HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հայ խոհարարները ինտեգրվում են միջազգային «Բարբի քյու» շարժմանը

Զբոսաշրջության մեջ Հայաստանում փորձում են բրենդ դարձնել խորովածը: Մասնագետները կարծում են, որ խորովածի համի գաղտնիքը սկսվում է անասունը մորթելու պահից: Անասունը չպետք է զգա իրեն մորթելու պահը, հակառակ դեպքում` նրա ադրենալինը բարձրանում է, մկանները ձգվում են, և ինչ-որ թույն է արտադրվում:

Խորովածը  մտնում է աշխարհին հայտնի «բարբի քյու» կերակրատեսակների  մեջ: «Բարբի քյուն» միջազգային խոհարարական տերմին է, որն ամփոփում է մարդկությանը հայտնի ածուխների վրա մսամթերքի պատրաստման բոլոր ձևերն ու տեսակները` ազգային առանձնահատկություններով: Վերջին տարիներին  մարդկության հետաքրքրությունները այս կերակրատեսակների նկատմամբ մեծացել են, քանի որ այն դիտվում է էկոլոգիապես մաքուր սնունդ, որի պատրաստման ընթացքում սպիտակուցները և վիտամինները պահպանվում են, ու սնունդը հեշտ է ընդունվում օրգանիզմի կողմից: Հետաքրքրությունները  դրսևորվում են նաև «բարբի քյու»-ի միջազգային կազմակերպությունների ստեղծմամբ և նրանց կողմից կազմակերպվող «բարբի քյու»-ի մրցումներով: Ախթալայի քաղաքապետարանի կողմից սեպտեմբերի 19-ին կազմակերպված  խորովածի փառատոնի հետքերով հոկտեմբերի 3-ին Ախթալա էր այցելել Ռուսաստանի  Դաշնության «Բարբի քյու» ասոցիացիայի նախագահ  և «Բարբի քյու» միջազգային ասոցիացիայի փոխնախագահ Հարություն Ենգոյանը: Նրան ուղեկցում էին «Հայ խոհարարական ավանդույթների զարգացման և պահպանման» ՀԿ-ի նախագահ Սեդրակ Մամուլյանը, Սոցիալական ապահովության պետական հիմնադրամի նախագահ Վազգեն Խաչիկյանը, և բազմաթիվ լրագրողներ: Հարություն Ենգոյանը լրագրողների հետ այցելեց Ախթալայի Սբ. Աստվածածին եկեղեցու  հրապարակ, որտեղ անց են կացվում խորովածի արդեն ավանդական դարձող փառատոները: Նա լրագրողներին հայտնեց, որ Ախթալայում կազմակերպվող խորովածի փառատոնի մասին իմացել է զուտ պատահականորեն, ինչն էլ դիտեց գովազդի բացակայության հետևանք: Ըստ Հարություն Ենգոյանի` Ախթալան կդառնա խորովածի միջազգային շարժմանը միանալու խորհրդանիշ: «Ինչպես մենք 2006 թ.-ին  սկսեցինք Կրասնոգորկից,  որի անունը գրվել է Ռուսաստանի «Բարբի քյու» շարժման մեջ, այնպես էլ Ախթալան կունենա իր պատվավոր տեղը շարժման տարածման գործում: Հայերը ավանդական խորոված պատրաստող ազգ են: Մեր հաշվարկներով` 4 հազար տարի հայերը գիտեն` ինչ բան է խորովածը: Մյուս կողմից` ցավոք սրտի, հայերը առայժմ տեղեկացված չեն, թե «Բարբի քյու» շարժումը աշխարհում ինչ նվաճումների է հասել»,- ասաց Հ. Ենգոյանը: Այս առումով էլ Հ.Ենգոյանը կարծում է, որ հայերը, խորովածի պատրաստման բազմադարյան փորձ ունենալով և ծանոթանալով նորույթների հետ, պետք է վերամշակեն և աշխարհին ներկայացնեն խորովածի պատրաստման նոր հայտնագործություններ: «Համաշխարհային վարպետների պատրաստած «բարբի քյու»-ն ուտելիս նախ զարմանում ես: Ես կուզենայի մեր խորովածով նախ այդ զարմանքը անցնեինք: Փորձենք հասկանալ` ինչու են այդ մարդիկ մսի պարունակության ֆիզիկան հասկանում: Հայաստանում դժվար է գտնել մի խոհարար, որը կարողանա պատասխանել, թե քանի աստիճանի տակ է  խորովում միսը, ավանդական գիտենք»,- ասաց նա: «Բարբի քյու»  միջազգային ասոցիացիայի փոխնախագահը նաև տեղեկացրեց, որ քանի որ Ռուսաստանը բազմազգ երկիր է, մեծ տարածում ունի շաշլիկը` խորովածը, իսկ միջազգային տերմինալոգիայով ասած` օրտոդոքսալ գրիլը: Հարություն Ենգոյանի տեղեկացմամբ` Ռուսաստանում «բարբի քյու»-ի մրցումները բաց բնույթ են կրել, որին հենց առաջին փուլից մասնակցել են 2 թիմ Հայաստանից: Մասնակցել են  նաև  Բրազիլիայի, Նիգերիայի, Էստոնիայի, Ուկրաինայի հավաքականները: «Հավատեցեք ինձ, Ռուսաստանի թիմերը շատ բան տեսան  և սովորեցին այդ փառատոնից»,- ասաց նա «Բարբի քյու»-ի սիրահար է նաև ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Արմեն Ջիգարխանյանը, ում  Ռուսաստանի «Բարբի քյու» փառատոնին հրավիրելու պատճառ է դարձել «Երբ գալիս է սեպտեմբերը»  ֆիլմը, որտեղ Արմեն Ջիգարխանյանը  պատշգամբում խորոված է  պատրաստում: Հ. Ենգոյանը չթաքցրեց, որ դա  է հիմնական առիթը եղել Արմեն Բորիսիչին «Բարբի քյու» շարժման հիմնադիրներից մեկը, ապա պատվավոր նախագահը դառնալու գործում: «Հայ խոհարարական ավանդույթների զարգացման և պահպանման» ՀԿ-ի նախագահ Սեդրակ Մամուլյանը միանշանակ դրական գնահատեց  Ախթալայի խորովածի փառատոնի արձագանքները և ասաց. «Մեզ դիմել են նաև այլ մարզերի և համայնքների ղեկավարներ` նմանատիպ միջոցառումներ իրենց մոտ ևս կազմակերպելու համար: Ամենամեծ արձագանքը սեպտեմբերի 19-ին խորովածի վերջին փառատոնից հետո եղավ այն, որ սեպտեմբերի 20-ին ինձ զանգահարեց  Ռուսաստանի «Բարբի քյու» ասոցիացիայի նախագահ պարոն Ենգոյանը և խնդրեց, որ մենք հանդիպենք: Պարոն Ենգոյանի հետ մեր հանդիպումը նպատակ է հետապնդում, որ մենք միջազգային ասպարեզ դուրս գանք և կարողանանք  մեր ազգային խոհարարական արվեստը ցուցադրել նաև միջազգային ասպարեզում»: Ս.Մամուլյանը  կոնկրետացրեց, որ իր ղեկավարած ՀԿ-ին խորովածի փառատոն կազմակերպելու  առաջարկներով  դիմել են Արմավիր քաղաքից «Արմավիրի խորոված», Շիրակի մարզից «Շիրակի խորոված» փառատոներ կազմակերպելու համար: «Բայց ես կարծում եմ, որ բոլոր մարզերում էլ կարելի է կազմակերպել խորովածի փառատոներ»,- ասաց նա: Վերջինս նաև լրագրողներին տեղեկացրեց, որ փառատոնի մասին Ախթալայի քաղաքապետ Հայկ Խաչիկյանի հովանավորությամբ հրապարակվել է գիրք` «Ախթալա. Հայաստան, խորովածի փառատոն» վերնագրով, որտեղ կան խորովածի պատրաստման բազմաթիվ նորարարություններ: Սեդրակ Մամուլյանը գտնում է, որ խորովածի փառատոնային շարժումը առաջիկա տարիներին կընդգրկի Հայաստանի բոլոր մարզերը, այդ թվում նաև` Արցախը, իսկ դրա արդյունքում խորոված պատրաստողների հայ թիմը պատշաճորեն կներկայանա համաշախարհային «Բարբի քյու» փարթիներին: Ս. Մամուլյանը կարծում է` խորովածը լավաշի միացնելով` հայերը «Բարբի քյու» միջազգային մրցույթներում կառաջարկեն  նոր բրենդ: Ախթալայի 2009 թ.-ի «Խորովածի փառատոնի» լավագույն ավագ խոհարար անվանակարգում առաջին մրցանակը շահած Ալավերդու «Ֆլորա» ռեստորանի ավագ խոհարար Արմեն Քեֆիլյանը, ով նաև ճանաչվել է լավագույն խորոված պատրաստող լոռեցի, լրագրողներին ներկայացրեց խորովածի պատրաստման իր պրոֆեսիոնալիզմին աջակցող գործոններն ու ասաց. «Փառատոներին խորովածի բոլոր գործերն էլ շատ վարպետորեն էին ներկայացված: Իմ հաղթանակը  խոհարարական իմ թիմին ոգևորել է: Մենք հաջորդ տարի ավելի լավ իմպրովիզ աշխատանքով կներկայանանք փառատոնին: Կներկայացնենք չկրկնված  խորովածի տեսակ»: Արմեն Քեֆիլյանը տեղեկացրեց, որ խորովածի փառատոներից հետո զգալիորեն ավելացել է տարածաշրջան այցելող զբոսաշրջիկների թիվը: Նրա ղեկավարած «Ֆլորա» ռեստորանում 2010 թ.-ի անցած ժամանակաշրջանում ճաշել է 7500 զբոսաշրջիկ` նախորդ տարվա 7000-ի դիմաց: Խոհարարը գտնում է, որ իր խոհարարական թիմի հաջողությունը պայմանավորվում է ոչ միայն պրոֆեսիոնալիզմով, այլ նաև էկոլոգիապես մաքուր սննդատեսակների սպասարկմամբ: Արմեն Քեֆիլյանի օգնությամբ և «Բարբի քյու» միջազգային ասոցիացիայի փոխնախագահի հսկողությամբ Լոռվա խորոված պատրաստեցին և համտեսեցին լրագրողները և Սբ. Աստվածածին եկեղեցի այցելած զբոսաշրջիկները:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Եր
Եք
Չր
Հն
Ուր
Շբ
Կր
30
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31
1
2
3
Այսօր