Համոզված են բանախոսները
Լրագրողների մտահոգությունները, թե հեռուստաեթերը կարող է վտանգվել նոր մեդիայի հնարավորություններով, սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը չի կիսում: Այսօր կայացած մամուլի ասուլիսում նա պատճառաբանեց, որ երբ կինոն ծնվել է, ասել են, որ թատրոնը կմեռնի, բայց թատրոնը մնացել է: Երբ հեռուստատեսությունը գրավել է դաշտը, ասել են` կինոն կմեռնի, բայց կինոն էլ է մնացել (խոսքը կինոթատրոնների մասին է-հեղ.): Ըստ այդմ` Ահարոն Ադիբեկյանը կարծում է, որ յուրաքանչյուր ժանր պետք է իր տեղը գտնի մշակույթի արտադրանքի մատուցման դաշտում, և մարդիկ ըստ իրենց ճաշակի պետք է սպառեն այդ արտադրանքը:
Ահարոն Ադիբեկյանը համոզված է, որ հեռուստատեսությունը մրցակից չունի, և իր հաշվարկներով` բնակչության երկու երրորդը տեղեկությունները և մշակութային պահանջների սպառումը իրականացնում է հեռուստատեսության միջոցով: Խնդիր ունենալու դեպքում էլ հեռուստադիտողը դիմում է հեռուստատեսության օգնությանը:
Ըստ սոցիոլոգի, երեխան իր սեռական դաստիարակությունը նույնպես ստանում է հեռուստաեթերից, ինչպես նաև մարդու իրավունքների, թրաֆիքինգի հետ պայքարի միջոցների և այլ խնդիրների մասին տեղեկատվությունը: Բարդ ավանգարդ արվեստը, ըստ սոցիոլոգի, հասկանալի է միայն ընտրյալներին, իսկ շոուներն ու «թամաշաները»` ավելի հասարակ մարդկանց:
Հանրային հեռուստաընկերության պրոդյուսեր Մամիկոն Չատինյանի կարծիքով, նոր մեդիան կամ ինտերնետը հասանելի են ավելի շատ երիտասարդությանը: Իսկ բնակչության ստվար զանգվածը հեռուստատեսություն են դիտում, այսինքն` հեռուստատեսությունն ամենամասսակայական լրատվամիջոցն է, քանի որ բոլորի տներում առնվազն մեկ հեռուստացույց կա, իսկ համակարգիչ բոլորը չէ, որ ունեն:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել