
Եթե սերիալ նայելիս սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանի գլուխը սկսում է ցավել, ուրեմն սերիալը վատն է, և նա այլևս չի նայում այն: Ահարոն Ադիբեկյանը սերիալներ չի նայում, նայում է այնքանով, որ բացահայտի ժանրի տեսակն ու բնույթը: «Սերիալներում էրոտիկան չափավոր պիտի լինի, պիտի լինի դանդաղ, որ դու գնաս զուգարանում չիշիկ անես ու գաս հետ, նայես ու բան չկորցնես, կարող ես մի 2-3 սերիա բաց թողնել, սյուժեի վրա դա չի ազդում, որովհետև ամեն մի սերիա դա մի մանրուք է, որը նշանակություն չունի ընդհանուր ֆաբուլայի հետ կապված»,- ասում է սոցիլոգը: Գեղարվեստական գործը հատուկ կառուցվածք ունի, իսկ սերիալներում այդ կառուցվածքը խախտված է:
Հեռուստաեթեր, կինո, սերիալներ, եթերի առաջարկից է ձևավորում հասարակությունը, թե հասարակական պահանջն է եթեր ձևավորում, նոր մեդիա և այլ թեմաների շուրջ այսօր բանավիճում էին 40-մայա փորձ ունեցող Հանրային հեռուստաընկերության պրոդյուսեր Մամիկոն Չատինյանը և 75 թվականից գեղագիտություն և մշակութաբանություն դասավանող, սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը:
Ահարոն Ադիբեկյանն ասում է, որ այսօր ցուցադրված սերիալները չունեն կոնտեքստային բնույթ: Այնինչ պետք է դառնային միջոց մարդկանց ինչ-որ բան հաղորդելու համար: Հեռուստադիտողը նմանեցնում է իրեն այդ սերիալի հերոսներին, և դա նրան բավարարում է: Նրանք մտնում են մի վիրտուալ աշխարհ և ապրում են այդ աշխարհի օրենքներով: «Երբ որ երեխան տեսնում է, որ մայրը նստած, քարացած սերիալ է նայում, նա զգում է, որ սա երևի արժեքավոր բան»,- ասում է Ահարոն Ադիբեկյանը:
Արվեստում դիտորդի և ցուցադրողի միջև կա բեմ, մի սահման, որտեղից այն կողմ այլ օրենքներ են, այս կողմ` այլ օրենքներ: Սերիալներերում այդ բեմը չկա, ուղիղ հրապարակ է ու անցում գոյություն չունի: Ահարոն Ադիբեկյանի կարծիքով, եթե սերիալները կոնտեքստային լինեին, որևէ խնդիր չէր լինի, ինչպես ասենք` «Կարմիր գլխարկ» հեքիաթը մարդակերության մասին չի պատմում, այլ փոքրիկ երեխային ասում է, որ կան վտանգներ և պետք է զգույշ ու պատրաստ լինել: Այսինքն` ենթատեքստ կա, իսկ սերիալներում ենթատեքստը բացակայում է:
«Սերիալը նատուրալիստական արվեստ է, գեղագիտական արվեստ չէ: Այնտեղ գեղագիտական արժեքներ և դաստիարակում չկա»,- ասում է բանախոսը և միևնույն ժամանակ նշում, որ վարկանշային ցուցանիշներով սերիալները առաջին տեղերում են, և ամենաթանկ գովազդային բլոկները երեկոյան սերիալներում են տեղադրվում:
Մամիկոն Չատինյանը հաստատում է, որ «Աննա» սերիալը ամենաբարձր ռեյտինգ ունեցող սերիալն է ոլորոտում: Նա 40 տարի է ի պաշտոնե հետևում է հեռուստաեթերին ու հաղորդումներին, և ինչպես ինքն է խոստովանում` «ուրեմն ինձանից բարձր ճաշակով կամ շատ դիտող մարդ չկա»: Հանրային հեռուստաընկերությամբ ցուցադրվող սերիալները լավ որակի է համարում և նշում, որ «գոնե սերիալները չպետք է համեմատել մյուս հեռուստաընկերությունների սերիալների հետ»:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել