
Մոտակա մի քանի տարում հնարավոր է Սևանա լճում ամբողջությամբ դադարեցվի որևէ տեսակի ձկնորսությունը և խեցգետնորսությունը: Դրանով կկանխվի նաև խեցգետնորսությամբ զբաղվողի` նույն ցանցում որևէ տեսակի ձկան հայտնվելու հավանականությունը: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ այս մասին տեղեկացրեց Բնապահպնական պետական տեսչության կենսաբազմազանության պահպանության բաժնի պետ Հովհաննես Հունանյանը: Առաջարկն արվել է ԳԱԱ կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնի հիդրոԷկոլոգիայի և ձկնաբանության ինստիտուտի կողմից, և ԲՆ-ն համակարծիք է եղել, սակայն դեռևս ժամկետը չի հստակեցվել:
2010 թվականի 10 ամսվա ընթացքում կենդանական աշխարհի պահպանության ոլորտում կազմվել է 139 խախտման արձանագրություն, պետական բյուջե է մուտքագրվել 5 մլն 400 հազար դրամ` վարչական տուգանք, մոտ 4 մլն 50 հազար դրամ էլ վնասի հատուցման գումարն է կազմել:
«Պատկերացնում եք, ինչքան ձուկ են որսացել, որ այդքան գումար է մուտագրվել, այդքան ապօրինի որս կա»,- ասաց ՀՀ ԳԱԱ կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնի հիդրոԷկոլոգիայի և ձկնաբանության ինստիտուտի տնօրեն Բարդուխ Գաբրիելյանը:
Նախկինում հստակ որոշում է եղել` որոշակի ժամանակահատվածում արգելել սիգի որսը, սակայն Բարդուխ Գաբրիելյանն ասում է, որ այժմ իրենք չեն ստանում ձկնորսության արգելման մասին որևէ որոշում: ԲՆ-ի ներկայացուցիչն էլ պնդում է, որ որոշում միշտ լինում է` ձվադրման ժամանակահատվածում արգելել սիգի որսը: «Ուրեմն ստացվում է, որ սիգի որսը թույլատրվո՞ւմ է բացի աշնանային ձվադրման երկու ամսից, կարելի՞ է որսալ սիգը»,- հարցրեց Բ. Գաբրիելյանը:
«Չի կարելի այն առումով, որ ո՞վ է դուրս գալիս Սևան: Սովորաբար պայմանագիր կնքելուց և համապատասխան գործընթաց անցնելուց հետո: Մեր նախարարության, «Սևան ազգային պարկի» կողմից նման պայմանագրեր չեն կնքվում` սիգի որսի հետ կապված»,- նշեց Բնապահպնականան պետական տեսչության կենսաբազմազանության պահպանության բաժնի պետ Հովհաննես Հունանյանը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել