HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Կաշառք փոխանցելու կասկածանքով ձերբակալվել է Հրազդանի թիվ 12 դպրոցի դասվարը

Երեկ ձերբակալվել է Հրազդանի թիվ 12 դպրոցի դասվար Կարինե Ալեքսանյանը: Նրան մեղադրում են կաշառք փոխանցելու մեջ: Այս տարվա հունիսի վեջին Հրազդանի թիվ 12 դպրոցում հայտնաբերված չարաշահումների և կաշառակերության դեպքերի առթիվ քրեական գործ է հարուցվել` ՀՀ ՔՕ 308 և 311 հոդվածներով` պաշտոնական լիազորությունները չարաշահելու և կաշառք ստանալու հատկանիշներով: Գործով անցնում է նաև դպրոցի տնօրեն Սուսաննա Երգինյանը:  Կարինե Ալեքսանյանը ներգրավված է եղել որպես միջնորդ` տնօրենին կաշառքը փոխանցելու համար: Նույն դպրոցի աշխարհագրության ուսուցիչ Սուրեն Մաղաքյանը պատմեց, որ տնօրենի կողմնակիցները դպրոցի աշխատողների վրա ճնշումներ են գործադրել, որպեսզի նրանք ճշմարտությունը չասեն քննիչներին: «Ճնշող մեծամասնությունը վախեցած է տնօրենից, հավատացած չեն, որ կարող է տնօրենին ազատեն և իրենք զրկվեն աշխատանքից, դրա համար հեշտությամբ ենթարկվում են ճնշումների»,- ասում է Սուրեն Մաղաքյանը: Ըստ Ս. Մաղաքյանի` տնօրենը Կարինե Ալեքսանյանի միջոցով աշակերտներից գումար է հավաքել` 10 հազար դրամից մինչև 20 հազար, իսկ այս տարվա երկու ավարտական դասարաններից  յուրաքանչյուրը 100 հազար դրամ են նվիրել տնօրենին: Ուսուցիչներ են եղել, որոնք գործի ընդունվելու համար են գումար տվել, իսկ եղել են նաև նրանք, ովքեր գործից չազատվելու համար են գումար տվել, ինչպես նաև կաշառք են տվել ավարտական վկայականների, գնահատականների համար: Սուրեն Մաղաքյանը ևս ցուցմունք է տվել: Նա պատմում է, որ քննական շրջանում Կարինե Ալեքսանյանը տնօրենի պահանջով իրենից փող է ուզել, որպեսզի տնօրենն այդ գումարը տա ԿԳ նախարարության ներկայացուցչին, որ նախարարության ներկայացուցիչը քննություններին խիստ չվերաբերվի. «Եկավ ինձանից փող ուզեց, ասաց` բոլոր այն ուսուցիչները, ովքեր ունեցել են քննական դասարաններ, տվյալ մարդուն պետք է տան 20 հազար դրամ: Ես հրաժարվեցի, չտվեցի: Զայրացա, սպառնացի, որ եթե մեկ անգամ էլ նման հարցով ինձ մոտենան, ես ուր որ պետք է` այդ մասին կհայտնեմ»: Դրանից հետո տնօրենը Սուրեն Մաղաքյանին ազատել է աշխատանքից` հաստիքի կրճատման պատճառով. նա եղել է դպրոցի փոխտնօրեն: Սուրեն Մաղաքյանը դիմել է դատարան, շահել է գործը, բայց տնօրենը չի վերականգնել իրեն, և միայն ԴԱՀԿ-ի  օգնությամբ է կարողացել վերականգնվել: «Հետո ինքը բողոքեց Երևան` վերաքննիչ դատարան, այնտեղ թե ինչ են արել, ինչեր չեն արել, գործը մասնակի բեկանեցին»,- ասում է ուսուցիչը: Սուրեն Մաղաքյանը դիմել է Վճռաբեկ դատարան, որտեղից գործը բեկանել են և ուղարկել ընդհանուր իրավասության դատարան: Մոտ օրերս հրապարակվելու է վճիռը: Սուրեն Մաղաքյանը երկու դիմում է ուղարկել ԿԳ նախարարություն: Նրա կարծիքով` այդ դիմումները ևս դեր են խաղացել, որպեսզի Հրազդանի թիվ 12 դպրոցով սկսեին հետաքրքրվել: Բայց ԿԳՆ-ն միայն տեսչական ստուգումներ է իրականացրել, ինչի արդյունքում տնօրենը վարչական տույժի է ենթարկվել, իսկ մարզպետ Կովալենկո Շահգալդյանը նրան նկատողություն է արել: Սուրեն Մաղաքյանը դիմել է Կոտայքի մարզի դատախազին` դիմումի մեջ նշելով տնօրենի չարաշահումները, պատմել է, որ նա զբաղվում է կաշառակերությամբ, դրամաշորթությամբ, պետական միջոցների յուրացմամբ և այլն: Դատախազությունից սկսել են ստուգումներ իրականացնել, ինչի հիման վրա Ոստիկանության Կոտայքի մարզի քննչական բաժինը քրեական գործ է հարուցել: «Տնօրենը վայելում է մարզպետի հովանավորությունը: Ճիշտ է, ստուգումներից հետո նկատողություն տվեց, բայց մի երկու ամիս անց շնորհակալագիր, թե պատվոգիր տվեց լավ աշխատանքի համար: Իմանալով, որ քրեական գործ է հարուցվել տնօրենի նկատմամբ` առ այսօր գոնե ժամանակավորապես նրան պաշտոնից չի ազատել, որպեսզի այդ մարդը հնարավորություն չունենա ճնշումներ գործադրել կոլեկտիվի վրա»,-ասում է աշխարհագրության ուսուցիչը: Նա նաև տեղեկացրեց, որ 5 տարի շարունակ դպրոցում ստուգումներ չեն կատարվել, աուդիտ չի արվել, և որոշ փաստեր կան, որոնք ուսուցչին ենթադրել են տալիս, որ չարաշահումներ եղել են: Օրինակ` երեք տարի շարունակ դպրոցի ջեռուցման վարձը հավաքել են ծնողներից, մինչդեռ բոլոր դպրոցներում դպրոցի բյուջեով նախատեսված է համապատասխան գումար ջեռուցման վճարի հարցը լուծելու համար: «Եթե գումարները նախատեսված են եղել, բայց ջեռուցման փող են հավաքել ծնողներից, ապա ո՞ւր են գնացել այդ գումարները, դա կարող է պարզել համապատասխան ստուգումը»,- ասում է նախկին ուսմասվարը: Ոստիկանության լրատվության վարչությունից տեղեկացանք, որ մինչ այս պահը միայն Կարինե Ալեքսանյանն է ձերբակալվել: Նախաքննությունն ընթանում է:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter