«Մեր իրականության մեջ ճշմարտություն եւ արդարություն որոնելը զուր է»
Արման Մաթեւոսյանը 2004 թ. գնել է Երեւանի Տերյան 3 հասցեի 12-րդ բնակարանը: 2006-ին գործերով մեկնել է Ռուսաստան, իսկ երբ 2008-ին վերադարձել է, հայտնաբերել է, որ հարեւան` 23-րդ բնակարանի սեփականատերը շենքի արտաքին պատից առաջացել է 4 մետր եւ կառուցել մոտ 21 քմ քարե փակ պատշգամբ` փակելով Արմանի բնակարանի ննջասենյակի պատուհանն ու զրկելով լուսավորությունից:
Արման Մաթեւոսյանն այս մասին տեղեկացրել է թե «Կենտրոն» թաղապետարանին, թե Երեւանի քաղաքապետարանին, թե ՀՀ քաղաքաշինության նախարարության քաղաքաշինական պետական տեսչությանը, թե ՀՀ Կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի «Կենտրոն» տարածքային ստորաբաժանմանը: Ոչ մի պետական մարմին հարցին լուծում չի տվել, առաջարկել են դիմել դատարան, ինչը եւ արել է Արման Մաթեւոսյանը: Վերջինիս հայցը` Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան, վարույթ է ընդունվել 2009 թ. հուլիսի 3-ին (դատավոր` Էդիկ Ավետիսյան): Հայցվոր կողմի միջնորդությամբ` որպես հայցի ապահովման միջոց, ՀՀ ԿԱ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի «Կենտրոն» տարածքային ստորաբաժանմանը եւ Երեւանի քաղաքապետարանին արգելվել է պատասխանող Մելանյա Կարապետյանին պատկանող վիճահարույց մոտ 21 քմ մակերեսով ինքնակամ կառույցն օրինականացնել եւ իրավունքների պետական գրանցում կատարել` մինչեւ գործի քննությունը: Դատական առաջին նիստը կայացել է միայն 9 ամիս անց` 2010 թ. մարտի 11-ին: Ինչպես պնդում են հայցվորները` նիստը շատ կարճ է տեւել: Արման Մաթեւոսյանը հայցադիմումում պնդել է, որ ինքնակամ կառույցը չի կարող ճանաչվել օրինական, եթե այն պահպանելը խախտում է այլ անձանց իրավունքները եւ օրենքով պահպանվող շահերը եւ վտանգ է սպառնում քաղաքացիների կյանքին ու առողջությանը (ՀՀ Քաղ. օր.-ի 188 հոդված): Այդ կառույցները ենթակա են քանդման, քանի որ չեն համապատասխանում քաղաքաշինական նորմերին ու կառուցված են էական խախտումներով: Ընդ որում` շինարարական գործողությունները կատարվել են առանց Ա. Մաթեւոսյանի համաձայնության եւ թույլտվության: Ա. Մաթեւոսյանը խնդրել է իր իրավունքների խախտումը վերացնելու նպատակով պարտավորեցնել պատասխանողին քանդել նշված ինքնակամ շինությունը եւ վերականգնել նախկին տեսքը: Պատասխանող Մելանյա Կարապետյանը պնդել է, որ վիճելի պատշգամբը կառուցվել է նախկին սեփականատիրոջ կողմից: Նա դատարան է ներկայացրել նախկին սեփականատիրոջ` Սահակ Գասպարյանի գրավոր հավաստումն այդ մասին եւ պնդել, որ երբ ինքը 2004 թ. մայիսին ձեռք է բերել բնակարանը, այդ կառույցն արդեն եղել է: Հայցվոր կողմը պահանջել է Ս. Գասպարյանին կանչել դատարան` վկայություն տալու, սակայն դատարանն այդպես էլ չի կանչել և հարցաքննել նախկին սեփականատիրոջը, ինչը հայցվորներիին կասկածի տեղիք է տվել, որ հնարավոր է այդ գրությունը կեղծ է եղել: Վիճելի ինքնակամ շինությունը Կադաստրի կողմից հաշվառվել է 2009 թ. փետրվարի 23-ին եւ որպես ապօրինի կառույց նշված է եղել պատասխանողի սեփականության վկայականում: «Ոչ մի լուսավորության մասին էլ չի խոսքը: Դեռեւս 2008 թ. հայցվորը դիմել է պատասխանողի ամուսնուն` Կարենին, եւ առաջարկել այդ ինքնակամ կառուցված պատշգամբը վաճառել իրեն: Որդին չի համաձայնվել, եւ հայցվորն առաջարկել է նրան գնել իր մեկ սենյակը, սակայն այնպիսի գին է առաջարկել, որ Կարենը հրաժարվել է: Իրականում այս սենյակի կարիքը պատասխանողը չունի: Ահա դրանից հետո հայցվորը կարծես թե վրեժ լուծելու համար դիմել է դատական պաշտպանության»,- պնդել է պատասխանող Մ. Կարապետյանը: Սակայն Արման Մաթևոսյանի հայրը` Աշոտ Մաթևոսյանը ժպտում է վերոնշյալ մեղադրանքը: Նա պնդում է, որ ոչ թե իրենք են ցանկացել գնել հարևանի պատշգամբը, այլ հարևանն է Արմանին առաջարկել 40 հազար դոլարով վաճառել ողջ բնակարանը, ինչին իրենք, բնականաբար, չեն համաձայնել: Դատարանը վճռի հիմքում դրել է նախկին սեփականատիրոջ բացատրագիրը եւ հիմնավորված է համարել այն հանգամանքը, որ շինությունը կառուցել է ոչ թե ներկա սեփականատերը, այլ նախկինը, սակայն այն անավարտ է մնացել: Նոր սեփականատերն է ավարտել ու 2009 թ. փետրվարին մտցրել իր սեփականության վկայականում: Դատարանը եզրակացրել է, որ հայցվոր Ա. Մաթեւոսյանը դատաքննությամբ չի ապացուցել, որ իր իրավունքը խախտվել է: Դատարանը հաշվի չի առել ներկայացված լուսանկարները, ինչպես նաեւ ՀՀ առողջապահության նախարարության փորձագետ-ինժեների կողմից լուսավորության չափման փաստաթուղթը, համաձայն որի` սենյակում թույլատրելի նորմից ցածր ցուցանիշ է գրանցվել (0,04): ՀՀ քաղաքաշինության նախարարության քաղաքաշինական պետական գլխավոր տեսուչ Ս. Հայրապետյանը, այս տարվա ապրիլին պատասխանելով Ա. Մաթեւոսյանի դիմումին, գրել է. «ՀՀ քաղաքաշինության նախարարության աշխատակազմի քաղաքաշինական պետական տեսչության մասնագետների կողմից տեղում կատարվել է ուսումնասիրություն: Տերյան փողոցի թիվ 3 շենքի բակային մասում, նույն շենքի թիվ 23 բնակարանի բնակիչ Մելանյա Կարապետյանի կողմից գոյություն ունեցող միահարկ կառույցի վրա ինքնակամ կառուցվել է քարե փակ պատշգամբ, որը շենքի արտաքին պատից առաջ է եկել մոտ 4 մետր: Վերջինիս հետեւանքով փակվել է հարեւանի պատուհանը, ինչը խոչընդոտում է բնական լույսի ներթափանցումը բնակարան: Կառույցն իրականացվել է նորմատիվատեխնիկական փաստաթղթերի պահանջների խախտումով` առանց իրավունք տվող քաղաքաշինական փաստաթղթերի պահանջների եւ շենքի վերակառուցման հնարավորության վերաբերյալ տեխնիկական եզրակացության` խախտելով այլ անձանց իրավունքները, ինչպես նաեւ վտանգ սպառնալով մարդկանց առողջությանը»: Չնայած վերոնշյալ փաստաթուղթը եւս կցված է եղել թե վերաքննիչ, թե Վճռաբեկ բողոքներին, վերաքննիչ դատարանը ստորադաս ատյանի վճիռը թողել է անփոփոխ, իսկ Վճռաբեկ դատարանը վերադարձրել է բողոքը: Թե ինչու երեք ատյաններն էլ հաշվի չեն առել բնակարանի փաստացի լույսից զրկված լինելու հանգամանքը եւ այդ իրավունքը վերականգնելու անհրաժեշությունը, Արման Մաթեւոսյանի հայրը` Աշոտ Մաթեւոսյանը, պատճառաբանում է պատասխանող կողմի եւ դատարանների համաձայնությամբ: «Մենք բազմիցս լսել էինք Հայաստանում տեղի ունեցող անարդարությունների, ապօրինությունների, բյուրոկրատական քաշքշուկի, կոռուպցիայի եւ հովանավորչության դրսեւորումների մասին, սակայն այն, ինչ դատարաններն արեցին որդուս նկատմամբ, դժվար է մեկնաբանել,- ասում է հայրը:- Փաստորեն, որդուս ընտանիքին Աստծո լույսից օրը ցերեկով գազանաբար զրկողին եւ անօրինական կառուցողին ախորժալիորեն շահագրգռված մեր դատավորները, ձեռք-ձեռքի տված, վերցրեցին իրենց հովանավորության տակ` ոտնահարելով սեփականատիրոջ օրինական իրավունքները եւ ապացուցելով, որ մեր իրականության մեջ ճշմարտություն եւ արդարություն որոնելը զուր է»:
Մեկնաբանել