Հեռացված պաշտոնյաները նախագահի մերձավոր շրջապատից էին
Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ԱԺ փոխնախագահ Սամվել Նիոկյանն ասաց, որ վերջին շրջանում իրականացված պաշտոնանկությունները ինքնանպատակ չեն եղել: Ելնելով երկրի դինամիկ զարգացման, այլ ոչ թե միայն կայնության շահերից` նոր պաշտոնանկություններ ևս հնարավոր են:
Հեղափոխական մոտեցումներ այս ոլորտում, Ս. Նիկոյանի կարծիքով, չեն լինի, այլ կլինի այնպես, որ յուրաքանչյուր պաշտոնյա, որը չի մտնում վարքագծի այն կանոնների մեջ, որ հանրապետության նախագահը հստակ դրել է յուրաքանչյուր պետական պաշտոնյայի առջև, պետք է հեռանա: Նրա փոխարեն պետք է գա մեկ ուրիշը, ով կկարողանա այդ խնդիրներն իրականացնել:
Լրագրողների հարցին, թե ինչու է պատժվել նախարարը, այլ ոչ թե նրա ենթակայության տակ գտնվող անձը, որը մարդ է ծեծել, Սամվել Նիկոյանը պատասխանեց հետևյալ կերպ. «Ես երեկ տեղեկացա, որ նոր նախարարն ասում է, որ նույն արարքի համար մարդուն մեկ անգամ են պատժում, դա նշանակում է, որ նրան պատժել են,- ասաց ԱԺ փոխնախագահն ու շարունակեց,- մինչև հիմա դուք` լրագրողներդ, իշխանությանը քննադատում էինք այն բանի համար, որ եթե որևէ բացասական երևույթ կա, ապա միշտ դրա պատասխանատուն լինում է սլաքավարը, միշտ վերևները պատասխան չեն տալիս դրա համար, միշտ ենթականերն են պատասխանատու: Այս անգամ հակառակն է արվել: Ձեր դուրը դա չեկավ: Բայց կարծում եմ, որ դա ճիշտ է: Նշանակում է, որ յուրաքանչյուր ղեկավար պատասխանատու է նաև համակարգի համար, նաև համակարգի աշխատողների վարքագծի համար և պարտավոր է ձեռնարկել քայլեր, որոնք անհրաժեշտ էին և պարտավոր էր անել»:
Լրագրողների մյուս հարցեին, թե ինչու չեն հեռացվում այն անձինք, ովքեր իշխանությունների հետ սերտ առնչություն ունեն, Սամվել Նիկոյանը հարցով պատասխանեց. «Կարծում եք` այն մարդիկ, ովքեր հեռացվել են կամ հրաժարական են տվել, իշխանության հետ սերտ հարաբերություններ չունե՞ն: Դրանք իշխանությունների, հանրապետության նախագահի ամենամերձավոր շրջապատից էին և շատ կարևոր անձինք էին մեր քաղաքական դաշտում, մեր պետության մեջ»:
Եթե որոշ մարդիկ չեն հեռացվել կամ բավարարվել են նկատողություններով կամ նրանց նկատմամբ պատժի այլ ձևեր է կիրառվել, ըստ Ս. Նիկոյանի, կարելի է այս անգամ բավարարվել այդքանով. այս անգամ պատասխան է տվել ղեկավարը, որը ժամանակին չի արձագանքել:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել