HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Երանուհի Սողոյան

Նորակառույց բժշկական կենտրոնը կլուծի մասնագետների խնդիրը Գյումրիում

Սեպտեմբերի 5-13-ը  Շիրակի մարզպետարանի աշխատակազմի առողջապահության եւ սոցիալական ապահովության վարչությունը, Միացյալ համահայկական հիմնադրամը, ԱՄՆ «Երեխաների սնուցում» բարեգործական կազմակերպությունը մարզի 8 համայնքում անցկացնելու է բաց դռների օր ԱՄՆ-ից ժամանած բժիշկների մասնակցությամբ` ակնաբույժ, թերապեւտ, ատամնաբույժ, դեղագետ: «Մենք միշտ էլ ողջունել ենք մայրաքաղաքի մեր կոլեգանների կողմից կազմակերպվող «Բաց դռների օրերը» Գյումրիում, այս դեպքում շահեկան վիճակում կհայտնվեն գյուղական համայնքների բնակիչները, քանզի ամերիկացի մասնագետների համար թիրախային խումբը հենց փոքր բնակավայրերն են»,-հայտարարեց Առողջապահության վարչության պետ Սամվել Ղազարյանը: ԱՄՆ-ից ժամանած մասնագետների խումբը աշխատելու է ոչ թե ընտրված համայնքների բուժհաստատություններում, այլ տեղի դպրոցում, մանկապարտեզում կամ մշակույթի տանը: Լրագրողների «ինչու» հարցին պրն Ղազարյանը պատասխանեց, որ դա ամերիկյան մտածելակերպ է. «Չեն ուզում խաթարել տվյալ բուժհիմնարկի օրվա աշխատանքը»: Լրագրողներից մեկին հետաքրքրեց, թե ինչու են այդքան ուրախանում, երբ հերթական բաց դռների օրն է անցկացվում մարզում. «Դա նշանակում է, որ մասնագետներ չունենք, թե ունեցածը վատն է»,-փորձեց հստակեցնել լրագրողը: «Չէ, ինչու,-արդարացավ վարչության պետը,-մենք էլ ունենք լավ մասնագետներ, պարզապես շատ շատերը որեւէ նեղ մասնագետի մոտ ստուգվելու համար շատ հաճախ չի կարողանում հասնել Երեւան, իսկ այս դեպքում հնարավորություն կունենա թեկուզ խորհրդատվություն ստանալու»: «Հետքին» հետաքրքրեց, թե ինչու հանրապետության երկրորդ քաղաքում բժիշկ մասնագետների պակասը հիմնականում պայմանավորում են հիվանդների թվով, այնինչ իրական պատճառը չարաբաստիկ վճարն է. քիչ գումարով որեւէ բարձրակարգ մասնագետ դժվար, թե ձգտի աշխատել Գյումրիում: «Մենք այս տարի արդեն 7 մասնագետի տեղավորել ենք Գյումրիի տարբեր բուժհիմնարկներում,-վստահեցրեց Սամվել Ղազարյանը,-մարզում անոթային վիրաբույժ չունեինք, հիմա արդեն Գյուլբենկյանի անվան հիվանդամոցում մասնագետն աշխատում է»: Ս. Ղազարյանը տեղեկացրեց, որ բանակցություններ են գնում նեյրովիրաբույժների հետ, որպեսզի շաբաթվա 2 օրը մասնագետներն աշխատեն Գյումրիում: Պայմանավորվածություն է ձեռք բերվել Առողջապահության նախարարության հետ, որպեսզի մարզին խիստ անհրաժեշտ մասնագետը մեկ տարով գործուղվի եւ աշխատի տեղում: Նրանց վճարելու է նախարարությունը, իսկ մարզպետարանը պիտի ապահովի բնակարանով: 2012 թ-ին շահագործվող համալիր հիվանդանոցը` Գյումրու բժշկական կենտրոնը, նոր աշխուժություն կմտցնի այս խնդրում: «Դա կլինի այնպիսի բարձրակարգ հիվանդանոց, հագեցած ամենավերջին տեսակի սարքավորումներով, որ ցանկացած բարձրակարգ մասնագետ երազելու է, որ գա թեկուզ շաբաթվա մեջ երկու օր աշխատի նման պայմաններում,-ասաց վարչության պետը,-իմիջայլոց, չնայած դեռ շենքը պատրաստ չէ, սակայն արդեն որոշ մասնագետներ բանակցություններ են վարում մեզ հետ հետագայում նորակառույց կենտրոնում աշխատելու համար»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter