HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Լիցենզիաների կասեցման հետևանքով դուրս է մնացել ավելի քան 2000 ուսանող

7 մասնավոր բուհերի և առանձին մասնագիտությունների գծով 6 լիցենզիայի կասեցման պատճառով  2000-ից ավելի ուսանողներ են դուրս մնացել: ՀՀ կրթության և գիտության փոխնախարար Արա Ավետիսյանը լրագրողների հետ այսօրվա հանդիպմանն ասաց, որ ԿԳՆ-ն կաջակցի այս ուսանողների` այլ բուհեր տեղափոխվելու գործընթացին: Չհավատարմագրված մասնագիտույթուններում սովորող ուսանողները համապատասխան մասնագիտություններով կարող են տեղափոխվել միայն չհավատարմագրված կրթական ծրագրեր: Իսկ հավատարմագրված կրթական ծրագրերում սովորողները կարող են տեղափոխվել ինչպես հավատարմագրված ոչ պետական, այնպես էլ պետական ուսումնական հաստատություններ: Համապատասխան մասնագիտություններ ասվածի մեջ տեղավորվում են ինչպես նույնական, այնպես էլ հարակից մասնագիտությունները, որոնց ընդունելության պայմանները և ուսումնական ծրագրով նախատեսված տվյալ կիսամյակին և ուսումնական տարվա համապատասխան դասընթացների առարկայական ցանկերի տարբերությունը չի գերազանցում 8-ը: Տեղափոխությունները բուհից բուհ, մասնագիտությունից մասնագիտություն սահմանված կարգով կիրականացվի օգոստոսի 17-ից և կշարունակվի մինչև սեպտեմբերի 15-ը: ԿԳ նախարարությունն ընդունող  բուհերին հորդորելու է, որ տեղափոխվող ուսանողների համար վարձավճարը մնա նույնը: «Անցած տարի մենք ընդունող հաստատություններին հորդորեցինք, որ նրանք իրենց բուհերում տեղափոխվող ուսանողներին հնարավորություն տան շարունակել նույն վարձավճարով, որքանով ուսանողը սովորել է տեղափոխվող բուհում»,- ասաց փոխնախարարը: Անցած փուլում կասեցվել էր 11 բուհի լիցենզիա, ինչի հետևանքով 1109 գրանցված ուսանող է դուրս մնացել, տեղափոխության դիմումներ ներկայացրել է մոտ 560-ը, բայց 350-ն է տեղափոխվել, այդ թվում 3-4-ը` պետական բուհեր: Արա Ավետիսյանը բացատրում է, որ մի մասը բացակայել է ընդհանրապես, միայն հաշվառված է եղել տվյալ բուհում, մյուսները հեռակա կարգով են սովորել, մի մասն էլ թույլ ուսանողներ են եղել, որոնց հաճախելիության ցուցանիշը ցածր է եղել, և այդ ուսանողները չեն էլ ցանկացել տեղափոխվել մեկ այլ բուհ: «Մենք միայն կարող ենք առաջարկողի, հորդորողի դերում լինել, որովհետև մասնավորներին թելադրել ընդհանրապես չի կարելի, իսկ պետական բուհերի գործունեությունը ազատ տնտեսվարման և բուհի իրավասությունն է»,-խոստովանեց Արա Ավետիսյանը: Այն շրջանավարտների դիպլոմները, որոնք նրանք ստացել են մինչև տվյալ բուհի լիցենզիայի կասեցում, իրենց ուժը չեն կորցնի: Փոխնախարարը խորհուրդ տվեց ոչ պետական բուհեր սովորել ցանկացողներին` ուշադիր ծանոթանալ տվյալ բուհի հավատարմագրերին, համոզվել, որ այդ բուհն իսկապես ունի որակյալ կրթություն իրականացնելու հավաստագիր: Կասեցված լիցենզիաների թվում առավել նկատելի ցուցանիշ է գրանցվել իրավագիտություն մասնագիտության գծով` 11 լիցենզիայի գործունեության իրավունք է կասեցվել, Ֆինանսներ և վարկ մասնագիտությամբ կասեցվել է 6 լիցենզիա, մանկավարժություն և մեթոդիկա` 7 լիցենզիա: Հեռակա կարգով ուսուցման 9 լիցենզիա է կասեցվել և դիպլոմավորված մասնագետի 1 լիցենզիա:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter