
Պահպանվում է ՀՍՍՀ մինիստրների խորհրդի կողմից
Ուշեցիները իրենց գյուղ այցելած հյուրերին հպարտությամբ են ուղեկցում դեպի հնագույն սրբավայր` Սուրբ Սարգիս վանական համալիր: Արագածոտնի մարզի Ուշի գյուղից մոտ 2 կմ հեռավորությամբ գտնվող Սուրբ Սարգիս վանական համալիրը բացվել է 1999 թ. սկսված հնագիտական պեղումների արդյունքում:
Եղել է հոգեւոր հնագույն կենտրոններից մեկը, որը, ըստ գիտնականների, կառուցվել է 5-րդ դարում` Մեսրոպ Մաշտոցի օրոք, այստեղ են տեղափոխվել Սուրբ Սարգիս զորավարի նշխարները: Երկու եկեղեցական համալիր շինություններից կանգուն է միայն մեկի գավիթը: Մայր եկեղեցուց կիսապատեր ու փլատակներ են մնացել: Որպեսզի եկեղեցու հետեւի պատը չփլվի, պեղումների ժամանակ հենափայտեր են ամրացրել: Ուշիի համայնքապետ Հոմբերտ Աթոյանն ասում է, որ հիմա Սուրբ Սարգիս համալիրը չի պահպանվում ոչ մեկի կողմից, իսկ ցուցանակը վկայում է դեռեւս խորհրդային տարիների պահպանության մասին:
«Համարակալած քարեր են, բայց եթե մեկը, ասենք երեխա է` գլորում է, ջարդում է, ո՞նց պիտի պահպանեն»,- նշում է համայնքապետը:
Հ. Աթոյանը համոզված է, որ գտնվելով հողի տակ` համալիրն ավելի լավ է պահպանվել, բացվելուց հետո վերանալու հավանականությունը մեծացել է:
Պահպանված խաչքարերն ու հայատառ արձանագրություններով քարերն ամեն վայրկյան ենթակա են փլուզման: Հոկտեմբերի 19-ին եկեղեցին շրջակա 1.3 հա տարածքով հանձնվել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին: Արագածոտնի թեմի քահանա Տեր Գարեգին Արսենյանը «Հետքի» հետ զրույցում ասաց, որ Սուրբ Սարգիս եկեղեցական համալիրի հարցը քննարկման ընթացքի մեջ է: Որոշում են, թե ինչ նախագծեր պետք է պատրաստվեն հետագա վերականգնողական աշխատանքները սկսելու համար: Տեր Գարեգինը դժվարացավ ասել, թե երբ պատրաստ կլինեն նշված նախագծերը եւ երբ կսկսվեն վերականգնողական աշխատանքները:
Իսկ մինչ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը որոշում կկայացնի, Սուրբ Սարգիս եկեղեցական համալիրը կմնա պետության, մասնավորապես` ՀՍՍՀ մինիստրների խորհրդի Պատմության եւ կուլտուրայի հուշարձանների պահպանման ու օգտագործման վարչության պահպանության ներքո:
Մեկնաբանել