
«Իմանալով, որ կոալիցիոն մեծամասնությունը կողմ չի քվերակելու ԼՂՀ-ի ճանաչման մասին ՀՀ օրենքի նախագծին, ինչու է «Ժառանգություն» խմբակցությունն, այնուամենայնիվ, օրինագիծը դրել քվեարկության» հարցին, «Ժառանգություն» կուսակցության ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանը պատասխանեց, որ ընդդիմությունն ու հասարակությունը այս պետականության մասնիկներն են, և քաղաքական մեծամասությունը չէ քաղաքական օրակարգի մենատերը: Որպես քաղաքական ուժ «Ժառանգությունն» օգտվել են իր լիազորություններից ու հնարավորություններից:
«Որոշ հարցերում կարող է անգամ համաձայն լինենք քաղաքական մեծամասնության հետ, բայց երբ տեսնում ենք, որ կա մարդու իրավունքների, քաղաքական բանտարկյալների, քաղաքացիական ազատությունների խնդիր, մարդիկ բանտարկվում են հանիրավի, նաև ազգային հարցերում կա տարանջատում` բարձրացված հավատամքի քաղաքական ծրագրերի և իրականության միջև, իհարկե, մենք դա պիտի բարձրացնենք և չենք կարող առաջնորդվել սոսկ ճակատագրապաշտությամբ` ասելով, որ քաղաքական մեծամասնությունն ունի քվեները, ուրեմն մենք պետք չունենք հարց բարձրացնելու»,- մանրամասնեց Րաֆֆի Հովհաննիսյանը:
Րաֆֆի Հովհաննիսյանը նշեց, որ հրահանգ էր տրվել, որ Հանրապետական կուսակցությունը պիտի դեմ քվեարկի, հետո կոլաիցիայի ներկայացուցիչն էլ հայտարարել էր, որ կոալիցիան չի մասնակցելու օրինագծի քվեարկությանը: «Այս օրինագծի ներկայացումը ոչ թե ամոթ է և հարվածում է պետական շահերին կամ ծիծաղելի է միջազգային հանրությանը, սա հասարակական արժեք է և ցույց է տալիս, որ այս հարցը այժմեական է և մնալու է մեր օրակարգում որպես բովանդակային դիրորոշում մինչև որ ինքը գտնի իր իրավական ձևակերպումը»,- նշեց բանախոսը:
Րաֆֆի Հովհաննիսյանը ցավով է վերաբերվում կոալիցիայի, հատկապես հանրապետականների այդ պահվածքին: Նա նշում է, որ պատգամավորների մեջ եղած ազատամարտիկները, որոնք մասնակցել են ԼՂՀ-ի ազատագրմանը, պետք է հասկանային, որ սա կուսակցական նախաձեռնություն չէ, այլ պետական շահերին համապատասխանող անհրաժեշտություն, և սպասվում էր, որ գոնե նրանք կողմ կքվեարկեին:
Րաֆֆի Հովհաննիսյանն ասաց, որ դեռևս ԼՂՀ ճանաչման նոր օրինագիծ ներկայացնելու որոշում չկա և, հավանաբար, տեսանելի ապագայում նման նախագիծ չեն ներկայացնի, բայց «Ժառանգությունը» շարունակելու է ԼՂՀ ճանաչման հարցը բարձրացնել միջազգային ու քաղաքական տարբեր ֆորումներում:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել