
Գարեգինը և նրա մայրը` Աղավնին շուրջ 5 ամիս է` անօթևան են: Նրանք այժմ ապրում են Անօթևանների ժամանակավոր կացարանում: Աղավնին ավագ որդուն և հարսին առանձնացնելու համար բնակարանը վաճառել ու գումարը կիսել է, իսկ նոր բնակարան գնելու ժամանակ գործակալի պատճառով հայտնվել են դրսում. պարզվել է` Աջափնյակում գնած բնակարանը սեփականաշնորհած չի եղել, այլ եղել է երկու եղբոր ժառանգություն: Այստեղից դուրս գալուց հետո 6 ամիս վարձով են ապրել, մինչև սպառվել է բնակարանի վաճառքից մնացած փողը:
31-ամյա Գարեգինը երկու անգամ սրտի կաթված է ստացել: «Աստծո կամքով եմ ապրում,- ասում է Գարեգինը,- գնացել եմ ստուգվելու, բժիշկներն ասում են, որ ես մի քանի տարի առաջ պիտի մահացած լինեի»: «Սրտաբանական հիվանդանոցում երեք դոցենտներ նայեցին, զարմացան, թե էս երեխեն ոնց է ապրում»,- շարունակում է մայրը:
Գարեգինի մեծ եղբայր Ղարաբաղյան պատերազմի մասնակից է եղել, հիմա նրանից խաբար չունեն, գիտեն միայն, որ կնոջ հետ տեղափոխվելուց հետո Արտաշատում էր: Իրենց հետ հարաբերություններ չունի: Հայրը մահացել է դեռևս 1997թ-ին:
Տիկին Աղավնին մինչև 1995թ-ը աշխատել է, այժմ չի կարողանում արյան բարձր ճնշում ունի: Գարեգինն էլ շատ շուտ է հոգնում, ֆիզիկական գործեր նրան ընդհանրապես չի թույլատրվում անել: «Ծանր աշխատանք անել չի կարող, հանգիստ աշխատանք է փնտրում»,-ասում է մայրը: Գարեգինը հացի գործարանում է աշխատել, ինտերնետ ակումբում, բայց այժմ նորից գործ չունի: Նա հիմա օգնում է անօթևանների կացարանի աշխատակազմին` խոհանոցում է աշխատում, հաց է բաժանում, ինչ հանձնարարում են` անում է: Ասում է`կարողանում է համակարգչից, հեռախոսներից գլուխ հանել: Եթե մի թեթև ու հանգիստ գործ լիներ` կաշխատեր:
Նրանց մշտապես օգնել է ԱՄՆ-ում բնակվող Աղավնիի քույրը, բայց վերջերս նրանց հարաբերությունները խզվել են, այլևս չի օգնում: «Քույրս էլ չէր ուղարկում մեզ փող, սոված-ծարավ մնացել էինք, աշխատանք չէինք կարող գտնել, հեռախոսի համարը գրում են, բայց ոչ զանգում են, ոչ էլ կանչում»,- ասում Աղավնին:
Երբ վարձակալներին դուրս են հանել տնից, գնացել են ՀՀ աշխատանքի և սոցիալական ապահովության նախարարություն, որտեղից նրանց ուղարկել են Անօթևանների ժամանակավոր կացարան: «Գիշերը մեր վեշերի հետ մնացել ենք դուրսը, լույսը բացվեց, գտել ենք ծերանոցը, ղեկավարությանն ասել ենք, որ տուն ու տեղ չունենք, ինձի տարան ծերանոց, իսկ Գարեգինին` Անօթևանների կացարան»,- շարունակում է պատմությունը տիկին Աղավնին: Որոշ ժամանակ հետո Աղավնիին ծերանոցից տեղափոխել են Անօթևանների կացարան` որդու մոտ:
«Մի հատ փոքրիկ տուն լինի, հանրակացարանի նման, ապաստան լինի, որ կարողանանք ապրել: Իմ տղեն արդեն 30 տարեկան է, հիվանդ է, մի պուճուր տեղ լինի, որ ինքն էլ կարողանա ընտանիք կազմի, հիմա ես էլ մայր եմ, էսօր կամ, վաղը չկամ, գոնե իմ երեխուն պսակեմ»,-մտահոգվում է մայրը:
Աղավնին արդեն 30 տարի է` եղբորն է փնտրում` 1944 թվականի ծնված Կարապետ Կալաջյանին, Ասում են` Կարապետը Կալիֆորնիայի նահանգում է, բայց թե որ քաղաքում` չգիտեն: Սկզբնական շրջանում մի քանի անգամ հեռախոսով խոսել են նրա հետ, բայց հեռախոսի համարը փոխելուց հետո այլևս կորցրել են կապը: «Իմ ախպերս ինձի շատ է սիրում, որ իմանա, ամեն ինչ էլ կանի, կօգնի մեզ»,- վստահ է Աղավնին:
Նրանք նույնիսկ նամակ են գրել Կալիֆորնիայի նահանգապետ Առնոլդ Շվարցենեգերին, բայց դեռևս որևէ պատասխան չեն ստացել: Չնայած Գարեգինին և Աղավնիին դեռ դուրս չեն հանել անօթևանների կացարանից, բայց մայրը և որդին անհանգիստ են, քանի որ այնտեղ երկար մնալ չեն թույլատրի, իսկ թե հետո ուր են գնալու, չգիտեն:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել