Կարապետ Ռուբինյանն ազդարարեց հայ-ռուսական հարաբերությունների առաջին արարի ավարտը և երկրորդի սկիզբը
Եթե նոր ատոմակայանի ստեղծումը Հայաստանի տնտեսական վիճակը բարելավելու միտում ունի, ապա Հայաստանի իշխանությունների այսօրվա վարած քաղաքականությունը չի նպաստում տնտեսության զարգացմանը: Հետևաբար, իշխանությունների ձեռնարկած` տնտեսությունը բարելավելու այս քայլն անհասկանալի է: Ավելին, եթե այդ հզորությանը տիրապետելու են ռուսները և մի օր էլ կարող է որոշեն վաճառել ատոմակայանը Թուրքիային, ապա Հայաստանը շահ չի ունենա: Այս կարծիքին է ԱԺ նախկին փոխխոսնակ, ՀՀՇ նախկին անդամ Կարապետ Ռուբինյանը: Նա այսօր կայացած մամուլի ասուլիում ամփոփեց Ռուսաստանի Դաշնության նախագահ Դմիտրի Մեդվեդևի Հայաստան կատարած այցի արդյունքները:
Անդրադառնալով ռուսական ռազմաբազայի պայմանագրի ժամկետի երկարացմանը` Կարապետ Ռուբինյանը նշեց, որ լավ կլիներ, եթե անկախության 20 տարիները օգտագործվեին այնպես, որ որևէ օտարերկրյա ռազմական ներկայության անհրաժեշտություն չլիներ Հայաստանում:
«Բայց պետականաստեղծ ապաշնորհ գործունեության արդյունքում, հասարակության և հասարակության սերուցքի ապաշնորհ աշխատանքի արդյունքում հասել ենք այնպիսի մի հանգրվանի, որ շատ ավելի պինդ գրկախառնության մեջ ենք ստիպված եղել մտնել Ռուսաստանի հետ»,- ասաց Կարապետ Ռուբինյանը:
Ռազմաբազայի ժամկետի երկարաձգումը Հայաստանին, ըստ նախկին փոխխոսնակի, ոչինչ չի տալիս, իսկ ռուսներին մի բարոյահոգեբանական զգացողություն է տալիս, որ Ռուսաստանը վերանվաճում և ռազմական էքսպանսիայի է ենթարկում նախկին խորհրդային տարածքը: Օրինակ` Ուկրաինայում երկարաձգվել է Սևաստոպոլում գտվող ռուսական նավատորմի պայմանագիրը, հիմա էլ Հայաստանում, ինչը ռուսները ձեռքբերում են համարում:
Կ. Ռուբինյանի դիտարկմամբ, ՀՀ իշխանությունները հաղթանակ են համարում այն, որ ընդլայնվել են ռազմաբազայի գործառույթները. եթե նախկինում այդ ռազմաբազան անվտանգությունը ապահովում էր միայն նախկին խորհրդային միության սահմանների առումով, ապա հիմա այդ վերապահումը հանված է, և ՀՀ բոլոր սահմանների ուղղություններով այդ ռազմաբազան իր վրա է վերցնում անվտանգության ապահովումը հայկական զինուժի հետ համատեղ:
«Ըստ էության, փայլուն բան է, որը մեզ հնարավորություն է տալիս ավելի ապահով զգալ` նկատի ունենալով Ադրբեջանի ռազմական հզորությունն ու հռետորությունը, ինչպես նաև Թուրքիայի մասնակցությունն այստեղ»,- պայմանագրի մյուս կողմին է անդրադառնում բանախոսը:
Միևնույն ժամանակ Կարապետ Ռուբինյանը կասկածում է, թե որքանով վստահելի գործընկեր է Ռուսաստանը Հայաստանի համար, քանզի պատմական փորձը հոռետեսության հիմքեր է տալիս: Հոռետեսության հիմքեր են տալիս ներկայիս Ռուսաստանի գործողությունները թե' տարածաշրջանում, թե' աշխարհում: Այս անհանգստությունները Կարապետ Ռուբինյանին թույլ չեն տալիս կիսել իշխանությունների հրճվանքը:
Կ. Ռուբինյանը ցավում է, որ Ռուսաստանը իր հին կայսերապաշտական իներցիայով է կառուցում իր հարաբերությունները թե' ՀԱՊԿ շրջանակներում, թե' երկկողմանի հարաբերություններում, ինչի վառ արտահայտությունն էլ Ռուսաստան-Հայաստան հարաբերություններն են, որոնք «արտաքին պերճաշքության, հավերժ եղբայրության երդումների ներքո տարօրինակ տարրեր են պարունակում: Հայաստանն անընդհատ զիջողի, ինչ-որ բան կուլ տվողի կարգավիճակում է»:
Բանախոսի կանխատեսմամբ` անցած շաբաթվա հայ-ռուսական հարաբերությունների զարգացումն առաջին արարն է, որին կհետևի երկրորդ արարը, երբ Մեդվեդևը սեպտեմբերին այցելի Բաքու: Այստեղ բանախոսը հնարավոր է համարում, որ Հայաստանը «սառը ցնցուղի» զգացողություն ունենա, եթե Ռուսաստանը, կատարելով իր ծրագիրը Հայաստանի հանդեպ և երաշխիքներ ստանալով մինչև 1944 թվականը, ձեռքերն ազատ գնալու է Բաքու` նոր առևտրի: Չէ՞ որ Մեդվեդևն ակնարկել էր, որ համագործակցությունը նաև փող աշխատելու համար է:
«Ադրբեջանի հետ փող աշխատելու ցանկությունն իրենք երբեք չեն թաքցրել, և, ըստ էության, Ադրբեջանին հայտարարում են նույն ձևի ստրատեգիական գործընկեր, չնայած Ադրբեջանը ո'չ ՀԱՊԿ անդամ է, ո'չ էլ ցույց է տալիս դեպի այդ կողմ ինտեգրվելու ցանկություն»,- ասաց Կարապետ Ռուբինյանը:
Նա կարծում է, որ ռուսներն ունեն բոլոր խաղաքարտերը` Ադրբեջանին իրենց գիրկը նորից ձգելու: Եվ Հայաստանի համար մեծ վտանգ կլինի, եթե Ադրբեջանը Ռուսաստանի գիրկը գնալու մեծ քայլեր անի:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել