Արտակարգ դրությունը ԶԼՄ-ների համար... շարունակվում է
Գոռ Աբրահամյան
Արտակարգ իրադրության պայմաններում խոսքի ազատության սահմանափակումներ մտցնելը ոչ այնքան օբյեկտիվ անհրաժեշտություն է իշխանությունների համար, որքան այլընտրանքային, ընդդիմադիր մոտեցումների, կարծիքների արտահայտումն արգելելու գայթակղության բավարարում։
Սա հատուկ է բոլոր ավտորիտար երկրների իշխանություններին եւ այդ երկրի քաղաքական ռեժիմի ամենացայտուն բնութագրիչներից մեկն է։
Քաղաքական գերլարվածության մթնոլորտ Հայաստանում ստեղծվել է մի քանի անգամ, ընդ որում` ազգային անվտանգության տեսակետից նույնիսկ շատ ավելի վտանգավոր իրավիճակներ։ Սակայն երբեւէ մամուլի գործունեությունն այնքան տարօրինակ սահմանափակումների չի ենթարկվել, որքան այս տարվա մարտի 1-ին նախագահ Ռ. Քոչարյանի հրամանագրով Երեւանում մտցված 20-օրյա արտակարգ դրության ռեժիմի ընթացքում։ Այդ հրամանագրով, ի թիվս այլ իրավունքների սահմանափակումների, հստակ ամրագրվեց. «Զանգվածային լրատվության միջոցների կողմից պետական եւ ներքաղաքական հարցերի առնչությամբ հրապարակումները կարող են իրականացվել բացառապես պաշտոնական տեղեկատվության սահմաններում։ Առանց համապատասխան պետական մարմինների թույլտվության թռուցիկների եւ այլ ձեւով քաղաքական քարոզչության իրականացման արգելում»։
Առաջին հարցը, որ առաջացավ այս հրամանագրի ընդունումից հետո, այն էր, թե ի՞նչ նպատակ էր հետապնդում կոնկրետ մամուլի գործունեության նման սահմանափակումներ մտցնելը։ Պաշտոնական պարզաբանումը, որ նախագահ Քոչարյանի եւ նրա մամուլի խոսնակի շուրթերից հնչեց արտակարգ դրություն մտցնելուց օրեր անց, այն էր, որ դրա նպատակը շիկացած մթնոլորտը թուլացնելն էր։ Մարտի 20-ին, արտակարգ դրության պայմաններում հրավիրած իր վերջին ասուլիսում Քոչարյանը, դիմելով լրագրողներին, ուղղակի հայտարարեց. «Շատ ու շատ բան կախված է ձեզանից, թե ի՞նչ քայլեր ենք մենք անելու հետագայում, ինչպե՞ս ենք այս խնդիրը մատուցելու մեր ժողովրդին: Փորձելու ենք հրահրել նոր տրամադրություններ, նոր լարվածություն, թե փորձելու ենք ընդհակառակը` աջակցել, որ այս ամենը հանդարտվի: Նման հարցերի տրամաբանական եւ տրամաբանված քննարկումները կարելի է անել հանդարտ վիճակում, նույնիսկ կենցաղում, երբ երկու հոգի իրար հետ կռվում են, ամենից ողջամիտ բանը իրարից հեռացնելն է, տալ 2-3 օր ժամանակ` մի քիչ հանգստանան, որից հետո փորձել ինչ-որ տեղ հաշտեցնել: Եւ եթե այդ պահին նրանց իրար մոտ բերես, անպայման երկրորդ անգամ իրար հետ կկռվեն` ավելի ծանր հետեւանքներով, եւ շատ ավելի դժվար կլինի հետագայում քայլեր ձեռնարկել հարաբերությունները վերականգնելու ուղղությամբ: Ասում եմ սա` գիտակցելով եւ համոզված լինելով, որ վաղը հրապարակվելու են որոշ թերթեր, որոնք ուղղակի հեղեղված են լինելու սուտ լուրերով, տարբեր կոչերով, եւ այդ թերթերի բովանդակությունն այնպիսին է լինելու, որ, վստահաբար, չի ծառայելու վիճակի հանդարտեցմանը եւ կայունացմանը»:
Մինչդեռ հրամանագրի նման ձեւակերպումներով խոսքը ոչ թե կողմերին իրարից հեռացնելու մասին էր, այլ մի կողմի բացարձակ ձայնազրկման։ Իսկ երբ մեկի պարտադրված լռության պայմաններում մյուսն անարգել հայհոյում է նրան, մթնոլորտի թուլացման մասին խոսակցությունները դառնում են անհեթեթ ու անիմաստ։ Կիրառված հենց այսպիսի տարբերակված մոտեցումն էլ ստիպում է եզրակացնելու, որ այդ սահմանափակումները ոչինչ չարժեին քաղաքական լարվածության թոթափման իմաստով։
Ավելին. արտակարգ դրության ռեժիմը եւ դրա ընթացքում իշխանությունների վարած տեղեկատվական քաղաքականությունը բացահայտեցին եւս մի քանի ակնհայտ թերություններ, որոնք նույնիսկ հակառակ էֆեկտն էին տալիս։ Մասնավորապես, թեեւ հրամանագրով սահմանվեց, թե ինչ չի կարող հրապարակվել, սակայն այդպես էլ օդում կախված մնաց այն հարցը, թե ով է վերահսկելու՝ տարածվող տեղեկատվությունը որքանո՞վ է տեղավորվում զուտ պաշտոնական լրատվության շրջանակներում եւ հատկապես՝ ի՞նչ մեխանիզմներով։ Ակնհայտ էր, որ խոսքն ուղղակի խիստ գրաքննության անցկացման մասին է։ Սակայն ո՞վ էր իրականացնելու այդ գրաքննությունը։ Արդյունքում ստացվեց այնպես, որ ուժային մարմինները՝ ոստիկանությունը, ազգային անվտանգության ծառայությունը, ըստ իրենց տրամադրությունների, իրենց հայեցողությամբ էին արգելում որեւէ պարբերականի հրատարակությունը կամ թերթերում այս կամ այն հոդվածի լույսընծայումը։ Դա էր պատճառը, որ բազմաթիվ տպագիր լրատվամիջոցներ նախընտրեցին արտակարգ դրության ողջ ընթացքում ընդհանրապես չհրատարակվել, քան լույս տեսնել վերահսկողության նման անորոշ պայմաններում, որն ավելի վտանգավոր է, քան կազմակերպված գրաքննությունը։
Վերահսկողության նման մակարդակը, սակայն, բացարձակ ծայրահեղ մի դրսեւորման եւս հանգեցրեց։ Եթե ընդդիմադիր պարբերականները նման ճնշումների էին ենթարկվում, ապա պրոիշխանական թերթերն իրենց կարող էին իրավունք վերապահել ոչ միայն պաշտոնական տեղեկատվություն հաղորդել, այլեւ հանդես գալ սեփական դիտարկումներով, մեկնաբանություններով, քննադատական հոդվածներով, ինչն ուղղակի արգելվում էր նախագահի հրամանագրով։ Սակայն այս երեւույթները նույն ոստիկանությունը կամ ԱԱ ծառայությունը «չէին նկատում»: Դա տոտալ պրոպագանդա էր, քարոզչության հզոր ագրեսիա` տեղեկատվական քաղցի մեջ հայտնված հասարակության նկատմամբ, որի հիմնական նպատակը մարտի 1-ի իրադարձությունների իշխանական վարկածը հանրությանը պարտադրելն էր։
Սակայն դա այնքան հապճեպորեն, չհամակարգված ձեւով էր արվում, որ առանձին դրվագներում նույնիսկ զավեշտի էր վերածվում։ Մասնավորապես, որեւէ տրամաբանական բացատրություն չուներ ազգային անվտանգության ծառայության կողմից մի քանի ինտերնետային պարբերականների, տեղեկատվական կայքերի արգելափակումը։ Եթե իշխանությունն իսկապես հավատացած էր, թե դրանով լուծում է ինտերնետի միջոցով տեղեկատվական հոսքերի արգելման խնդիրը, ապա մնում է ընդամենը եզրակացնել, որ այդ մարմնում, մեղմ ասած, այնքան էլ գլուխ չեն հանում ժամանակակից տեղեկատվական տեխնոլոգիաներից։ Իսկ եթե հասկանում էին, այդ դեպքում ի՞նչ խնդիր էին նրանք լուծում։
Հենց այսպիսի գործողությունների արդյունքում ստեղծվեցին ընդհատակյա թերթեր, նոր կայքէջեր, որոնք իրենց բովանդակությամբ շատ ավելի վնասակար էին իշխանությունների համար, քան նրանց վերահսկողության տակ գտնվող լրատվամիջոցները։ Ավելին, հենց դրա արդյունքում տեղեկատվության հիմնական միջոցը դարձավ բամբասանքը, որը հոգեբանորեն ավելի էր ազդում շարքային քաղաքացու վրա, քան այլակարծության բացառման պայմաններում իշխանության կողմից իրականացրած քարոզչական նման հուժկու արշավը։ Պատահական չէ, որ արտակարգ դրության ամբողջ 20 օրերի ընթացքում իշխանությունն այլ բան չէր անում, քան այդ բամբասանքների միջոցով տարածվող լուրերի հերքումը։
Մարտի 10-ին մեկ այլ հրամանագրով նախագահը փոփոխություններ կատարեց արտակարգ դրություն մտցնելու մասին իր նախորդ հրամանագրում։ Պաշտոնապես դա ներկայացվեց որպես սահմանափակումների մեղմացում. ըստ Ռ. Քոչարյանի՝ եթե մինչ այդ գործում էր «ինչ է միայն կարելի հրապարակել» սկզբունքը, ապա այդ փոփոխություններով սահմանվեց, թե «միայն ինչ չի կարելի հրապարակել»։ Սկզբունքների այս տարբերությունը, սակայն, ԶԼՄ-ների համար ոչ մի իրական նշանակություն չուներ, քանի որ «կարելիի» եւ «չի կարելիի» սահմանների գծագրողը մնաց նույնը, եւ շարունակեցին գործել խաղի նույն կանոնները։ Յուրայինների եւ հակառակորդների նկատմամբ տարբերակված մոտեցումը չվերացավ, ստիպված ժամանակավորապես գործունեությունը դադարեցրած պարբերականները շարունակեցին լույս չտեսնել, համացանցային լրատվամիջոցների կայքէջերի նկատմամբ արգելափակումը չվերացվեց։ Դա ընդամենը քայլ էր՝ փոքր ինչ մեղմելու արտաքին այն ճնշումները, որոնց բախվում էր իշխանությունը լրատվամիջոցների, խոսքի ազատության իրավունքները սահմանափակելու համար։ Սակայն գուցե մինչեւ մարտի 20-ն էլ այդ անգամ ցուցադրական բնույթ կրող փոփոխությունները չկատարվեին, եթե իշխանությունը համոզված, հավատացած չլիներ, որ իրականում լրատվամիջոցների գործունեության սահմանափակումները ոչ մի իմաստ չունեին հենց սկզբից։
Չնայած արտակարգ դրության ռեժիմից անցել է ավելի քան երկու ամիս, սակայն իշխանության վերաբերմունքը լրատվամիջոցների նկատմամբ որեւէ խորքային փոփոխության չի ենթարկվել։ Գործելաոճը, սկզբունքները նույնն են. մի քանի թերթեր հարկային ստուգումների թիրախ են դարձել, երկրի միակ ընդդիմադիր հեռուստաընկերությունը չի կարողանում դատական կարգով վերականգնել հեռարձակվելու իրավունքը։ Կարելի է շարունակել, սակայն խնդիրը դա չէ: Փաստն այն է, որ արտակարգ դրության ռեժիմը, ըստ էության, ԶԼՄ-ների համար դեռեւս վերացած չի կարելի համարել։ Որովհետեւ լրատվամիջոցների դերի, նշանակության նկատմամբ սկզբունքային որեւէ փոփոխություն իշխանության ընկալումներում տեղի չի ունեցել։ Պատահական չէ, որ արտակարգ դրության ռեժիմը հանելուց հետո իշխանությունը որեւէ մակարդակով հետահայաց անդրադարձ չկատարեց այն հարցին, թե որքանո՞վ էին արդարացված այն մեթոդներն ու մեխանիզմները, որոնք արտակարգ դրության պայմաններում կիրառվեցին ԶԼՄ-ների նկատմամբ, ի՞նչ տվեցին դրանք իշխանությանը, հասարակությանը։ Մինչդեռ դա չափազանց կարեւոր խնդիր է՝ թե՛ իշխանության, թե՛ լրատվամիջոցների համար՝ պարզորոշ հասկանալու՝ հետագայում նման իրավիճակներ առաջանալու դեպքում (Աստված մի արասցե) խաղի ի՞նչ կանոններ են գործելու։
Հ.Գ. Թեեւ մարտի 1-ի դեպքերի հետ կապված քրեական գործը գրեթե լիովին մտել է դատավարության փուլ, սակայն շարունակում է այդպես էլ անպատասխան մնալ երեք պարզ հարցադրում. մարտի 1-ի առավոտյան` արտակարգ դրություն մտցնելուց ուղիղ 12 ժամ առաջ, իրավական ի՞նչ հիմքով եւ ի՞նչ պատճառներով ոստիկանությունը բռնագրավեց մի քանի հեռուստաընկերությունների նկարահանած տեսաժապավենները, եւ օրինախախտման այդ ակնհայտ փաստն ինչու՞ է շրջանցվում քրեական գործի շրջանակներում։ Երրորդ՝ ինչու՞ տվյալ հեռուստաընկերությունները, իբրեւ իրենց մասնագիտական գործունեությունը խոչընդոտելու դրսեւորում, չեն բարձրացնում այդ հարցը։
Վերջին հարցադրումը, թերեւս, անտեղի էր հնչեցնել...
Մեկնաբանել