HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Թուրք հասարակությունը «հայ» բառն ընկալում է կա'մ որպես ուշունց, կա'մ որպես կատակ

Բայց քաղաքացիական հասարակությունը սկսում է զարթնել. սկսվում է հարցերի փուլը

Ավանդաբար թուրք հասարակությունում «հայ» բառն ընկալվում է կամ որպես ուշունց, կամ որպես կատակ: Սրա պատճառը, գիտնական, քաղաքագետ Զաֆեր Յորուքի դիտարկմամբ, հոգեբանական է: Զաֆեր Յորուքի հետազոտության հիմնական թեման Թուրքիայում ինքնության ճգնաժամն է:

 Հետաքրքրվում է նաև հոգեվերլուծությամբ և ինքնության քաղաքականությամբ: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նա նշեց, որ թուրք հասարակության համար «հայ» բառը հոգեբանորեն ճնշված, մոռանալ պարտադրված պատմական փաստի հիշեցում է: Ու սա հասկանալու համար մասնագետը վկայակոչեց Զ. Ֆրեյդի` մարդու կյանքում կատակների իմաստի մասին աշխատությունը. «Նա ասում էր, որ այն, ինչ ստիպել ես, որ ինքդ մոռանաս, միևնույն է, հետ է գալու կատակների միջոցով: Իրականությունն այն է, որ մենք` որպես թուրք հասարակություն, պատմության մեջ մի մեծ հայկական համայնքի հետ ենք ապրել, ապրել ենք, որպես նույն հասարակության անդամներ, նույն սուլթանի հպատակներ, նույն երկրի հայրենակիցներ»: Զաֆեր Յորուկի խոսքով, դրանից հետո ողբերգական կերպով այդ միասնությունն անհետացել է: Եվ ինչքան էլ այդ պահը հայերի համար դրամատիկ ինքնության խնդիր է առաջացրել, թուրքերի համար ևս դրամատիկ է: Իսկ հոգեկան այդ ցնցումը հիշեցնող ամեն բան ցավալի է, և երկու ուղի ունի` դուրս է գալու կա'մ որպես կատակ, կա'մ որպես ուշունց: Զաֆար Յորուքի կարծիքով, հոգեկան ցնցման մասին խոսելն արդեն իսկ բուժման մասին խոսել է նշանակում, իսկ դա ապագայի հարց է: Հոգեբան Կարինե Նալչաջյանի գնահատմամբ, հայերը ևս թուրքերին ասոցացնում են ամենաբացասական իմաստ ունեցող բառերի հետ:  Թուրք հասարակության` հայերին ընկալելու վերոնշյալ դրդապատճառները վերագրելով պատմությանը` Կարինե Նալչաջյանը նշեց, որ թուրքի կերպարը հայի համար դահիճ է, իսկ իրենք` հայերը` զոհեր: «Ոչ մի հաճելի բան չկա ոչ զոհ լինելու, ոչ էլ դահիճ լինելու մեջ: Եվ անպայման` և զոհը, և դահիճը ներքին հոգեբանական կոնֆլիկտներ ունեցող մարդիկ և հանրույթներ են»,- կարծում է հոգեբանը: Նրա վերլուծությամբ, մարդը միշտ հակված է արդարացնել իր գործողությունները, դրա համար մինչև Ցեղասպանությունը թուրք քարոզիչները հայերին վարկաբեկելու քարոզչություն են իրականացրել, որպեսզի արդարացնեն իրենց հետագա գործողությունները: Կ. Նալչաջյանը դահիճի ևս մի կերպարի մասին է նշում, որը հանցագործությունն անելուց հետո մեղքի ու ամոթի զգացում է ունենում: Մեկ այլ կերպար է, երբ նա համառում և պնդում է իր արածի արդարացումը: Զոհի կերպարը, ըստ Կ. Նալչաջյանի, վարկաբեկված է: Ընդ որում` նախևառաջ դահիճի կողմից, կա իհարկե նաև զոհի ինքնավարկաբեկման գաղափարը, այսինքն` դա պատահեց, քանի որ ինքն արժանի էր դրան: Վկայակոչելով հոգեբանական հետազոտությունները` հոգեբանն ասաց, որ թշնամական դիրքորոշումները ժամանակի տեսակետից ամենակայուն դիրքորոշումներն են, իսկ այն հաղթահարելու միջոցը կոնֆլիկտի լուծումն է, որի համար առաջին քայլը կոնտակտի մեջ մտնելն է, ապահովել շփումը: «Կարծեք թե առաջին քայլի փորձերն արվում են: Առաջին քայլը հոգեբանական տեսակետից ամեանաբարդն է` գնալ ընդառաջ, փորձել խոսել, պարզաբանել»,- ասաց հոգեբանը: Նրա դիտարկմամբ, այս փուլում, սակայն, արդեն տեղում դոփում են. կոնտակտի մեջ մտնելու համար պետք է ինչ-որ հարցեր լուծել, մեղավորը պետք է ընդունի, որ ինքն արել է դա. «Եթե մեղքի ընդունումը լինի, սա հոգեբանորեն ուրիշ ֆոն կստեղծի կոնտակտի համար»: «Ցավոք սրտի` անհատական, կրթական, բարոյական, հասունացած մարդկանց քանակը դեռևս Թուրքիայում շատ հեռու է որակ կազմելուց, դա ընդամենը կաթիլ է ծովում»,- նշեց Կարինե Նալչաջյանը` անդրադառնալով թուրք հասարակությունում նկատված դրական տեղաշարժերի, ներողության ակցիային միացած անձանց: Ի դեպ, Զաֆեր Յորուքը խոստովանեց, որ ինքն էլ է միացել ներողության ակցիային, ունի մի քանի հայ ընկերներ և մասնակցել է Հրանտ Դինքի թաղման արարողությանը: «Եթե պետական մակարդակով քաղաքական կամքի գոյության դեպքում այս խնդիրն ինչ-որ կերպ լուծվի, վստահ եմ, որ հետո հասարակությունների միջև գործընթացը շատ ավելի արագ կընթանա»,- նշեց Զաֆեր Յորուքը: Նա կարծում է, որ հայ և թուրք հասարակությունների և պետությունների միջև մերձեցումը միջև վերջին 1.5 տարվա ընթացքում նկատելի է: Թուրքերը հասկացել են, որ Կովկասում կա մի երկիր, որի անունը Հայաստան է: Արձանագրությունների գործընթացից հետո Հայաստանը նոր դեր է ունեցել. ընկալվում է որպես մի երկիր, որը պետք է Թուրքիայի հետ հաշտության եզրեր գտնի: Թուրք հասարակությունը սկսել է խոսել պատմական այլ խնդիրների մասին` բացի ղարաբաղյան հիմնախնդրից ու սկսել է քննարկել պատմական հին փաստեր: Այս քայլը թուրք փորձագետը դրական է գնահատում: «Թուրքիայում արդեն սկսել է հայկական հարցի, հայերի վերաբերյալ լուսավորչական շարժում, եթե կարելի է այդպես անվանել: Եվ, իհարկե, մենք շատ մեծ ցուցակ ունենք, թե ինչի մասին պետք է իմանանք հայերի վերաբերյալ»,- ասաց Զ. Յորուքը: Ներողուքյան արշավը, ըստ թուրք մասնագետի, ևս դրա օրինակն է. 30 հազար անձ, չնայած պետական ճնշմանը, շատ քաջ քայլ է արել` ստորագրելով այդ տեքստի տակ: Այս տարի առաջին անգամ մի խումբ մարդիկ հիշել են սպրիլի 24-ը: «Մի կողմից պետական մակարդակի մերձեցման փորձեր էին արվում, մյուս կողմից քաղաքացիական հասարակությունը սկսում է զարթնել. սկսվում է զարթոնքի փուլ, սկսվում է հարցերի փուլ»,- ամփոփեց Զաֆեր Յորուքը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter