
Բնապահպանության նախարարությունը պետպատվերի շրջանակներում ՀՀ ԳԱԱ-ի Կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնի հիդրոԷկոլոգիայի և ձկնաբանության ինստիտուտին պատվիրել է ուսումնասիրել գետեր գնացող էնդեմիկ տեսակի ձկների, հատկապես իշխանի վիճակը: Այդ ժամանակ պարզ կդառնա, թե բաց թողնված ձկներն որքան աճ են գրանցել: Արդեն 3-4 տարի է` լցված մանրաձկները զարգացել են և հասել ձվադրման շրջանին:
Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ Բնապահպանության նախարարության կենսառեսուրսների կառավարման գործակալության գլխավոր մասնագետ Նորայր Աբրահամյանը տեղեկացրեց, որ նախարարությունը մինչև 2007թ. 10 մլն դրամ էր տրամադրում մանրաձկան գնման և Սևանա լիճ բաց թողնման համար, իսկ 2008 թ.-ից կառավարությունն ավելացրել է այդ գումարը: 2007թ-ին բաց է թողնվել 175 հազար մանրաձուկ` 30 մլն դրամի սահմաններում, 2008 թ.-ին` 250 հազար մանրաձուկ` 80 մլն դրամի սահմաններում, 2009 թ.-ին` 307 հազար մանրաձուկ` 71 մլն դրամի սահմաններում: Իսկ 2010-ին` 200 հազար մարնաձուկ` 28 մլն դրամի սահմաններում:
ՀՀ ԳԱԱ կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնի հիդրոԷկոլոգիայի և ձկնաբանության ինստիտուտի տնօրեն Բարդուխ Գաբրիելյանը տեղեկացրեց, որ որոշ քանակի հասունացած ձկներ արդեն որսացել են ուսումնասիրության համար, բայց դրանք հիմնականում որձ են եղել: Մասնագետն ակնկալում է, որ հաջորդ տարի արդեն հասուն էգեր կորսան: Ուսումնասիրությունները կատարվել են ոչ միայն գետերում, այլ նաև լճերում: Մասնագետներն ասում են, որ ողջ մանրաձուկը չի կարող մեծանալ, քանի որ մանրաձկան մահացության դեպքեր ևս կլինեն: Բ. Գաբրիելյանի խոսքով, բնական մահացությունը 90 տոկոսից ավելի է, եթե մանրաձուկը 50 գրամ է կամ ավելի շատ, եթե ձուկը 1 գրամ է, մահացությունը 10 տոկոս է կազմում: Այսինքն` ինչքան մեծ է ձկան չափը, այդքան մեծ է մահացության հավանականությունը: Նորայր Աբրահամյանը տեղեկացրեց, որ 50 գրամանոց մանրաձուկ շատ քիչ են բաց թողել, դա էլ հատուկ նպատակով, որպեսզի ձուկն ավելի շուտ հասնի ձվադրման շրջանին:
Բարդուխ Գաբրիելյանը ցավով նշեց, որ այս գործընթացները կարող էին ավելի արդյունավետ լինել, եթե պատշաճ պահպանություն լիներ. «Ես ինքս մի քանի անգամ հանդիպել եմ որսված իշխանի, որը վաճառվում էր շուկաներում»:
Բնապահպնական պետական տեսչության կենսաբազմազանության պահպանության բաժնի պետ Հովհաննես Հունանյանը նշեց, որ եռօրյա և շուրջօրյա հերթապահություն է սահմանվել մանրաձուկը լցնելուց հետո: 10-15 տեսուչներ գիշեր-ցերեկ հսկում են, որպեսզի որսագողություն չլինի:
«Երեք գրամանոց ձուկ է, նման ցանց չկա, որ այդ ձուկը որսա, հսկողությունը հիմնականում իրականացվում է, որ նավակներ չմտնեն, ճայերը չգողանան»,- ավելացրեց Նորայր Աբրահամյանը: Նա նշեց, որ եթե ուսումնասիրվի, թե որքան մայր ձուկ է մտնում գետ, արդեն հնարավոր կլինի իմանալ կորստի մասին: 200 հազար իշխան են լցել Սևանա լիճ, որը 126 հա-ի վրա է տարածվել: «Իշխանի որս հնարավոր չի լինի»,- վստահ է Աբրահամյանը:
Բ. Գաբրիելյանն էլ ասաց, որ ինքը մեծացած ձկների մասին է խոսում, որոնք բաց են թողնվում գետեր և որսվում են: Բացի դրանից, բանախոսը նշեց, որ կան մեթոդներ, որ փոքր ձկներն էլ որսան` նույնիսկ 1 գրամանոցները, օրինակ` էլեկտրականության միջոցով, որը շատ է օգտագործվում և տարածված է Սևանի ավազանում:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել