HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Քրեադատական եռանկյունի` Հրազդանի թիվ 12 դպրոցում

Հրազդանի Հակոբ Պարոնյանի անվան թիվ 12 միջնակարգ դպրոցի տնօրեն Սուսաննա Երգինյանի լիազորություններն օգոստոսի 27-ից ժամանակավորապես դադարեցվել են: Տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել փոխտնօրեն Աղավնիկ Իսկանդարյանը:

Հունիսի վերջին Հրազդանի թիվ 12 դպրոցում հայտնաբերված չարաշահումների եւ կաշառակերության դեպքերի առթիվ քրեական գործ է հարուցվել` ՀՀ ՔՕ 308 եւ 311 հոդվածներով` պաշտոնեական լիազորությունները չարաշահելու եւ կաշառք վերցնելու հատկանիշներով: Գործով անցնում է նաեւ դպրոցի տնօրեն Սուսաննա Երգինյանը: Այս տարվա օգոստոսի 9-ին ձերբակալվում է նույն դպրոցի դասվար Կարինե Ալեքսանյանը` կաշառքը տնօրենին փոխանցելու մեղադրանքով: Օգոստոսի 12-ին նախաքննական մարմինը ընդհանուր իրավասության դատարան է ներկայացրել Կ. Ալեքսանյանին կալանավորելու միջնորդություն, սակայն դատարանը 500 հազար դրամ գրավի դիմաց նրան կալանքից ազատել է: Ըստ նախնական վարկածի` 2007 թ. նա 100 հազար դրամ կաշառքը տնօրենին է փոխանցել դասվար Արմինե Հովհաննիսյանից, որպեսզի տնօրենը վերջինիս պահի իր աշխատանքում: Տնօրեն Սուսաննա Երգինյանը մեզ հետ զրույցում ժխտեց կաշառքի փաստը. «Դա բացառվում է»: Ինչպես ներկայացնում է տնօրենը` Արմինե Հովհաննիսյանն այնուհետեւ միտքը փոխել է ու պնդել է, որ 80 հազարը տվել է Կարինեին, որ փոխանցի, իսկ 20-ը` իբր իրեն: Արմինե Հովհաննիսյանը բավականին երկար աշխատել է նշված դպրոցում, բայց քանի որ երեխաների թիվը կրճատվել է, դուրս է եկել եւ մեկ տարով գնացել Մոսկվա:

«Արմինե Հովհաննիսյանն իր ցուցմունքում գրել է, որ իբր թե իրեն դպրոցում պահելու համար ինձ նաեւ 10 հազար դրամանոց վազ է նվիրել,- շարունակում է տնօրենը,- խոստացել էի, որ ետ կընդունեմ, այս վազը հանկարծ ինքը ձեռքը բռնած գալիս է ու ինձ այս վազը նվեր է բերել, բայց գրել է, որ իբր ես իրեն աշխատանքից չազատեմ, ինձ վազ է կաշառք բերել: Այս վազը միշտ դպրոցում է եղել ու անընդհատ օգտագործվում է այստեղ, ընդհուպ` հարցատոմսերը ոլորում, դնում ենք մեջը, որ երեխաները գան միջից վերցնեն»:

Կարինե Ալեքսանյանը միջին մասնագիտական կրթություն ունի: Ղեկավարում է դասվարական մասնախումբը, դպրոցի Կառավարման խորհրդի եւ Արհկոմի նախագահն է: Արմինե Հովհաննիսյանը եւ Կարինե Ալեքսանյանը հրաժարվեցին մեր հարցերին պատասխանել: «Եթե կաշառք ես տվել ու քեզնից եթե պահանջել են, դու ինչու՞ էդ պահին բռնել չտվեցիր այդ մարդկանց»,- հարցնում է տնօրենը:

Նա համոզված է, որ այստեղ երեւում է փոխտնօրեն եւ աշխարհագրության ուսուցիչ Սուրեն Մաղաքյանի ձեռագիրը: Հենց նա է դիմել Կոտայքի մարզի դատախազություն` դիմումի մեջ նշելով տնօրենի չարաշահումների մասին: Մաղաքյանը պատմել է, որ տնօրենը զբաղվում է կաշառակերությամբ, դրամաշորթությամբ, պետական միջոցների յուրացմամբ եւ այլն: Ոստիկանության Կոտայքի մարզի քննչական բաժինը քրեական գործ է հարուցել: Ըստ Ս. Մաղաքյանի` տնօրենը Կարինե Ալեքսանյանի միջոցով աշակերտներից գումար է հավաքել` 10 հազար դրամից մինչեւ 20 հազար, իսկ այս տարվա երկու ավարտական դասարանները 100 հազարական դրամ են նվիրել տնօրենին: Ուսուցիչներ են եղել, որոնք գործի ընդունվելու համար են գումար տվել, եղել են նաեւ գործից չազատվելու համար գումար տվողներ, ինչպես նաեւ կաշառք են տվել ավարտական վկայականների, գնահատականների համար: Սուրեն Մաղաքյանը եւս ցուցմունք է տվել: Նա պատմել է, որ քննական շրջանում Կարինե Ալեքսանյանը տնօրենի պահանջով իրենից փող է ուզել, որպեսզի տնօրենն այդ գումարը տա ԿԳ նախարարության ներկայացուցչին, որ վերջինս քննություններին խիստ չվերաբերվի: Ոստիկանության Կոտայքի մարզի քննչական բաժինն էլ գրություն է ուղարկել մարզպետարան` տնօրեն Երգինյանի լիազորությունները ժամանակավոր դադարեցնելու պահանջով` այն պատճառաբանությամբ, որ տնօրենը, իր դիրքը չարաշահելով, մինչեւ քննության ավարտը չկարողանա ճնշում գործադրել կոլեկտվի վրա: Կարինե Ալեքսանյանը շարունակում է աշխատել դպրոցում: Քանի որ նախաքննությունը շարունակվում է, զերծ ենք մնում գործի այլ մանրամասներ հրապարակելուց: Իսկ ամեն ինչ սկսվել է տնօրեն Սուսաննա Երգինյանի եւ փոխտնօրեն Սուրեն Մաղաքյանի լարված հարաբերություններից: Երկուսն էլ եղել են թիվ 12 դպրոցի տնօրենի թեկնածուներ, հավասարապես լրացրել են քննաթերթիկները եւ անցել հարցազրույցը, բայց տնօրեն է նշանակվել Ս. Երգինյանը, ինչպես ինքն է մեկնաբանում` դպրոցի ապագայի վերաբերյալ զարգացման ավելի լավ ծրագիր ներկայացնելու համար: Ս. Մաղաքյանը կես դրույքով նշանակվել է փոխտնօրեն, դասավանդել է նաեւ «աշխարհագրություն» առարկան: Սակայն նրանց հարաբերությունները հետզհետե լարվել են: Ս. Երգինյանը 2009 թ. հունիսի 30-ին Սուրեն Մաղաքյանին հեռացրել է աշխատանքից` հաստիքի կրճատման պատճառաբանությամբ:

Տնօրենը բազմաթիվ թերություններ է նշում, որոնք Ս. Մաղաքյանը թույլ է տվել իր աշխատանքի ընթացքում: Ս. Երգինյանը նրան նախկին պահակի հետ երեկոյան մի քանի անգամ «բռնացրել է» պահակակետում քեֆ անելիս եւ հարբեցողությամբ զբաղվելիս: Նա դասացուցակը կազմելիս խտրականություն է դրսեւորել իր կողմնակիցների օգտին, բացակա չի նշանակել իր հետ լավ հարաբերություններ պահպանող ուսուցիչներին, դպրոցում է անցկացրել դիմորդների հետ իր պարապմունքները, մինչեւ Ս. Երգինյանը դա չի արգելել, անձնական նպատակների համար օգտագործել է համակարգիչներն ու տպիչ սարքը եւ այլն:

«Դուրս է գալիս, որ ինքը շատ անմեղ է, էս երկրում ինքը ոչ մի տեսակ վատ բան չի արել, եւ մի բոբո տնօրեն իր հետ շատ վատ է վարվում»,- ասում է Ս. Երգինյանը: Նա դպրոցում ստեղծված իրավիճակը վերագրեց Ս. Մաղաքյանի «ձեռագրին» եւ ասաց, որ ինքը կդառնա 7-րդ տնօրենը, որը նույն ձեւով դուրս կգա թիվ 12 դպրոցից:

Ինչո՞ւ չի կատարվել Կրթության պետական գլխավոր տեսուչի հանձնարարականը

Մինչ այդ Սուրեն Մաղաքյանը իրեն աշխատանքից հեռացնելու եւ դպրոցում կատարվող մի շարք թերությունների մասին դիմում-բողոք է գրել Կրթության պետական տեսչություն (ԿՊՏ): Այստեղ արդեն եղել է աշխատանքից հեռացնելու մասին դաստիարակության գծով տեղակալ Անահիտ Փանոսյանի բողոքը: Թիվ 12 դպրոցում ստուգումներ են սկսվել: Ա. Փանոսյանի մասով ստուգումների արդյունքում տնօրենին հանձնարարական է տրվել` վերականգնել նրան նախկին աշխատանքում, քանի որ տնօրենը նրան ազատել էր առանց ծանուցման: Սուրեն Մաղաքյանի դիմում-բողոքի հիման վրա անցյալ տարվա սեպտեմբերի 16-19-ը ստուգումներ են իրականացվել տեղում:

Պարզվել է, որ Փանոսյանի մասով հանձնարարականը եւս չի կատարվել: Կրթության պետական տեսչության հանրակրթության տեսչավորման բաժնի պետ Աշոտ Արշակյանը եւ ստուգումների անմիջական մասնակից, տեսչավորման բաժնի գլխավոր մասնագետ Սյուզաննա Մակյանը պատմեցին, որ դպրոցում հայտնաբերվել են նաեւ այլ բնույթի խախտումներ:

Չնայած Կրթության պետական գլխավոր տեսուչի հանձնարարականները ենթակա են պարտադիր կատարման, Ս. Երգինյանը Փանոսյանին եւ Մաղաքյանին վերականգնելու հանձնարարականը չկատարելու որոշումը պատճառաբանել է նրանով, որ այն չի բխում դպրոցի շահերից: «Եթե նայեք նախնական դասաբաշխումը, չենք իմանում ոնց անենք: 5 ժամով ուսուցիչ պիտի պահենք այս տարի: Դպրոցի աշակերտների թիվը կրճատվել է, ֆինանսավորվում ենք մեկ տողով եւ հանկարծ այդքան ուսուցիչ ենք պահելու 5 ժամով: 5 ժամով ուսուցիչ են պահո՞ւմ: Ոչ ոք էլ չի ուզում դպրոցից կամովին գնալ: Ես էլ, արդեն տառապանքս փորձ ունի, ոչ մեկին ծանուցագիր չեմ տվել»,- ասում է Ս. Երգինյանը: Հաշվի առնելով վերոնշյալ խախտումները եւ այն հանգամանքը, որ տնօրենին նշանակում եւ աշխատանքից ազատում է մարզպետը, ԿՊՏ-ն գրությունով դիմել է Կոտայքի մարզպետ Կովալենկո Շահգալդյանին` առաջարկելով լուծել դպրոցի տնօրենի հետ կնքած աշխատանքային պայմանագիրը, այսինքն` ազատել նրան զբաղեցրած պաշտոնից: Կոտայքի մարզպետը, սակայն, տնօրենի նկատմամբ կիրառել է միայն կարգապահական տույժ` նկատողություն:

«Սրանք նորմատիվ իրավական ակտի խախտումներ են: Բնականաբար, եթե առաջարկություն է ներկայացվում զբաղեցրած պաշտոնի համապատասխանության հարց քննարկել, նշանակում է, որ արդեն կան դրա համար նախադրյալներ, այսինքն` խախտումների բնույթն այնպիսին է, որ հիմք է տվել նման առաջարկության»,- ասում է Աշոտ Արշակյանը: Կոտայքի մարզպետարանի աշխատակազմի կրթության բաժնի պետ Կարեն Հունանյանը նշեց, որ նպատակահարմար չեն գտել իրագործել, քանի որ տնօրենի հեռացման` «ՊՈԱԿ-ի մասին» օրենքով սահմանված հիմքերն առկա չեն եղել:

«Բայց ինչո՞ւ ինձ հեռացնեն, ես ի՞նչ եմ արել, որ ինձ հեռացնեն: Դրա համար դպրոցի տնօրեն են ազատո՞ւմ աշխատանքից: Ինչ-որ մեկի բանսարկությամբ չի կարելի տնօրեն հեռացնել: Ինչ-որ իրենք գրել են, դրանք աշխատանքից հեռացնելու խախտումներ չեն: Եթե այդպես լինի, ուրեմն ՀՀ-ում ոչ մեկը պիտի չաշխատի»,- վստահ է Ս. Երգինյանը: Նույն ժամանակահատվածում դպրոցում ստուգումներ է իրականացրել նաեւ Աշխատանքի պետական տեսչությունը (ԱՊՏ): ԱՊՏ պետի տեղակալ Արմեն Սմբատյանը մեզ տեղեկացրեց, որ տեսչության ստուգումների արդյունքում պարզել են, որ աշխատանքային պայմանագրերը կնքված են եղել ժամկետային, այլ ոչ թե անժամկետ, եղել են նաեւ համատեղության կարգով աշխատողներ, որոնց հետ աշխատանքային պայմանագրեր չեն կնքվել: ԱՊ տեսչությունը տնօրենի նկատմամբ կիրառել է 200 հազար դրամի տույժ եւ նախազգուշացում: Մեկնաբանելով հնչող կարծիքները, թե ինքը Կոտայքի մարզպետ Կ. Շահգալդյանի հովանավորյալն է, Ս. Երգինյանն ասում է. «Ես ոչ մեկի հովանավորությունը չեմ վերցնում, ես ուղիղ 50 տարի ղեկավար աշխատանք եմ տարել, աշխատել եմ մարզպետարանում, փոքր մարդ չեմ եղել, կրթության վարչության պետի տեղակալ եմ եղել: Եթե ես իմ ցանկությամբ եկել եմ (սա ինձ համար պաշտոնի իջեցում է), ուղղակի դպրոցը սարքելու համար եմ եկել: Իմ անձնական գործոնն օգնել է, որ «Լինսը» հենց այս դպրոցը սարքի»:

Տնօրեն-փոխտնօրեն դատական վեճն առայժմ Ս. Մաղաքյանի օգտին է

Սուրեն Մաղաքյանը 2003-ից աշխատում է Հրազդանի թիվ 12 միջնակարգ դպրոցում: Երբ տնօրենը չի կատարել Կրթության պետական տեսչության հանձնարարականը եւ Ս. Մաղաքյանին չի վերականգնել իր աշխատանքում, վերջինս դիմել է Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարան` պահանջելով տնօրենին պարտավորեցնել վերականգնել իրեն աշխատատեղում, վճարել իր միջին աշխատավարձը հարկադիր պարապուրդի ամբողջ ժամանակահատվածի համար:

Դատարանը բավարարել է Ս. Մաղաքյանի հայցը եւ ապացուցված է համարել այն փաստը, որ Սուրեն Մաղաքյանին աշխատանքից ազատելու մասին ծանուցագիրը տրվել է առանց ազատման հիմք հանդիսացող փաստաթղթի, այն է` մարզպետի կողմից հաստատված հաստիքացուցակի: Այսինքն` տնօրենը Մաղաքյանին ազատել է մի հիմնավորմամբ` հաստիքի կրճատում, որի հրամանը դեռ գոյություն չուներ, այն եղել է ավելի ուշ: Սուսաննա Երգինյանը բողոքարկել է վճիռը: Վերաքննիչ դատարանը Մաղաքյանին նախկին աշխատանքում վերականգնելու մասով վճիռը բեկանել է եւ ուղարկել ետ նոր քննության` նշելով, որ նախկին աշխատանքում վերականգնելու մասով անհրաժեշտ է իրականացնել նոր քննություն` ամբողջ ծավալով գնահատելով գործատուի մոտ առկա հնարավորությունները: Սուրեն Մաղաքյանը Վճռաբեկ դատարան է դիմել, որը, սակայն, վերադարձրել է բողոքը: Օգոստոսի 5-ին Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը (նախագահությամբ դատավոր Ա. Սիսակյանի) կրկին քննել է Սուրեն Մաղաքյանի հայցը եւ բավարարել այն: Դատարանը վճռել է Ս. Մաղաքյանին վերականգնել իր նախկին աշխատատեղում` փոխտնօրենի եւ ուսուցչի պաշտոնում` կես դրույքաչափերով:

«Դատարանը վճիռ կայացրեց, առանց հաստիքի գոյության դպրոցին հարկադրեցին բյուջեի փողերը տալ մարդուն, որի հաստիքը չկա: Մի ամբողջ տարի մենք իրեն աշխատավարձ ենք տվել հարկադիր կատարողականով,- ասում է Ս. Երգինյանը,- մի տարի չի աշխատել` ստացել է: Էդ մաքուր մարդը ո՞նց ստացավ էդ վճիռը»: Սուրեն Մաղաքյանն էլ նշում է, որ ինքն անցյալ տարի դասավանդել է ԴԱՀԿ-ի կատարողականով, բայց այդ ընթացքում իրեն հաստիքացուցակի մեջ չեն մտցրել, այսինքն` չեն տարիֆիկացրել որպես փոխտնօրեն, ինչն օրենքի խախտում է: Նրա հետ աշխատանքային պայմանագիր են կնքել որպես կես դրույքով փոխտնօրեն եւ 5 դասաժամ տվել:

«Եթե հաստիքացուցակի մեջ չի մտցրել, որտեղի՞ց է վճարվել իմ աշխատավարձը, դպրոցի բյուջեով նախատեսված ո՞ր կետից է վճարել»,- իր հերթին հարցնում է Ս. Մաղաքյանը: Ս. Երգինյանը մտադիր է այս վճիռն էլ բողոքարկել: Իսկ Ս. Մաղաքյանը նշում է, որ իր համար արդեն սկզբունքի հարց է իր աշխատանքը. «Սա իմ անունը, իմ հեղինակությունը, իմ պատիվը պաշտպանելու հարց է»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter