դիմացել, վատացել է, երբ իմացել է, որ իրենց տնից հանում են: Նրա որդին` Արմեն Խաչատրյանը, եւս տուժել է բարեկամի (Արմենի քրոջ ամուսնու` փեսայի) պատճառով: Ցանկացած պահի փողոցում կարող է հայտնվել 5 հոգանոց ընտանիքը` երիտասարդ ամուսինները, Արմենի մայրն ու 2 անչափահաս երեխաները: «Եկան վախեցրին, ես էլ վատացա, դարպասի վրա հայերեն ու ռուսերեն տառերով գրել էին, որ տունը վաճառվում է: Որ վատացա, տղուս ասեցին` մենք կգրենք, որ տունը վաճառվում է, հենց գնանք` կջնջեք»,- պատմում էր Արմենի մայրը: Արագածավանում ուրիշի անունով վարկ վերցնելը հազվադեպ երեւույթ չէ: Գյուղացիներից շատերը մի քանի բանկերից են վարկ վերցրել ու արդեն գրավ դնելու գույք չունեն, ստիպված դիմում են այն համագյուղացիների օգնությանը, ովքեր գրավի առարկա ունեն, ասենք` տուն կամ հողամաս: 2008 թ. Արմենը վարկը վերցրել ու տվել է բարեկամին, ով վարկը պետք է ներդներ խանութի բիզնեսի մեջ: Հետո լուրջ ֆինանսական դժվարություններ է ունեցել եւ հեռացել է Հայաստանից` վարկի գումարը` 1 մլն 6 հազ. դրամն ամբողջությամբ թողնելով Արմենի վրա: Տույժ-տուգանքների հետ պարտքը հիմա կազմում է 2 մլն 740 հազար դրամ: Բանկից անընդհատ զգուշացնում են, որ ընտանիքը պիտի դուրս գա տնից: «Որ եկան տնից հանեցին, օրենքի դեմ ի՞նչ պիտի անենք»,- ասում է Արմենը: Վերջերս Արմենի փեսան 700 հազար դրամ գումար է բանկին վճարել, որից հետո տան սեփականությունը փոխվել է դարձյալ Արմենի ու նրա մոր անունով: «Տան վկայականը մի 2 օր առաջ եմ վերցրել, բայց դա էլ ոչինչ չի փոխում, որովհետեւ հնարավորություն չունեմ փակելու վարկի գումարը, ում համար էլ վերցրել եմ, ինքն էլ չի փակում, որ դրանից պրծնեմ»,- ասում է Արմենը: Նա ամեն ամիս պետք է մոտ 100 000 դրամ վճարի, որ վերջնականապես փակի վարկը: Արմենը երաժիշտ է, կլառնետ է նվագում, բայց ասում է, որ այդ գումարով հազիվ կարողանում է ընտանիքը պահել, ուր մնաց թե ամսական 100.000 դրամ վարկի գումար փակի: «Գյուղապետարանի աշխատակիցներին ասել ենք, որ զգույշ լինեն» Արագածավանում նախկինում գործել են մի քանի արդյունաբերական ձեռնարկություններ` պեռլիտի գործարանը, երկաթբետոնե կոնստրուկցիաների գործարանը, ոսկրալյուրի գործարանը, գինու կոմբինատը: Այժմ դրանք չեն գործում, եւ բնակիչները սկսել են արտագաղթել: Մարդահամարի վերջին տվյալներով` 7500 բնակիչ է հաշվվում Արագածավանում: Սակայն Արագածավանի համայնքապետարանի գլխավոր հաշվապահ Մանուկ Խոեցյանն ասում է, որ համայնքի բնակչության մոտ 35%-ը ժամանակավոր դուրս է եկել գյուղից, իսկ 10%-ը հիմնական է լքել գյուղը: Այժմ գյուղացիների 25%-ն արտերկրում է: Գյուղում փաստացի ապրում է բնակչության 65%-ը, իսկ նրանց 35%-ը չքավորության մեջ է ապրում: Գյուղը ոռոգման ջրի խնդիր գրեթե չունի, գտնվում է Արաքս գետի հարեւանությամբ, սակայն գյուղացիները հող չեն մշակում նաեւ ոռոգման ջրի թանկ լինելու պատճառով, 1 հա հողը մեկ անգամ ոռոգելու համար գյուղացիները պետք է վճարեն 15.000 դրամ: Մարդիկ դժվարանում են այդքան գումար վճարել, քանի որ հողից ստացած եկամուտը չի ծածկում հողի մշակության համար կատարված ծախսերը: Արագածավանի հողերը 4-րդ կարգի են, բերքատու չեն: Եվ քանի որ գյուղի հողերը վատորակ են, վարձավճարն էլ թանկ չէ` մեկ հա-ի համար` մոտ 7000 դրամ: Խաղողի այգի գյուղում գրեթե չի մնացել, տարիների ընթացքում գյուղացիները քանդել են, այժմ հիմնականում մշակում են ցորեն եւ գարի: Ունեն նաեւ ծիրանի այգիներ, սակայն 2 տարի է` այգիներից եկամուտ չեն ստանում կարկտի ու ցրտահարության պատճառով: «Որպես գյուղապետարանի աշխատակից ամաչում եմ որեւէ մեկի տուն գնամ եւ իր հարկային պարտավորությունների համար հերթական անգամ հիշեցնեմ, որովհետեւ մտնում ես տուն` վառարանը դատարկ է, չի վառվում: Եթե մարդը հնարավորություն ունենար, իր 3-4 տարեկան երեխուն չէր թողնի դատարկ վառարանի կողքին, գոնե փայտ կառներ»,- աում է հաշվապահ Մ. Խոեցյանը: Արագածավանում գյուղացիները վարկեր են վերցնում տարբեր բանկերից: Մի վարկի գումարը փակելու համար վարկ են վերցնում երկրորդ բանկից: Մ. Խոեցյանն ասում է, որ Կառավարությունը պետք է համապատասխան ֆինանսական օգնություն ցուցաբերի գյուղացիական տնտեսություններին, որպեսզի մարդիկ այդ վիճակից դուրս գան: Գյուղը Կառավարությունից վերջին անգամ աջակցություն ստացել է մոտ 3 տարի առաջ: Այդ ժամանակ գյուղացիներին սուբսիդավորում է տրվել առվույտի համար` 17.000 դրամ, իսկ ցորենի եւ գարու համար` 35.000 դրամ: «Չգիտեմ` օգնություն կարելի՞ է համարել, թե՞ ոչ, բայց մի քանի տարի առաջ էլ գյուղացիներին շուկայականից 200 դրամով էժան պարարտանյութ է հատկացվել»,- հավելում է հաշվապահը: Մեկ տարի առաջ այս տան տերը թողեց ու գնաց Երեւան: Գյուղացիները պատմում են, որ տանտեր Սերժիկը վարկ էր վերցրել գյուղատնտեսությունը զարգացնելու համար: Վարկի գումարով անասուններ էր առել: Տունը «ՎՏԲ-Հայաստան» բանկը իրական արժեքից մի քանի անգամ բարձր է գնահատել եւ տանտիրոջը մեծ գումար է վարկ տվել: Սակայն Սերժիկը չի կարողացել փակել այն եւ ընտանիքով ինքնակամ տեղափոխվել է Երեւան, ապրում է վարձով: Զանգվածաբար վարկեր գյուղացիները վերցրել են 2005 թվականից: 2 տարի մարդիկ կարողացել են կատարել իրենց վարկային պարտավորությունները, բանկերի հետ խնդիրներ չեն ունեցել, քանի որ բնությունը բարեհաճ է եղել նրանց նկատմամբ: 2008 թ.-ից սկսած` վարկառուները կանգնել են դժվարությունների առաջ: Գյուղացիները վարկեր վերցրել են հիմնականում «ՎՏԲ-Հայաստան» եւ «ԱԿԲԱ-Կրեդիտ Ագրիկոլ» բանկերից: Վարկերը տրվում են նաեւ երաշխավորություններով: Իրենց պարտավորությունները չկատարած վարկառուների վարկի գումարը բանկերը պահանջում են երաշխավորներից: Վարկերի դրույքաչափը հասնում է մինչեւ 24%-ի: Համայնքապետարանի հաշվապահն ասում է, որ ընտանիքների մի մասում այս օրերին «խառն իրավիճակ» է, մարդիկ սթրես են ապրում. «Գյուղացիներն ուտելու բան չունեն, մի կողմից մենք ենք գնում, թե հարկերը փակի, մի կողմից էլ վարկի գումարներն են պահանջում, մյուսն էլ գալիս ջրի վարձ է ուզում: Գյուղապետարանի աշխատակիցներին ասել ենք, որ զգույշ լինեն, հնարավոր է, որ մարդը ներվայնանա ու դանակով խփի: Ինչքա՞ն կարելի է մարդու տուն գնալ ու փող պահանջել»: Մ. Խոեցյանն առաջարկում է գյուղացիներին տալ երկարաժամկետ եւ ցածր տոկոսադրույքով վարկեր: «Ինձ թվում է` պետք է միջոցներ ձեռնարկվեն, որպեսզի ժամանակավոր կասեցվեն վարկային պարտավորությունները, ինչու չէ` նաեւ հարկային պարտավորությունները, որ բեռի նման տարիների ընթացքում կուտակվել են մարդկանց վրա»: Հաշվապահը մեկ այլ տարբերակ էլ է առաջարկում. գյուղացիները խորհրդային տարիներին բանկերում ավանդներ են ունեցել, եթե հնարավոր է, վարկառուներին տալ այդ գումարները. «Այսօր այդ ավանդների վրա տոկոսներ չեն հաշվարկվում, սառեցվել են, մինչդեռ կարելի է այդ գումարը հաշվանցել, այդպիսով ե՛ւ գյուղացին կկատարի բանկային պարտավորությունը, ե՛ւ պետությունը` քաղաքացու նկատմամբ ունեցած պարտավորությունը»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Եր
Եք
Չր
Հն
Ուր
Շբ
Կր
28
29
30
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31
1
Այսօր