HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Երանուհի Սողոյան

Փայտե զուգարանով ագրոտուրիզմ չես զարգացնի

Ճանապարհի փոշին չշնչելու համար արագ բարձրացնում եմ մեքենայի պատուհանը, իսկ վարորդը մեղավոր նայում է դեմքիս. «Ինչ էնենք, լրագրող ջան, գիտես թե լավ ճամփա ունինք, վատ ճամփով կտանինք, էս է մեր ունեցածը»:  Գյումրիից Մեծ Սեպասար 40 կմ է: Ասֆալտապատ մայրուղուց ձախ թեքվելով` հայտնվում ես փոշոտ, անբարեկարգ միջհամայնքային ճանապարհի վրա:

Մեծ Սեպասար տանող ճանապարհին լավատեղյակ վարորդները գյուղ հասնելու համար ընտրում են դաշտամիջյան փոքրիշատե տանելի մեկ այլ ճանապարհ, դրանով զերծ պահելով թե իրեն, թե ուղեւորին շնչահեղձ լինելուց: Հիշելով Ամասիայից Արփա լիճ տանող 27 կմ քարուքանդ, մանր ու մեծ փոսերով պատված ճանապարհը, փառք եմ տալիս, որ այս դեպքում ընդամենը հարկ է լինում փոշի շնչել: Եվ այսպիսի «հրաշք» ճանապարհային պայմանների առկայությամբ էլ Ամասիայի ու Աշոցքի տարածաշրջաններում տուրիզմի զարգացման նախադրյալներ են տեսնում «Արփա լիճ» ազգային պարկի պատասխանատուները, համենայնդեպս` մոտ ապագայում:

Անցած 20 տարիներին բազմիցս փորձ է արվել վերականգնել այս երկու տարածքների նախկինում զարգացած անասնապահական շրջանների համարում ունեցողի վարկը: Հաջողություններ դեռ չեն գրանցվել: Գյուղացու բարձրացրած խնդիրները` մթերքի իրացման կայուն շուկաներ, սպանդանոցների ստեղծում, անտոկոս, երկարաժամկետ վարկեր եւ այլն, այդպես էլ մնում են թղթի վրա: Հիմա էլ ամբողջ աշխարում ընդունված տուրիզմի ձեւերից մեկի` ագրոտուրիզմի տեղայնացման խնդիրն է քննարկվում:

«Գիտեք, հնարավոր է,-տարակուսանքս փարատում է Մեծ սեպասարցի Սերգեյ Սողոյանը` «Լիժնիկ» Սերգեյը,- ես երկու տարի առաջ փորձեցի էդ գործը կազմակերպել ու ստացվավ: Դե մեր գյուղ ձմեռը գուկան արտասահմանցիք, լիժա քշելու, ամառը գան ինչ էնեն, ըդպես տեսնելու բան էլ չկա մեր կողմերը: Համ էլ ձունն որ գուկա, էդ ճամփեքի դարուփոսը կփակե, թերությունները չեն տեսնի մարդիկ, արխային գուկան: Ամառը մեկ անգամ էկողն երեւի էլ չգա»: 2008թ-ին Սերգեյը կնոջ` Մարգարիտայի հետ դիմել են ռիսկի. ունեցած համեստ հնարավորություններով սեփական տան սենյակներից մեկը կահավորել են արտասահմանցի հյուրերին մի քանի օրով հյուրընկալելու համար:

«Դե` համ էլ որ ռեկլամ էղներ, էլի»,-ծիծաղում է Սերգեյը: «Ավստրիացիներ էին մեր առաջին հյուրերը,-պատմում է Մարգարիտան,-մեր համար էլ էր անսովոր, որ ճիշտն ասեմ: Իրանք եկել էին Գյումրի ու որոշել էին դահուկ քշելու համար բարձրանալ սարերը: Դե մենք էլ հյուրընկալեցինք»: 

5 օր հայկական ուտեստներ են ճաշակել ավստրիացի զբոսաշրջիկները, բույսերից պատրաստված թեյ, սեղան են նստել տանտերերի հետ, շատ հարցերում էլ Մարգարիտայի ասելով «չեմ ու չում չեն արել»: Երկու տարում 20-25 հոգի են հյուրընկալվել Սողոյանների հարկի տակ: Աշխատում են այնպես կազմակերպել, որ հյուրերը գոհ մնան: Սակայն իրենք էլ են լավ հասկանում, որ նման գործունեություն ծավալելու համար պետք է առանձին տուն ունենալ` քիչ թե շատ նորմալ պայմաններով:

«Մեր բարեկամներից մեկը, որ գյուղում չէ, իրա տունն է տվել, բայց ահագին գործ կա անելու,-ասում է Սերգեյը,-պիտի վերանորոգենք, պատերը սպիտակեցնենք: Հետո էլ` տեսնինք էլի, զուգարանի, ջրի, գազի հարց պիտի լուծվի: Չնայած կմտածենք, որ արտասահմանցու համար հաստատ էկզոտիկա է դրսի փետից զուգարանը: Ասենք լվացվելն էլ կարող են դրսում լվացվել, բայց դե բաղնիք կոչվածը ինչխ գցեմ-կբռնեմ, բդի ապահովենք: Դե հմի պատկերացրեք ինչ ծախսեր է պետք` էն էլ էս մեր կողմերի գյուղերում, որ մարդիկ անգամ իրենց սեփական տներում ըսածս հարմարությունները չունին»:

Սերգեյն այդ ամենն ասում էր ուրախ ժպիտով, բայց ես մի տեսակ չէի կարողանում պատկերացնել, որ Աշոցքի, ասենք, մինչեւ 30-ից 35 աստիճանի հասնող ցրտի պայմաններում, որեւէ արտասահմանցի հանուն էկզոտիկայի ուզենա օգտվել տնից 50-100 մետր հեռավորության վրա գտնվող պետքարանից կամ փորձի լողանալ լվացքի մեծ տաշտակի մեջ:

«Արփա լիճ» ազգային պարկ ծրագի շրջանակներում Ղազանչի գյուղի մոտ արդեն սկսել են կառուցել հյուրատուն, տեղեկացնում է Սերգեյը: Նմանատիպ կառույց նախատեսվում է նաեւ Արփա լճի մերձակայքում: Իսկ դա նշանակում է, որ աղքատ գյուղացին դարձյալ դուրս է մնում մրցակցությունից: Քանզի նույն այդ էկոլոգիապես մաքուր սնունդն ու գյուղական ուտեստները հնարավոր կլինի ճաշակել նույն այդ հյուրատներում, որտեղ կոմունալ հարմարություններն էլ անհարմարություններ չեն ստեղծի: Միակ հուսադրողն այն է, որ սննդամթերք ուզեն, թե չուզեն ձեռք են բերելու մերձակա գյուղերից, ու դա ինչ որ տեղ գյուղացու համար լրացուցիչ եկամուտի աղբյուր կլինի:

Չնայած իմ հոռետեսական հարցադրումներին, Սերգեյն ու Մարգարիտան լավատեսորեն էին տրամադրված: Կփորձեն սկսած գործը զարգացնել: Իրենց տեղն արդեն գիտեն: Նրանք ովքեր հյուրընկալվում են մեկ անգամ, եթե հաջորդ տարի էլ չեն գալիս` ուղարկում են իրենց ընկերներին, ծանոթ-բարեկամներին: Մեղրիում 2003թ-ին ծրագիր էր իրականացվում, որի շրջանակներում գումար էր տրամադրվում այն ընտանիքներին, ովքեր պատրաստ էին սեփական տունը հյուրատան վերածելու: Դա աջակցություն էր նոր գործ սկսող մարդկանց, հնարավորություն` բիզնեսը զարգացնելու: Իսկ Շիրակի մարզում գնում են ավելի հեշտ ճանապարհով` հյուրատուն են կառուցում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter