«Հետքի» հարցերին պատասխանել է Բելգիայում հայկական կազմակերպությունների դաշնության նախագահ, «Լրագիր» հայատառ ամսաթերթի գլխավոր խմբագիր, Անտվերպենում «Նուարդ» մշակութային կենտրոնի նախագահ Գևորգ Մինասյանը
Ասուլիսի ժամանակ ասացիք, որ զբաղվում եք նաև Ջավախքի խնդիրներով: Ինչպե՞ս եք զբաղվում և ի՞նչ քայլեր եք ձեռնարկում:
Առաջին հերթին Ջավախքը մենք առաջիկայում չենք տեսնում որպես անկախ պետություն, գոնե ջավախահայության իրավունքների ոտնահարման դեմ պայքարենք: Մ. Սահակաշվիլիի հայտարարություններն ենք հաճախ օգտագործում, շատ լավ բելգիացի լրագրող ընկերներ ունենք, որոնց նյութեր ենք տրմադրում, տպագրում են: Երբ ես խոսեցի հին հայերից մեկի`Միրտիկյան ազգանունով Անտվերպենի միակ հայ փաստաբանի հետ (50 տարի աշխատում է, 75 տարեկան մարդ է), ասաց` ինչ գործ որ անում եք, սկսեք լրագրողներից: Պետք է պատրաստել հասարակությանը, ընթերցողին: Նրանք չգիտեն Հայաստանն ինչ է, Ջավախքն ինչ է: Կարող է մեծ պաշտոնյայի, նույնիսկ վարչապետի հետ խոսես չիմանա` Հայաստանն ինչ է, որտեղ է գտնվում: Ջավախքի մասին մեր թերում անընդհատ նյութեր են գրվում:
Իսկ ի՞նչ անկյունից:
Առաջին հերթին իրավունքների մասին. հայոց լեզվի օգտագործելու իրավունքի մասին, հայերին պաշտոնյաների կազմում ընդգրկելու: Օրինակ` Աբխազիայում առաջին համայնքը հայերն են, բայց ոչ մի հայ պաշտոնյա չեք գտնի այնտեղ: Նույնը Վրաստանում` եթե «շվիլի» չես դառնում, պաշտոն չեն տա քեզ: Մարդը իր պատմական հողի վրա պիտի ապրի որպես հայ: Միևնույն ժամանակ ես չեմ ընդունում, որ ջավախքահայությունը վրացերեն չգիտի:
Թիֆլիսահայերն ի՞նչ են շահել` վրացերեն իմանալով:
Ես լեզվի հանդեպ արհամարանքը չեմ ընդունում: Նույնն է, թե ես հիմա Բելգիայում ապրեմ և չտիրապետեն այդ լեզվին: Մարդն ապրում է այդ երկրում, առայժմ այդ երկրի կառուցվածքի մեջ է, պիտի վրացերեն խոսես, որ գոնե գնաս Թիֆլիս առևտուր անես:
Ձեր կարծիքով` Ջավախքի հարցում ի՞նչ անելիքներ ունեն Վրաստանը, Հայաաստանը և սփյուռքը` ի դեմս բելգիահայերի:
Չգիտեմ` վրացիները կհամաձայնե՞ն, որ Ջավախքը մնա ֆեդերատիվ սկզբունքով: Ամենաառաջին, կարծում եմ, ճիշտ քայլը դա կլինի, հավասար սկզբունքներով գործող պետություն, հետագայում նաև անջատման կամ երևի մեզ հետ միացման միտումով: Առաջին քայլը պետք է դա լինի, բայց Վրաստանը երբեք չի գնա դրան, հատկապես Սահակաշվիլին: Չգիտեմ, հիմա ասում են Ն. Բուրջանաձեին են ուզում առաջադրել, միգուցե օգակար մի բան լինի: Բայց առաջին հերթին հայը պետք է այնտեղ մնա հայ. չարգելեն մեր իրավունքներ` դասագրքեր տանել, Շիրակ Թորոսյանին Վրաստանի սահմանն անցնել և գնալ Ջավախք:
Հայաստանը` չգիտեմ, բան կարո՞ղ է անել, թե՞ չէ, որովհետև Արցախի հարց կա, Թուրքիայի խնդիրը ծանրացավ, Ջավախքով վախենում են զբաղվել: Ինչ է լինելու, եթե ադրբեջանցիները գնեն Վրաստանով անցնող գազամուղը, այս պարագայում Վրաստանի հետ թշնամանալը Ջավախքի հարցով ինչքանո՞վ է ճիշտ: Միգուցե դիվանագիտական մի բան կա, որից մենք շատ հեռու ենք: Մենք պարզամիտ մարդիկ ենք, որ անկեղծ կարող ենք խոսել, իսկ ինչ է իրականում տեղի ունենում` մենք չգիտենք: Եթե մենք չնչին ինֆորմացիա ունենանք, թե ինչ բականցություններ են ընթանում, լավ կաշխատենք: Միգուցե մենք գնանք խոսենք Ջավախքի հարցով, մեր պետությունն ասի` ով է ասել, որ Ջավախքի հարց պետք է բարձրացնել:
Սփուռքահայերը պետք է աշխատեն բոլոր ինստանցիաներում` սկսած թաղապետարաններից, քաղաքապետարաններից, մունիցիպալ իշխանություններից, գերատեսչություններից, խորհրդարաններից մինչև կառավարություն, պետք է ամենօրյա աշխատանք տանել, որը պետք է մեր երկրի տարած աշխատանքի մի մասը դառնա:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել