HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Քրիստինե Աղալարյան

«Այո, թագավորը մերկ է», և ունենք ոչ մաքուր Երևան

Բնապահպանական ծրագիր, ոչ թե նախարարության կամ հասարակական մեկ շերտի համար, այլ հանրային և զանգվածային: Այսպես բնութագրեց «Մաքուր հայրենիք» ծրագիրը «Բնապահպանական ծրագրերի կենտրոն» ՊՈԱԿ տնօրեն Վիկտոր Մարտիրոսյանը` ներկայացնելով այն այսօր կայացած մամուլի ասուլիսում: Կառավարությունը հաստատել է «Մաքուր հայրենիք» ազգային ծրագիրը, և դեռևս մարտի 9-ին ստեղծվել է միջգերատեսչական աշխատանքային խումբ ծրագրի նախագիծը մշակելու համար: Ինչպես բնութագրում է Վիկտոր Մարտիրոսյանը, «Մաքուր հայրենիք» ծրագիրը չի հավակնում իր վրա վերցնել բնապահպանական ողջ գործընթացները, այլ այն շրջակա միջավայրի մաքրության, էկոլոգիական խնդիրները հասարակայնորեն հնչեցնելու, հասարակական ակտիվությունը մեծացնելու, հասարակության տարբեր շերտերի մասնակցությունն ապահովելու նպատակ ունի: «Փորձը ցույց է տալիս, որ տեղային, մեկանգամյա գործողությունները շարունակություն չունենալով, փաստորեն, մեծ արդյունք չեն տալիս: Մաքրում ես ինչ-որ մի շենքի տարածք, ինչ-որ մի փողոց, ինչ-որ մի այգի, մեկ ամիս հետո տեսնում ես` կրկնվում է նախկինը: Ինչո՞ւ: Որովհետև կրողների և պատասխանատուների հետ կապված խնդիր կա»,- կարծում է Վ. Մարտիրոսյանը: Նրա կարծիքով` ժողովրդի մեջ, հատկապես երիտասարդության շրջանում շրջապատը մաքուր պահելու կրթադաստիարակչական խնդիրներ էլ կան: «Երևանի վիճակը, իհարկե, անմխիթարական է, անմխիթարական է մաքրության առումով, սանիտարական առումով»,- անդրադառնալով մայրաքաղաքի վիճակին` խոստովանեց Վ. Մարտիրոսյանը և հավելեց, որ արդեն իսկ որոշակի գործընթացների բարելավման նախադեպեր կան, ինչպես ամրագոտիների և անցումների դեպքում էր` խախտումներ կան, բայց նաև առաջընթաց է գրանցվում: «Կարող ենք ենթադրել, որ ընդունո՞ւմ եք այն հանգամանքը, որ մինչ այժմ անիշխանություն էր տիրում այս ոլորտում և հիմա եք լսել հանրության ձայնը» «Հետքի» հարցին` Վիկտոր Մարտիրոսյանը պատասխանեց, որ իրենք միշտ էլ լսել են հանրության պահանջները: «Այստեղ ավելի շատ կազմակերպելու խնդիր կա և ավելի շատ այս պրոցեսներին պետական մոտեցում ցուցաբերելու խնդիր կա: Մի բան է, երբ քաղաքացին ինքն է ցանկանում, մի բան է, երբ փոքրիկ խումբ է ցանկանում դա, մի բան է, երբ դա ներկայանում է որպես պահանջ, ընդ որում` և' պետական պահանջ, և' ազգային պահանջ»: Չնայած ծրագրում խիստ նկարագրություններ չեն արվել այս առումով, Վիկտոր Մարտիրոսյանն ասաց, որ միևնույն ժամանակ պետք է կարողանալ ասել` «Այո, թագավորը մերկ է»: «Ունենք ոչ մաքուր քաղաք, ունենք ոչ մաքուր միջավայր, և սա ոչ թե ուշ կամ շուտ արձագանքելու խնդիրն է (արձագանքելու առումով գուցե ճիշտ եք), իսկ գիտակցական մոտեցում կիրառելու առումով` դա միշտ էլ կար, բայց պիտի նախաձեռնել»,- հավելեց նա: Այս գործընթացում ընդգրկված են տարբեր գերատեսչություններ, ձեռնարկություններ և հասարակական կազմակերպություններ, քանի որ «եթե փողոցը, համայնքը պիտի մաքրվի,  ուրեմն պիտի մաքրվի բոլորի մասնակցությամբ»: «Ինչո՞ւ պետությունը պիտի գումար ծախսի խանութների կամ շուկաների մեծ ցանց ունեցող մի սեփականատիրոջ շահութային տարածքը մաքրելու համար, դա պետության խնդիրը չպիտի լինի, պետության խնդիրը պիտի լինի, որ օգտագործողը վճարի»,- մանրամասնեց Վիկտոր Մարտիրոսյանը: Իսկ այս ամենի համակարգման դերը վերցրել է «Մաքուր հայրենիք» ծրագիրը: Ծրագիրը երկու մասից է բաղկացած` տարածքի մաքրում և բարեկարգում: Ինչպես հավաստիացրեց ԲՆ ներկայացուցիչը, հանրապետության տարբեր վայրերում տարբեր ծրագրեր կիրականացվեն` պահպանվող տարածքների, երթուղիների, գյուղական համայնքների մաքրման և բարեկարգման ուղղությամբ, քանի որ ծրագրի խնդիրը մաքուր շրջապատ ունենալն է: Փորձնականորեն մաքրվել է Հրազդանի կիճը. կատարվել են աղբահանման ու մաքրման, աղբարկղերի տեղադրման, աղբի կետերի մատնանշման, Հրազդանի կիրճի մասին պատմող քարտեզների տեղադրման աշխատանքներ: Գետի մաքրմանն աջակցել է Արտակարգ իրավիճակների նախարարությունը, իսկ տրանսպորտային սպասարկումն իրականացրել է քաղաքապետարանը, «աշխատող ձեռքեր» եղել են երիտասարդները: Ծրագրում նախատեսվում է նաև լուծել գյուղական համայնքներում աղբի կուտակման տեղերի համակարգման հարցը, ինչը շատ համայնքներում բացակայում է: Պատժամիջոցների կիրառման մասին բանախոսը տեղեկացրեց, որ նախատեսվում են նաև մեխանիզմներ դրանք կիրառելու համար, որը ենթադրվում է իրականացնել իրավական բարեփոխումների շրջանակներում և կվերանայվի օրենսդրությունը: «Ինչքան գիտեմ` արդեն նույնիսկ որոշակի գործողությունների համար նախատեսված է. օրինակ` մեքենայի պատուհանից աղբ նետելը, սիգարետի մնացորդը, տուփը և այլն, 1000 դրամ է առաջին դեպքի համար, արդեն իսկ նախադեպերը կան»,- տեղեկացրեց Վիկտոր Մարտիրոսյանը: Ծրագիրը պետբյուջեից չի ֆինանսավորվելու, այլ ստեղծվելու է բարեգործական ֆոնդ: «Եթե ֆոնդում գումար չլինի, կարելի՞ է ենթադրել, որ ծրագիրը չի գործի» մեր հարցին պատասխանելով` Վ. Մարտիրոսյանը նշեց, որ կլինի բնապահպանական տուգանքների ֆոնդ, որտեղ ԲՆ-ն էլ որոշակի ներդրում կկատարի, դա հենց այն գումարներն են, որոնք վճարելու են օգտագործողները: Ծրագիրը նախատեսված է երեք տարվա համար: Երեք տարի հետո, եթե անհրաժեշտություն լինի շարունակել ծրագիրը` այն կվերանայվի: «Կարծում եմ, որ հասարակության մեջ մենք ինչ-որ բան փոխած կլինենք»,- վստահ է ԲՆ ներկայացուցիչը: Ծրագիրը մեծածավալ ընթացք կստանա սեպտեմբերին: Արդեն երկու տարածքի նախագիծ կա` Հաղթանակ զբոսայգու և Երևան-Գեղարդ ճանապարհի մաքրման և բարեկարգման:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Եր
Եք
Չր
Հն
Ուր
Շբ
Կր
28
29
30
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31
1
Այսօր