HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ամարասի վանքը կռվի ժամանակ էլ է պահպանել, հիմա էլ է պահպանում

Արցախի առաջին դպրոցը սկսել է հետաքրքրել զբոսաշրջիկներին Արցախի Ամարասի վանքի պահակ Կոլյա Քոչարյանի ոտքը վնասվել է ականից` արցախյան պատերազմի ժամանակ: «Ականի վրա եմ տրաքել»,- հիշում է նա: Կոլյան վանքը «պահող» ազատամարտիկներից է, ով կռվել է Մաճկալաշենի գումարտակում (հրամանատար` Արմեն Մելքոնյան):  Ամարասի տարածքում` վանքից մոտ 200 մետր վերև Մաճկալաշենի գումարտակի դիրքերն են եղել, իսկ դիրքերից  500  մետր ներքև` անտառում` ադրբեջանական զորքը: Ռազմական գործողությունների  ընթացքում  5 արկ է կպել վանքին, 2-ը վնասել են պատուհանը, մյուս երեքը` խաչը: Մեծ թվով արկեր վնասել են եկեղեցու պարիսպը. «Պարսպին չափ չկա, չենք իմանում ինչքան է կպել, բայց շատ է կպել,- ասում է Կոլյան: -Արբեջանական 14 տեխնիկա էր եկել` տանկ «БМП»: Մենք էլ էդ ժամանակ ունեինք ընդամենը 2  հատ, ու մեզ հաջողվեց էդ 14-ից 10-ը վերցնել, 4-ն էլ հետ են գնացել»: Զոհեր շատ են ունեցել: Միայն 6 զոհ տվել է Մաճկալաշեն գյուղը: «Շատ ենք չարչարվել: Այստեղ կռիվները երկու տարի տեւեց,- շարունակում է Կոլյան,- գլխավորը զորքը չի մտել, որ զորքը մտած լիներ, ավերակ կաներ վանքը»: Ամարասի վանքը գտնվում է Արցախի Մարտունու շրջանի Մաճկալաշեն գյուղի մոտ: Համաձայն հայ պատմիչների վկայությունների` Ամարասի վանքի եկեղեցին հիմնադրել է Գրիգոր Լուսավորիչը IV դ. սկզբին, կառուցումն ավարտին է հասցրել նրա թոռը` Գրիգորիսը, որի տապանաքարը կոտրվել է արցախյան պատերազմի ժամանակ: Գրիգորիսի գերեզմանաքարը 14-րդ դարում Լենկ-Թեմուրի ներխուժման ժամանակ էլ է կոտրվել, 1889-ին էլ,  ուղիղ հարյուր տարի հետո ադրբեջանցի օմոններն են մտել ու կոտրել այն: «Էն ժամանակ որ ռուսների հետ էին, պասպորտնի ռեժիմը որ կար, իրենց կազմի մեջ էինք մենք ու ոչ մի բան չէինք կարող անել, ազատ իրենց մուտքն եղել է»,- պատմում է վանքի պահակ Կոլյա Քոչարյանը: Ամարասը գավառի թե' հոգևոր (եպիսկոպոսանիստ), թե' մշակութային կենտրոն է եղել: 5-րդ դարում Մեսրոպ Մաշտոցն այստեղ բացել է Արցախի առաջին դպրոցը: Սակայն Ամարասի վանքը բազմիցս ավերածությունների է ենթարկվել թուրք-սելջուկների, մոնղոլ-թաթարների կողմից, հետո կրկին նորոգվել: 1928 թ.-ից վանքը չի գործել մինչև 1989 թվականը` Պարգև Սրբազանի գալը, երբ Աթոռանիստը կրկին դրվել է Ամարասում, հետո սկսվել է պատերազմը: Ամարասի վանքը սկսել է գործել 2005 թվականից, երբ տոնվեց գրերի գյուտի 1600 ամյակը և քահանա տեղափոխվեց վանք: Կոլյա Քոչարյանն այստեղ 4 տարի է աշխատում: Տեր հայրն է, հավաքարարը ու ինքը`որպես պահակ: Ասում է`երեք հոգով վանքի բոլորը գործերն անում են: «Որ վանքը սկսել է գործել, առաջին երկու տարում պրոբլեմ է եղել, քիչ էին կնքված մարդիկ, կնքահայր ճարելն էլ դժվար էր, բայց հիմա քարոզն օգնում է: Դպրոցներից խմբով են բերում կնքում, տարբեր տեղերից գալիս են»,- ասում է Կոլյան: Վանքը հետզհետե սկսել է վերանորոգվել ու զբոսաշրջիկներ ընդունել: Այս տարի զբոսաշրջիկներն ավելի շատ են այցելում Արցախի Ամարասի վանք, քան նախորդ տարիներին: Կոլյան սա կապում է վանք տանող ճանապարհի վերանորոգման հետ. արդեն երկրորդ տարին է` ճանապարհը վերանորոգված է: Ամարասի վանքում ընթանում են վերականգնողական աշխատանքներ, բայց մոտ երկու ամիս է` դադարեցված են: Կոլյան դադարեցման պատճառը չգիտեր: «Դեռ շատ գործ կա անելու. թիթեղապատումը սխալ է արվել, պետք է սալիկապատել, ուխտավորների համար կացարան պետք է սարքվի»,- ասում է նա: ԼՂՀ կառավարությանն առընթեր զբոսաշրջության վարչության պետ Սերգեյ Շահվերդյանը «Հետքին» պարզաբանեց, որ Ամարասի վանքի վերականգնողական աշխատանքները շուրջամյա չեն, այլ իրականացվում են, երբ լինում են ֆինանսական միջոցներ, աշխատանքները կշարունակվեն այս տարվա 4-րդ եռամսյակում: Նախագծի համաձայն` Ամարասի վանքի վերականգնողական աշխատանքների ընդհանուր արժեքը կազմում է 300 մլն դրամ, այս տարվա համար նախատեսված է 30 մլն դրամ: Թե երբ կավարտվեն վերականգնողական ողջ աշխատանքները, ըստ Սերգեյ Շահվերդյանի, կախված է Ղարաբաղի պետբյուջեի հնարավորությունից. որքան շատ գումար հատկացվի, այնքան արագ կավարտվեն: Սերգեյ Շահվերդյանը ևս հաստատեց, որ ԼՂՀ այցելող զբոսաշրջիկների թիվն աճել է: ԼՂՀ կառավարությանն առընթեր զբոսաշրջության վարչությունում հստակ թվեր չկան, թե քանի զբոսաշրջիկ է այցելում Ամարասի վանք, բայց, ըստ վարչության պետի, Ղարաբաղ զբոսաշրջիկների ընդհանուր թիվն առաջին կիսամյակում աճել է 45 %` նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ: Զբոսաշրջիկների մեծ մասը եվրոպական երկրներից և ԱՄՆ-ից են, հիմնականում սփյուռքահայեր, բայց վերջին տարիներին նկատելի է նաև օտարազգի զբոսաշրջիկների աճ` մոտ 25 %: «Արտասահմանցիներն ավելի շատ են գալիս, քան մեր տեղացիք»,- ասում է Նիկոլայը: Նա նկատել է, որ վանք այցելող զբոսաշրջիկների մեծ մասը անգլիացիք ու ֆրանսիացիք են, հետո` լեհաստանցիք:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter