HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գնա՞լ, թե՞ չգնալ. այս է խնդիրը

Կարինե Խոդիկյանը չի ուզում մասնակից լինել սխալների կոմեդիային, իսկ Ռուբեն Բաբայանն առաջարկում է ամեն ինչի մեջ խաղ չտեսնել Դրամատուրգ, հրապարակախոս Կարինե Խոդիկյանը չի գնալու Աղթամար կղզու Սուրբ Խաչ եկեղեցու պատարագին, որովհետև 182 տարվա կռիվ ունի թուրքերի հետ, որը դեռ իր մեջ է. 1828 թվականին Կարինե Խոդիկյանի նախնիները գաղթել են Էրզրումից: Կարինե Խոդիկյանը միևնույն ժամանակ ասաց, որ իրեն հողերը պետք չեն, այլ պետք է արդարություն, որ թուրքական պետությունն իր վրա վերցնի 1915 թվականին կատարած Ցեղասպանությունը, որպեսզի ինքը կարողանա բաց աչքով նայել իր հարևանին: «Ես շատ կուզենամ, որ մենք ունենանք լավ հարևաններ, և մեր երկրի կողքի հարևաններն ինչքան ուժեղ լինեն, տարածաշրջանն այդքան ուժեղ լինի, այնքան մեզ լավ կլինի, որովհետև սովորական մարդկային կեցության խնդիրներ կան, որովհետև եթե հարևանդ լավն է, քո վիճակն էլ լավն է, բայց եթե ես ունեմ հարևան, որը վիրավորել է ինձ ու այսքան տարիների ընթացքում գոնե կես բերան ներողություն չի հայնտել, իմ վերաբերմունքն ուրիշ կլինի»,-այսօրվա ասուլիսում ասաց Կարինե Խոդիկյանը: Ավելին, հրապարակախոսը կարծում է, որ Թուրքիան վերականգնել է այդ տարածքը որպես թանգարան, այլ ոչ թե եկեղեցի, քանի որ եկեղեցին Աստծո կողմից օրհնված տարածք է, որն ունի գմբեթ, խաչ, հավատավորներ, հոգևոր հովիվ և կյանք այդ եկեղեցու պատերի մեջ: Թուրքական կառավարությունը վերականգնել է այն որպես հերթական մշակութային կոթող, որի վրա ոչ մի արձանագրություն, ոչ մի տող չկա, որ դա հայկական եկեղեցի է, և այն խաչ չունի: «Ես չեմ ուզում սխալների կոմեդիային մասնակից լինել»,- ասում է նա: Կարինե Խոդիկյանը թուրքերի այս «խաղը» համարեց ֆուտբոլային դիվանագիտության շարունակություն և նշեց, որ Հայաստանը հզոր դիվանագետի խաղի մասնակից է դառնում` նախապես իմանալով, որ իր խաղը պարտված է: «Այս շոուից հետո Թուրքիան ընդամենը կասի, որ իր նման լայնախոհ, իր նման բացսիրտ պետություն չկա, և իմացեք, որ այս մի քայլը հետագայում մեկ ուրիշ տող կդառնա մի որոշման մեջ»,- ավելացրեց դրամատուրգը: Կարինե Խոդիկյանի հետ բանավիճում էր Տիկնիկային թատրոնի գեղարվեստական ղեկավար Ռուբեն Բաբայանը: Նա նշեց, որ գնացողներ, միևնույն է, կլինեն. ով ուզում է գնալ, թող գնա, ով չի ուզում` թող չգնա: Չնայած համաձայնեց Կարինե Խոդիկյանի այն մտքին, թե եկեղեցին առաջին հերթին նշանակում  է ծուխ և հավատացյալներ, իսկ այդ ծուխն իսկապես չկա: «Եթե եկեղեցին կոչվի եկեղեցի, այնտեղ պետք է լինի բնակչություն, այն բնակչությունը, որն ունի այդ պահանջը` գնալ եկեղեցի, մնացած պարագաներում թանգարանի կարգավիճակը ամենաճիշտ կարգավիճակն է այդ եկեղեցու համար»,- նշեց Ռուբեն Բաբայանը: Բայց, ըստ բանախոսի, այս գնալ-չգնալը չպետք է մի նոր թշնամանքի առիթ դառնա հայերի և թուրքերի միջը: Ռուբեն Բաբայանը նաև կարևորեց թրքահայության գործոնը. մի հայկական համայնք, որն ապրում է հայրենիքում, և պետք է հաշվի առնել նաև նրանց կարծիքը: Այդուհանդերձ, Տիկնիկային թատրոնի գեղարվեստական ղեկավարը համաձայնեց, որ այնտեղ կա դիվանագիտական խաղի որոշակի էլեմենտ և հարցրեց, թե ինչու այդ դեպքում հայերն էլ նման բան չեն անում. ինչո՞ւ չեն վերանորոգում Շուշիի ադրբեջանական և պարսկական մզկիթները, դարձնում թանգարան և տարեկան մեկ անգամ հրավիրում հարևաններին Շուշի. «Սա էլ է քայլ, եթե մենք մտել ենք աշխարհի հետ խաղի մեջ, այս աշխարհը ունի որոշակի խաղի կանոնները, կամ մենք  մտնում ենք այդ խաղի կանոնների մեջ, կամ ասում ենք` մենք պետություն չենք, մենք համայնք ենք և կնստենք, մեր ազգային դրոշը կբարձրացնենք ու կոշկակարի կրպակում Սևրի պայմանագրով կհրճվենք»,- ասաց Ռուբեն Բաբայանը: Իսկ Կարինե Խոդիկյանը հարցրեց, թե հրավերն ինչ մակարդակով է հնչել` եկեղեցին, ԱԺ-ն, Կառավարությունը, թե նախագահականն է ստացել պատարագին մասնակցելու հրավեր: Երբ իմացավ, որ Պոլսի հայոց պատրիարքարանն է հրավիրել Մայր Աթոռին, ասաց. «Եկեղեցական տարածքում ինչ-որ մի շարժում է, և թուրքական կառավարությունն աշխարհի առաջ իր տոլեռանդությունը ցույց տալու համար ասել է, որ մասնակցեք: Տեր Աստված, Թուրքիայում ապրող հայերը, որոնք ինձ նման 182 տարվա կռիվ չունեն նրանց հետ, ապրում են իրենց հողի վրա, թող նրանք գնան և ինչպես կուզենան` մասնակցեն»: «Երբեք պետք չէ հրավերի սպասել. երբ հրեաները գնում էին և բնակվում էին Պաղեստինում, նրանք արաբներից հրավեր չէին սպասում,- հակառակեց Ռուբեն Բաբայանը,- նեղացած վիճակը երբեք արդյունք չի տալիս: Հողերն ուզում են ապրելու համար, հողերը չեն ուզում քարտեզ գծելու համար, եկեղեցին էլ ուզում են, որպեսզի գնան պատարագ անեն: Նրանք խաղ են անում` ջանդամ, թե չեն անում, ես ուզում են գնամ այնտեղ աղոթեմ....ով ինչ խաղ է անում` հերն էլ անիծած»: Կարինե Խոդիկյանը նկատեց, որ մի քանի օր առաջ «Հայ ասպետի» խումբը գնացել էր Սուրբ Խաչ եկեղեցի և փորձել էր մոմ վառել, իսկ նրանց քաղաքակիրթ ձևով արգելել էին: Կարինե Խոդիկյանը վստահ է, որ այս անգամ էլ հայերին թույլ չեն տա մոմ վառել եկեղեցու պատերից ներս և չեն տեղադրի խաչը եկեղեցու գմբեթին: Նա նույնիսկ գրազի առաջարկ արեց Ռուբեն Բաբայանին: «Այսօրվա մեր վիճակում` այսքան թույլ, այսքան երկփեղկված: Երկրիցդ փախչում են, երկրիցդ զզվում են ու դա չեն թաքցնում սովորական քաղաքացիները, դու ուզում ես քաղաքականություն խաղալ մի երկրի հետ, որը շատ հզոր է, հարյուրամյակների դիվանագիտություն և մեծ փորձ ունի, և Հայաստանի նմաններին չէ, որ ծալել դրել է գրպանը, ու հիմա սկսել է մի խաղ, որը էն կատվի խաղն է, որը մկան համար մահ է»,-նկատեց Կարինե Խոդիկյանը: Ռուբեն Բաբայանը ամեն ինչի մեջ խաղ տեսնել չի ուզում, քանի որ երբ Հրանտ Դինքի սպանությունից հետո բազմաթիվ թուրքեր են դուրս եկել փողոց, կրկին ասել են, որ դա խաղ է: «Ես չեմ հասկանում` մենք ինչ կռիվ ունենք թուրքերի հետ, եթե ամբողջ ազգը թրքացած է, մենք Թուրքիայի մշակույթով ապրող ազգ ենք, և ամենաահավորն այն է, որ ով ավելի շատ է ապրում այդ մշակույթով, նա ավելի ազգայնական է»,-ամփոփեց Ռուբեն Բաբայանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter