
«Ես չեմ ժխտում, որ զբաղվել եմ մարմնավաճառությամբ: Երեխա եմ պահել, ո՞վ կարա ինձ մեղադրի: Բայց որ Կարինեն ինձի տարել շահագործել է Թուրքիայում, էդ փաստ է»,- հուլիսի 28-ին Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում սկսված քրեական գործի քննության ընթացքում հայտարարեց տուժող Նելլին:
Ամբաստանյալի նստարանին հայտնված Կարինե Հարությունյանը եւ Մելանյա Հովհաննիսյանը մեղադրվում են գործով տուժող 3 կանանց` Նելլիին, Արմինեին եւ Աննային թրաֆիքինգի ենթարկելու եւ պոռնկության դրդելու համար:
Նելլին պատմեց, որ 1999թ-ին ամուսնալուծվել է եւ չկարողանալով ապրուստի միջոցներ հայթայթել` զբաղվել մարմնավաճառությամբ: Այդ ժամանակվանից էլ ճանաչում է ամբաստանյալներ Մելանյա Հովհաննիսյանին եւ Կարինե Հարությունյանին: Վերջիններս եւս զբաղվել են մարմնավաճառությամբ:
2009թ-ի մայիսին Նելլին ամուսնացրել է ավագ դստերը եւ օժիտի պարագաներ ձեռք բերելու նպատակով` դիմել Կարինե Հարությունյանին, ով բացի նրանից, որ Թուրքիայում զբաղվել է մարմնավաճառությամբ, միաժամանակ ապրանք է բերել Հայաստան վաճառելու նպատակով:
Ընդհանուր հաշվով` Նելլին 1200 ԱՄՆ դոլարի ապրանք է վերցրել Կարինեից եւ պայմանավորվել պարտքը փակել 3 ամսվա ընթացքում: Սակայն 20 օր անց Կարինեն սկսել է ամբողջությամբ հետ պահանջել պարտքը եւ սպառնալ:
«Ընձի կըսեր, թե պիտի լրիվ փակվիս, թե չէ թազա խնամիներդ կիմանան, որ մարմնավաճառ ես»,- հիշում է Նելլին: Որպեսզի դստեր ամուսնական կյանքը չխաթարվի, Նելլին` այլընտրանք չունենալով, դիմել է Կարինեի մորաքրոջը` Մելանյա Հովհաննիսյանին ու խնդրել, որպեսզի ինքը մարմնավաճառությամբ զբաղվի նրա բնակարանում:
Մելանյան չի մերժել, ինչը Նելլիին ձեռնտու է եղել, քանի որ քաղաքում իմացել են, որ այդ հասցեում մարմնավաճառներ են բնակվում եւ հաճախորդներ ճարելու հետ կապված խնդիրներ չեն եղել: Մելանյայի բնակարանում մարմնավաճառությամբ զբաղվելու համար Նելլին յուրաքանչյուր հաճախորդից ստացած գումարից 500-ական դրամ տվել է տանտիրուհուն: Տեսնելով, որ այդ կերպ գումար դանդաղ է հավաքվում եւ ինքը չի կարողանալու փակել պարտքը, Նելլին դիմել է Կարինեին` իրեն Թուրքիա տանելու խնդրանքով:
2009թ.-ի հուլիսի 23-ին Նելլին Կարինե Հարությունյանի հետ մեկնել է Թուրքիայի Կոնյա քաղաք, որտեղ 26 օր միասին զբաղվել են մարմնավաճառությամբ: Նելլիի պատմելով` Կարինեն իրեն պարտադրել է սպասարկել անգամ հարբած, թմրանյութի ազդեցության տակ գտնվող հաճախորդներին: Երբ ինքը փորձել է հակառակվել, Կարինեն ասել է, որ եթե եկել է, ուրեմն պիտի աշխատի եւ վերադարձնի պարտքը, հակառակ դեպքում ծանոթների միջոցով իրեն կկորցնի:
Մեղադրող, ՀՀ գլխավոր դատախազության մարդու դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության ավագ դատախազ Ա. Մարուխյանը փորձեց ճշտել, թե Կարինեի պարտադրանքն արդյոք սահմանափակվե՞լ է միայն հաճախորդների ընտրությամբ: Պարզվեց, որ Նելլիին սեռական հարաբերություն ունենալ Կարինեն ստիպել է անգամ կանացի ֆիզիոլոգիական հիվանդության ժամանակ:
Այսպիսով, չիմանալով լեզուն, ծանոթ չլինելով տեղանքին, չունենալով անձնագիր, Նելլին մինչեւ վիզայի ժամկետի ավարտը զբաղվել է մարմնավաճառությամբ: Ստացած գումարների կեսը տվել է կավատին, մյուս կեսով վերադարձրել Կարինեի պարտքը:
26 օր անց երկուսն էլ վերադարձել են Հայաստան: Նելլիի պատմելով` Գյումրիում ինքը գրեթե չի շփվել Կարինե Հարությունյանի եւ Մելանյա Հովհաննիսյանի հետ, սակայն իմանալով, որ Մելանյան պատրաստվում է Կարինեի մոտ ուղարկել իր ծանոթ Արմինեին, գնացել եւ վիճաբանել է վերջինիս հետ:
«Ինչո՞ւ»,- հետաքրքրվեց դատավոր Շիրակ Հակոբյանը:
«Որովհետեւ Արմինեն կյանքում չի զբաղվել մարմնավաճառությամբ եւ իրա համար շատ դժվար կեղներ էնտեղ,- բացատրեց Նելլին»: Նա ամեն կերպ փորձել է համոզել Արմինեին չգնալ Թուրքիա, սակայն վերջինս պատասխանել է, որ ինքն ուրիշ տարբերակ չունի, քանի որ ապրանք է վերցրել Մելանյայից եւ պարտքը չի կարողանում վերադարձնել, իսկ Մելանյան սպառնացել է տունը վաճառել:
«Աղջիկդ էնքան կմնա մոտս, մինչեւ սահմանն անցնիս»
Գործով տուժող, Շիրակի մարզի գյուղերից մեկի բնակիչ Արմինեն ամբաստանյալ Կարինե Հարությունյանին ճանաչել է 10 տարի, իսկ Մելանյա Հովհաննիսյանի հետ ծանոթացել է Նելլիի միջոցով 2009 թվականին: Մշտական աշխատանք չունենալով եւ գյուղում բնակվելով աղջկա հետ` զբաղվել է վարձու հողագործական աշխատանքներով եւ անասնապահությամբ: 2009թ-ի մայիսին ընկերուհու` Նելլիի հետ գնացել է Մելանյայի տուն, որտեղից ապառիկով վերցրել է հագուստ` իր եւ աղջկա համար:
Այնուհետեւ որոշակի քանակությամբ եւ պարբերականությամբ ապրանք է տարել գյուղ` վերավաճառելու նպատակով: Չկարողանալով կանխիկ գումար վերցնել` Արմինեն հագուստը գյուղում հիմնականում փոխանակել է գյուղմթերքի հետ` կարտոֆիլ, պանիր, պահածոներ, գառ եւ այլն: Ըստ Արմինեի` ապրանքի դիմաց ինքը մոտ 180 հազար դրամի մթերք է տվել Մելանյային, իսկ վերջինս, ինչպես պարզվել է հետագայում, դա չի հաշվարկել ու վերջնարդյունքում հայտնել է, որ պարտքը կազմում է 370 հազար դրամ:
Գործել է գրեթե նույն սխեման: Սկզբում սպառնալիքներ, որ կգան գյուղ եւ տունը կվաճառեն, հետո այլընտրանքային առաջարկ` Թուրքիայում փող վաստակել մարմնավաճառությամբ: Արմինեն ճարահատյալ համաձայնվել է Մելանյայի առաջարկին, որ իրեն ուղարկեն Կոնյա:
Լուծելով անձնագրի, հագուստների եւ տոմսի հարցը` Մելանյան Արմինեին ճանապարհել է Թբիլիսի: Այնտեղ նրան դիմավորել է Կարինեն եւ տարել Բաթումի, որտեղ մնացել են 4 օր եւ միայն 5-րդ օրը մեկնել Թուրքիա: Այդ ընթացքում Մելանյան պահանջել է, որ Արմինեի չափահաս դուստրը մնա իր մոտ: Դատավորի «ինչո՞ւ» հարցին Արմինեն պատասխանեց. «Որ ես հանկարծ չմտքափոխվեի ու Թիֆլիսից հետ չդառնայի: Ընձի ըսավ` աղջիկդ էնքան կմնա մոտս, մինչեւ սահմանն անցնիս»:
Թուրքիայում գործերը նախատեսվածից վատ են ընթացել: Տեղ հասնելուն պես Կարինեն Արմինեին տեղավորել է մի թուրք կավատի բնակարանում, որի դռներն ու պատուհանները միշտ փակ են եղել: Շուրջ 10 օր Արմինեն մոտ 50 տարբեր հաճախորդների հետ սեռական հարաբերություններ է ունեցել, իսկ գումարները վերցրել են Կարինեն ու թուրք կավատը:
Այդ ընթացքում Արմինեն անընդհատ լացել է, խնդրել Կարինեին հետ ուղարկել իրեն Հայաստան: «Երբ որ կըսեի, թե ես չեմ կրնա էդ գործով զբաղվի, Կարինեն ընձի կըսեր` կարողա պատահի ընձնից լավ աղջիկ ես, որ եկել ես, ուրեմն բդի էնես,-պատմեց Արմինեն: - Փողն էլ ընձի չէին տա. Կարինեն ու թուրք կինը կվերցնեին: Կարինեն էլ փողը կհաշվեր, կտեսներ որ քիչ էր, կջղայնանար, թե «էս էլ փող է, հա՞» կըսեր»:
Ի վերջո, Կարինեն զանգահարել է մորաքրոջը` Մելանյային, եւ ասել, որ Արմինեն դուր չի գալիս թուրք հաճախորդներին, փող չի կարողանում աշխատել, եւ ինքը նրան հետ է ուղարկում Հայաստան:
Գյումրիում դիմավորելով Արմինեին` Մելանյան նրա ձեռքից վերցրել է անձնագիրը եւ վերադարձրել միայն այն բանից հետո, երբ վերջինս խոստացել է մարմնավաճառությամբ զբաղվել իրեն պատկանող տնակում: Արմինեի պարտքն այդ ընթացքում նվազելու փոխարեն ավելացել է` կազմելով 1800 ԱՄՆ դոլար:
Այս տարվա մարտի 6-ից Արմինեն Մելանյայի բնակարանում զբաղվել է մարմնավաճառությամբ: Հաճախորդներին հեռախոսով կանչել է Մելանյան: Արմինեն մատուցած ծառայությունների դիմաց վերցրած 2000 դրամից 500-ը տվել է Մելանյային` իբրեւ տեղի գումար, իսկ 1500-ն էլ` որպես պարտքի մարում:
«Լատարեյան» էլ չօգնեց
Գործով մյուս տուժող, գյումրեցի Աննան երկար տարիներ ճանաչել է Մելանյա Հովհաննիսյանին եւ Կարինե Հարությունյանին: Մելանյայի հետ մի ժամանակ եղել են հարեւաններ: Աննան տեղյակ է եղել, որ Մելանյան տանը զբաղվել է մարմնավաճառությամբ եւ 2009թ-ին, ընկնելով ֆինանսական ծանր դրության մեջ, գնացել է նրա մոտ եւ խնդրել, որպեսզի վերջինս օգնի իրեն մարմնավաճառությամբ գումար վաստակել:
Մելանյան չի մերժել` տրամադրելով իր տնակի մեկ սենյակը: Հաճախորդներին ապահովել է Մելանյան, որոնք իմանալով, որ այդ տանն ապրում են մարմնավաճառներ` մշտապես այցելել են: Աննան յուրաքանչյուր սեռական հարաբերության համար վերցրել է 2000 դրամ, որից Մելանյայի համար գնել է ծխախոտ, ուտելիք եւ վառելանյութ:
Աննան Արմինեի հետ ծանոթացել է Մելանիայի տանը: Դատարանում Արմինեն ասաց, որ իրենք չորս հոգով որոշել էին «լատարեյա» խաղալ 4000-ական դրամով:
«10 օրը կեղներ 40 հազար դրամ: էն էլ չհասցրեցինք. միլիցեքը մարտի 16-ին մեզի բռնեցին ու բերման ենթարկեցին»,- ասաց Արմինեն:
Դատավարությունը կշարունակվի օգոստոսի 18-ին:
Հ. Գ. Տուժողների անունները փոխված են:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել