Կարապետ Ռուբինյան. «Անկախության ռեսուրսը սպառվում է»
Հայաստանի Անկախության հռչակագրի ընդունման 20-ամյակը շնորհավորելով` ԱԺ նախկին փոխխոսնակ, ՀՀՇ նախկին անդամ Կարապետ Ռուբինյանն այսօր լրագրողներին ասաց, որ անկախության հռչակումից հետո անցած 20 տարիները, ըստ էության, չի օգտագործվել այն բանի համար, ինչ պետք է արվեր. ստեղծել մի այնպիսի երկիր, որտեղ մեր ժողովուրդն ապրեր արժանապատիվ, բարեկեցիկ կյանքով, ինչը չի հաջողվել:
«Ընդհակառակը, հասարակության մեջ կան շատ վատ երևույթներ, որոնց ոչ թե շտկելուն է ուղղված իշխանությունների գործունեությունը, այլ ընդհակառակը` խորացնելու դրանք»,- նշեց բանախոսը:
Կարապետ Ռուբինյանը հիշեց, որ Անկախության հռչակագրից հետո մտավախություն կար, թե կկարողանա՞նք առաջին հանրապետության երկու տարին գերազանցել: Չնայած 10 անգամ գերազանցել է գոյատևման ժամկետը, բայց, ըստ նախկին ՀՀՇ-ականի, տարբեր երևույթներ քայքայում են հայոց պետականության հիմքերը:
«Անխնա ձևով մեր անկախության ռեսուրսը սպառվում է, և սա անհանգստացնող երևույթ է: Վերջին օրերի ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևի այցի հետ կապված մեզալյանսի («անհավասար ամուսնության», այստեղ` ուժերի անհավասարություն) երևույթները զուգորդվել են ստորաքարշության մի խրախճանքով, ինչն ամենևին էլ վառ օրինակ չէ մեր անկախության հիմքերի քայքայման, այլ խորը հիվանդության արտաքին նշաններն են` թարախային բշտիկները»,- նշեց Կարապետ Ռուբինյանը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել