HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Շիրակ Թորոսյանը հայ-վրացական հարաբերություններում առաջընթաց չի տեսնում

2010 թվականին հայ-վրացական հարաբերություններում, հատկապես ջավախքահայության իրավունքների պաշտպանության հարցում, առանձնակի առաջընթաց չի նկատվում: Այս կարծիքին է ԱԺ պատգամավոր, «Ջավախք» հայրենակցական միության նախագահ Շիրակ Թորոսյանը, ով պատասխանում է «Հետքի» հարցերին.

Դուք մշտապես բարձրաձայնում եք ջավախքահայերի իրավունքների ոտնահարման դեպքերը, Ձեր ելույթների ու բավականին կոշտ ձեւակերպումների արդյունքում որեւէ հարց լուծվե՞լ է Ջավախքում, թե՞ հակառակը` բարդացել: Կարո՞ղ եք օրինակներ բերել:

Ինչ-որ բաներ արվում են, կարծում եմ, որ դա հենց քննադատության արդյունքում է արվում: Օրինակ` մենք ժամանակին քննադատում էինք, որ Ջավախքը զրկված է էլեկտրաէներգիայից, հիմա լուծվել է: Իսկ ջավախքահայության իրավունքների պաշտպանության տեսանկյունից վրացական իշխանությունների դիրքորոշումը վերջին շրջանում ավելի կարծրացել է, սրվել եւ դեպի վատն է գնում, անվստահության մթնոլորտն ավելի է սրվում, հայաթափման գործընթացն ավելի է ակտիվացել: Մենք բարձրաձայնում ենք խնդիրը` հորդորելով առաջին հերթին Հայաստանի իշխանություններին ավելի ակտիվ զբաղվել այդ հարցերով, որպեսզի Վրաստանը ձեռնպահ մնա կոշտ հակահայ քաղաքականությունից:

Ձեւավորվել էր ջավախքահայերի իրավունքների պաշտպանության խորհուրդ, որի կազմում նաեւ «Ջավախք» հայրենակցական միությունն է: Հիմա ինչո՞վ է զբաղված այդ խորհուրդը:

Խորհուրդը հանդես է գալիս կազմակերպչական աշխատանքներով, խորհրդակցություններ են կազմակերպում, քննարկում են խնդիրները, դրա շուրջ հանդես են գալիս հայտարարություններով, կլոր սեղաններ են կազմակերպում, ասուլիսներ եւ այլն: Պարտադիր չէ, որ խորհուրդը որպես միավոր հանդես գա, խորհրդի անդամ-կազմակերպությունները` եւ «Երկիր» միությունը, եւ «Վիրք» կուսակցությունը, եւ մենք խորհրդում քննարկված խնդիրների վերաբերյալ տարբեր առիթներով նաեւ առանձին ենք հանդես գալիս:

Սփյուռքի նախարարությունը վիրահայերի մասին հայեցակարգ է նախապատրաստում, ծանո՞թ եք հայեցակարգին:

Հայեցակարգը պատրաստ է, ես նախագծին ծանոթացել եմ, բավականին լավ հայեցակարգ է, անհրաժեշտ տարրեր է իր մեջ պարունակում, բայց Ջավախքի մասով, բնականաբար, ինձ չի բավարարում եւ չի էլ կարող բավարարել, որովհետեւ սփյուռքի նախարարությունն այն կառույցն է, որը գործում է սփյուռքահայության խնդիրների լուծման համար, իսկ ջավախքահայությունը դասական առումով սփյուռք չէ, հետեւաբար, բացի սփյուռքին հուզող մնացած խնդիրներից, ջավախքահայությունն ունի առանձնահատուկ խնդիրներ, որոնց հետ կապված` սփյուռքի նախարարությունը չի էլ կարող որեւէ քայլ ձեռնարկել: Դա արդեն քաղաքական իշխանությունների քննարկումների խնդիր պետք է դառնա:

Վերջին շրջանում ավելի մեղմ եք քննադատում ջավախքահայության իրավունքների պաշտպանության հարցում հայաստանյան իշխանությունների վարած քաղաքականությունը, նախկինում ավելի կոշտ էիք արտահայտվում, ինչո՞վ է պայմանավորված այդ փոփոխությունը: Դա կապ ունի՞ այն փաստի հետ, որ Ձեզ մինչ օրս թույլ չեն տալիս մտնել Վրաստանի տարածք:

Այդ նույն իշխանությունների կողմից վարվող քաղաքականության վերաբերյալ իմ դիրքորոշումը չի փոխվել: Ես միշտ ասել եմ, որ Հայաստանը պարտավոր է օրակարգային հարցերի մեջ ներառել ջավախքահայության հիմնախնդիրները, պահանջել դրանց լուծումը: Միշտ ասել եմ, որ Հայաստանը պարտավոր է միջազգային կազմակերպությունների մակարդակում բարձրաձայնել ջավախքահայության հիմնախնդիրները, Վրաստանի հակահայկական քաղաքականությունը, միշտ ասել եմ, որ Հայաստանը պետք է կոշտացնի իր դիրքորոշումը Վրաստանի ներկայիս իշխանությունների եւ նրանց վարած քաղաքականության նկատմամբ: Առանձնակի փոփոխություն իմ դիրքորոշման մեջ չկա: Վրաստան, Ջավախք իմ մուտքը չթույլատրելը որոշել են վրացական իշխանությունները: Դա նաեւ արհամարհական վերաբերմունք է Հայաստանի իշխանության նկատմամբ, քանի որ չեն թույլատրել կառավարող կուսակցության խմբակցության պատգամավորին: Մյուս կողմից, սա ցույց է տալիս վրացական իշխանության անբարեհամբույր վերաբերմունքը ընդհանրապես Հայաստանի  հայության  նկատմամբ: Ես անընդհատ հավաստիացումներ եմ ստանում մեր արտաքին գործերի նախարարությունից, թե իրենք զբաղվում են Վրաստան իմ մուտքը թույլատրելու խնդրով, բայց վրացական իշխանությունների կողմից համարժեք պատասխանի չեն արժանանում: Համենայնդեպս, վրացական իշխանությունները պաշտոնապես մեղադրանք չներկայացրին, պաշտոնապես չասացին, թե որն է պատճառը: Առանձին զրույցներից տարբեր մեկնաբանություններ են հասնում, որ իմ գործունեությունը վտանգում է Վրաստանի ազգային անվտանգությունը:

Իսկ Հայաստանի իշխանությունները քաջություն կունենա՞ն վրացի որեւէ գործչի մուտքը Հայաստան արգելել:

Քաջության խնդիրը պետք չէ քննարկել, պետք է քննարկել քաղաքական մոտեցման խնդիրը: Օրինակ` եթե հայկական իշխանությունը որոշի, ասենք, վրաց որեւէ գործչի չթողնել Հայաստան, ապա համարժեք տասնյակ ու հարյուրավոր գործիչներ կան, որոնց մուտքը Հայաստան պետք է արգելվի: Ես հիմա կարող եմ 20-30 հոգի թվարկել, որոնք իրենց հակահայ հայտարարություններով մշտապես աչքի են ընկնում: Եթե չես թողնում, դրանով արդեն շարունակում ես սրել միջպետական հարաբերությունները, մինչդեռ մեր իշխանություններն այսօր գտնում են, որ կարելի է Վրաստանի հետ հարաբերությունները բարելավել բանակցային ճանապարհով:

Կնշե՞ք առաջին 5 գործիչների անունները, որոնց մուտքը Հայաստան կարելի է արգելել:

Թույլ տվեք անուններ չնշել, առայժմ իմ սուբյեկտիվ կարծիքը չհայտնել, թեպետ դա ակնհայտ օբյեկտիվ է, պարզապես թողնենք որոշումը Հայաստանի իշխանություններին:

Ջավախքում կառավարող հայ պաշտոնատար անձինք ի՞նչ դեր ունեն և ի՞նչ չեն անում ջավախքահայերի իրավունքների պաշտպանության հարցում:

Վրացական իշխանությունները իրենց հակահայ քաղաքականությունն իրականացնում են հենց տեղական պաշտոնյաների ձեռքով և հատկապես ուզում են, որ մենք մեր պայքարի թիրախը դարձնենք հենց ջավախքցի տեղական պաշտոնյաներին, և իրենք վերևից դատավորի կեցվածքով իրենց լավ զգան: Բայց իրականում ես մեղադրում եմ հենց վրացական իշխանությունների ստեղծած համակարգին, որը ծնում է այդ մարդկանց: Կա այդպիսի համակարգ, ծնվում են այդ մարդիկ: Ժամանակին, երբ որ Ստալինը Բերիայի հետ ստեղծել էր այդպիսի համակարգ, հասարակությունն այդպիսի մարդկանց շատ արագ ծնում էր, որոնք զբաղվում էին այդպիսի գործունեությամբ: Վերացավ այդ համակարգը, վերացան այդ մարդիկ: Ճիշտ է, այդ մարդիկ, հավատարմության երդում տալով վրացի իշխանություններին, Պապից ավելի կաթոլիկ երևալու մոլուցքով ամեն ինչ անում են` բավարարելու վրացական իշխանությունների քմահաճույքները: Բայց փաստը մնում է փաստ, որ և' համակարգն էլ վրացի իշխանություններն են ստեղծել և' քաղաքականությունն էլ նրանք են իրականացնում և ուղղորդում, և այդ մարդկանց իրենք են ընտրել ու նշանակել պաշտոնների, հետևաբար թիվ մեկ մեղավորը Վրաստանի քաղաքական իշխանություններն են:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter