
Անցած շաբաթ ՀՀ կառավարությանն առընթեր Միջուկային անվտանգության կարգավորման պետական կոմիտեի մասնագետները կատարել են չափումներ Սյունիքի այն տարածքներում, որտեղ կատարվում են ուրանի ուսումնասիրությունները: Չափումները ցույց են տվել, որ այն տեղերում, որտեղ կա հորատանցք, բնական ֆոնի համեմատ ոչ մի շեղում գործնականում չկա:
Աննշան շեղումներ են նկատվել ընդամենը մի քանի մետր հեռավորությամբ, որը, ըստ ՀՀ կառավարությանն առընթեր Միջուկային անվտանգության կարգավորման պետական կոմիտեի նախագահ Աշոտ Մարտիրոսյանի, հատուկ է այդ տեղանքին, քանի որ Հայաստանի հարավային շրջաններում, այդ թվում Կապանի, Լեռնաձորի և Քաջարանի տարածքներում բնական ֆոնը Երևանի հետ համեմատած բավականին բարձր է, այսինքն` որքան տեղանքը ծովի մակերևույթից բարձր է, այդքան բնական ֆոնն էլ է բարձր:
Չափումները դեռևս կատարվել են երկրի մակերևույթին: Հողի և ջրի նմուշներ ևս վերցրել են, որոնք պետք է հանձնվեն ատոմակայան, որտեղ հնարավորություն կա անալիզներ կատարելու համար: Մոտակա օրերին կլինեն նաև այդ տարածքների հողում, օդում և ջրում եղած ռադիոիզոտոպների պարունակության և ընդհանուր ակտիվացման մասին արդյունքները:
Աշոտ Մարտիրոսյանն ասում է, որ ստորջրյա նմուշներ դեռևս հնարավորություն չունեն վերցնելու, բայց հետագայում պետք է իրականացնեն նաև շրջակա միջավայրի ամբողջական մոնիտորինգ:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել