HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

2538 եկեղեցիներից մնացել են 4-ը

«Եկեղեցին առանց խաչի, որքան էլ եկեղեցի լինի, դառնում է սովորական շենք, գոնե այդ շենքում պատարագ չի կարելի մատուցել, որովհետև սուրբ պատարագը ենթադրում է խաչի առկայություն»,- անդրադառնալով Աղթամարի Սուրբ Խաչ եկեղեցու պատարագին` այսօր «Արմատ» ակումբում լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց թուրքագետ Հակոբ Չաքրյանը: Բանախոսի դիտարկմամբ, սա չպետք է տարօրինակ թվա, քանի որ գործ ունենք թուրքական իրականության հետ: Նա հիշեցրեց խաչի պատմությունը, երբ 2007թ-ին Սուրբ Խաչ եկեղեցու վերանորոգումից հետո Պոլսո Հայոց  պատրիարք Մեսրոպ Մութաֆյանը խաչ էր պատրաստել և ուղարկել Վան: Այդ խաչը երեք տարի շարունակ սպասում է տեղադրմանը, իշխանություններն էլ բազմիցս խոստացել էին, որ այն անպայման կտեղադրվի: Հակոբ Չաքրյանը ներկայացրեց նաև թուրքական մամուլից քաղած տեղեկություններ, համաձայն որի`  1914 թվականի տվյալներով ներկայիս Թուրքիայի ասիական հատվածում գործել է 2538 եկեղեցի և 451 վանք: 1915 թվականին այս եկեղեցիներն ու վանքերը հիմնահատակ կողոպտվել են, մի մասը` հրկիզվել, այնուհետև, չնայած Լոզանի պայմանագրի, որը ենթադրում է ազգային փոքրամասնությունների և կրոնամշակութային արժեքների պահպանում, սկսել են քանդել այդ եկեղեցիները: 1974 թվականի ՅՈՒՆԵՍԿՈՅԻ զեկուցագրի համաձայն` Թուրքիայի ասիական հատվածում քիչ թե շատ կանգուն էր մնացել ընդամենը 331 եկեղեցի և վանք, սակայն զեկուցագրի հրապարակումից հետո շարունակվել է եկեղեցիներից և վանքերի ոչնչացումը: Այժմ 2538 եկեղեցիներից կանգուն են Կեսարիայի, Մալաթիայի, Դիարբեքիրի եկեղեցիները և մի փոքրիկ գյուղական եկեղեցի:  «Այսպիսի պետությունից սպասել, որ խոստում կատարի՞»,- հարցրեց Հակոբ Չաքրյանը: Ասուլիսին ներկա էր նաև «Սասուն» ազգային երգի-պարի համույթի ղեկավար Անդրանիկ Մանուկյանը:  Անցյալ տարի նա իր խմբի հետ միասին եղել է Աղթամարի Սուրբ Խաչ եկեղեցում: Այցելության նպատակն էր` նկարահանել այնտեղ ազգային երգերը, պարերը: Անդրանիկ Մանուկյանը մեծ դժվարությունների է հանդիպել Սուրբ Խաչում, որտեղ ցանկացել են պարեր նկարահանել: Թուրքերն արգելել են նրանց նկարահանումներ կատարել: Անդրանիկ Մանուկյանը նույնիսկ փորձել է նվերներ մատուցել, բարեխոսել, որ թույլ տան նկարահանումները, սակայն ապարդյուն: «Ուզեցա բարեխոսել, ասել, որ վերջիվերջո մենք ասում ենք, որ ապրում ենք 21-րդ դարում, ինչ եղել` եղել է, թող անցած լինի, բայց հիմա պետք է բարեկամական կապեր հաստատել, ըստ ձեր և մեր ասածների, հիմա ինչումն է բանը, որ չենք կարողանում,- ասաց նա և հավելեց,- միևնույն է` թուրքը մնում է թուրք»: Դժվարությամբ կարողացել է նկարահանել պսակադրության արարողություն: Հագել է փարաջան, խումբը հագել է տարազ, և պսակադրության կարգ են կատարել` խմբում ամուսնանալու հավակնորդ զույգի համար: «Պատկերացրեք, գնացել կանգնել ենզ խորանի առջև, որ աղոթք անենք առ Աստված, իսկ թուրքը եկել է ու ինձ ստիպում է, որ դու իրավունք չունես կանգնել խորանի դիմաց` առ Աստված, ասում  է` կանգնի արևմուտք և արարողություն արա: Ասում եմ` հարգելիս, դու հասկանում ես, թե ինչ ես ասում, դու երբ որ նամազ ես անում, ոնց կարելի է, որ որտեղ որ պետք է ծնկի գաս, մեկը գա ու քեզ ասի`գիտես ինչ, շուռ արի հակառակ կողմը և աղոթք արա առ Աստված»,- պատմում է Անդրանիկ Մանուկյանը: Վերջինս կարծում է, որ այս ամենի նպատակը հայկական եկեղեցիներն ու վանքերը մեջիթ դարձնելն է, իսկ ողջ աշխարհին մատուցում են, որ վերանորոգել են, բայց իրականում աստիճանաբար քանում, վերացնում և հայկական վանքերը դարձնում են մեջիթ: Որպես դրա ապացույց Անդրանիկ Մանուկյանը նաև ցույց տվեց Վանի արվեստը նկարագրող և զբոսաշրջիկներին վաճառվող գիրքը, որտեղ ամբողջը ներկայացվում է որպես թուրք մշակույթի մասնիկ` գորգագործություն, ձեռագործություն, Վանա կատուն: «Ամբողջ աշխարհին մատուցում են, որ սա իրենց արվեստն է: Հիմա որ նայեք` ամբողջը քրդեր կամ թուրքեր են, ու կուզենամ հասկանամ ու հասկացնեմ, թե ինչ կապ ունի այս արվեստը, ինչ կապ ունի այն քրդի, թուրքի հետ»: Մինչդեռ Հակոբ Չաքրյանի կարծիքով, Աղթամարի Սուրբ Խաչը մզկիթի չեն վերածի և չեն քանդի, նախ` որովհետև Սուրբ Խաչն ընդգրկված է ՅՈՒՆԵՍԿՈՅԻ պահպանվող հուշարձանների ցուցակում, երկորդ` բոլորն էլ գիտեն, որ դա հայկական է եղել:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter