
«Իմ երկրի ղեկավարությունը բանկերին ֆինանսավորել է ինձ բնակարան տալու համար»
28-ամյա Հովսեփ Ավագյանը շուրջ 3 ամիս է` փորձում է «Երիտասարդներին` մատչելի բնակարան» ծրագրի շրջանակներում վարկավորում ստանալ: Սակայն եռամսյա քաշքշուկներից հետո դեռևս չգիտի, ի վերջո, ստանալու է, թե ոչ: Պահանջվող փաստաթղթերը ներկայացրել է, բայց որոշ բանկեր մերժել են նրան` տարբեր պատճառաբանություններով:
Հովսեփ Ավագյանը Իրան-Հայաստան բարեկամության միության քարտուղարն է: Ամուսնացած է, ունի մեկ երեխա: Համապատասխանում է ծրագրի թե տարիքային, թե մյուս պահանջներին: Հիշեցնենք, որ ծրագրի շահառու կարող են լինել այն երիտասարդ ընտանիքները, որտեղ ամուսինների գումարային տարիքը չի գերազանցում 60-ը և միևնույն ժամանակ ընտանիքի անդամներից ոչ մեկի տարիքը չի գերազանցում 35-ը (ներառյալ): Իր ծննդավայր Հրազդան քաղաքում ուզում է բնակարան գնել: Սկզբում դիմել է «Արարատբանկի» Ծաղկաձորի մասնաճյուղ, որտեղից կառավարիչն ասել է, որ ոչ թե 30, այլ 50 տոկոս կանխավճար պետք է վճարել:
Բանկի գլխամասային համապատասխան բաժնից փորձել է ճշտել այս թյուրիմացությունը, բայց պատասխանը նույնն է եղել. «Ասացին, որ ռիսկային գոտի են համարում, ես էլ ասացի, որ դա կառավարության ծրագիրն է, ասացին` ոչ: Իսկ 50 %-ով բոլոր քաղաքացիները կարող են օգտվել»,- ասում է Հովսեփը: Այնուհետև դիմել է մի քանի այլ հիփոթեքային ընկերությունների, որոնք պատասխանել են, որ շրջաններում չեն վարկավորում: «Բայց կառավարության ծրագիրն այնպես էր, որ համատարած բնույթ պետք է ունենա` և շրջաններում, և քաղաքում. սա նույնպես հակասում էր»,- շարունակում է Հովսեփը: «Անելիք բանկի» Աբովյանի մասնաճյուղում նայել են Հովսեփի փաստաթղթերը և ասել, որ մեկ տարի աշխատանքային փորձը Իրան-Հայաստան բարեկամության միությունում պարտադիր է:
«Իմ նշանակման հրամանագիրը հունվարի 1-ից է: Երեք ամսվա պատճառով այնտեղ էլ մերժեցին: Բայց 6 ամիսը համարվում է լիակատար փորձաշրջան, որպեսզի աշխատողը տվյալ հաստատությունում համարվի իրենց աշխատակիցը»,- հավելում է Հովսեփը:
«Հայբիզնեսբանկի» Նոր Նորքի մասնաճյուղում Հովսեփին ևս մերժել են` փաստաթղթերից մեկը եղել է արևմտահայերեն. «Ես բացատրեցի, որ ամեն մի հաստատություն, մանավանդ, դիվանագիտական լուրջ կառույց, ունի իր սեփական բլանկը, կնիքը, և հաստատում է այդ կնիքով ու բլանկով: Փաստաթուղթ, որը վավերացված էր ԱԳՆ-ի կողմից, ասացին, որ չեն ընդունում»: Գնացել է «Երտասարդներին` մատչելի բնակարան» ծրագրի Ունիվերսալ վարկային ընկերություն:
Այստեղից ուղարկել են «Հայբիզնեսբանկի» գլխամասային բաժանմունք, որտեղ փաստաթղթերը նորմալ են համարվել: Այստեղ էլ պահանջել են կնոջ աշխատանքային գրքույկը: Բայց կնոջ աշխատավայրից աշխատանքային գրքույկը թույլ չեն տվել վերցնել: «Բանկը պետք է տրամաբանություն ունենա, որ այդ փաստաթղթերը պահվում են կադրային բաժիններում և դուրս չեն տալիս»,- նշում է Հովսեփը: Բացի դրանից` պահանջել են Հովսեփի ներկայացրած փաստաթղթերը նոտարին ցույց տալ, որը նույնպես նախատեսված չէ: «Փաթեթով նախատեսված և չնախատեսված բոլոր փաստաթղթերը հանձնել եմ նորմալ, չկան ստանդարտներ, որ չհամապատասխանեն»,- վստահ է Հովսեփը:
Նա այս ձգձգումների պատճառը մեկն է համարում. ծրագիրը և բանկերը չեն վերահսկվում, բարձիթողի վիճակում են: Դրա վկայությունն այն է, որ նախատեսված 300 երտիտաարդ ընտանիքներից դեռևս վարկավորվել են այդ թվի մոտ մեկ երրորդ մասը: «Երիտասարդ ընտանիքին` մատչելի բնակարան» ծրագրի շրջանակներում 2010թ. օգոստոսի 5-ի դրությամբ տրամադրվել է 125 վարկ, 1 մլրդ 43 մլն 400 հազար ՀՀ դրամ ընդհանուր պայմանագրային գումարով:
Հովսեփը հարցի վերաբերյալ խնդրագիր է ներկայացրել Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանին. «Սա իմ ընտրած նախագահի նախընտրական խոստումներից է, պարտավոր են կատարել նրա խոսքը, իմ երկրի ղեկավարությունը բանկերին ֆինանսավորել է ինձ բնակարան տալու համար: Համաձայն չեն, թող նախապես չկնքեին պայմանագիր ԿԲ-ի հետ, եթե համաձայն են, թող առանց քաշքշուկների, առանց բյուրոկրատիայի, առանց հետին մտքերի վարկավորում տան մեր երիտասարդներին,- ասում է Հովսեփ Ավագյանը,- ես միայն իմ անունից չեմ հանդես գալիս, ես խոսում եմ մի խումբ երիտասարդների կողմից»: Նա եղել է Հանրապետական կուսակցության երիտասարդական թևի նախկին ակտիվիստներից մեկը:
«Երիտասարդներին` մատչելի բնակարան» ծրագրի արդիականությունը պայմանավորվել է նրանով, որ Հայաստանի Հանրապետության երիտասարդ ընտանիքները, ունենալով բնակարանային խնդիրներ, ի վիճակի չեն օգտվել ներկայումս գործող հիփոթեքային վարկավորման համակարգից` վարկի մարման բարձր տոկոսադրույքների պատճառով։ «Ծրագրերը կառավարության կողմից գովազդվում էին, և ես էլ, որպես աշխատող երիտասարդ ընտանիք, փորձեցի օգտվել այս ծրագրից»,- ասում է Հովսեփը: Սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության Երիտաuարդական քաղաքականության վարչություն ծրագրերի մշակման և իրականացման բաժնի պետ Արմեն Պապյանն ասում է, որ 30 տոկոս կանխավճարը ցանկացած հիփոթեք ձևավորելու ժամանակ ընդունված սահման է: Այս ծրագրում նույնպես դա պահպանվել է: «Ինչու պիտի երիտասարդ ընտանիքը դիմի հենց այս ծրագրին» հարցին պատասխանում է. «Որովհետև այս ծրագրով տոկոսադրույթը ցածր է: Պետությունը երկու տոկոսը տոկոսադրույքը վերցնում է իր վրա, դա բավականին լուրջ գումար է: Սա է պետության օժանդակությունը»:
«Բանկերը, մտնելով այս ծրագրի տակ, բավականին մեծ ռիսկայնություն են վերցնում իրենց վրա: Մեր ծրագրում հստակ գրված է` առնվազն 30 տոկոս կանխավճար, սա առաջին դեպքն է: Եղել են բողոքներ` կապված բանկերի քաշքշուկների հետ, բայց կանխավճարի 50 տոկոսի մասով դեռևս որևէ բողոք չի եղել»,- նշում է Արմեն Պապյանը: «Արարատ» բանկից փորձեցինք ճշտել, թե ինչու են Հովսեփից 30 տոկոսի փոխարեն 50 տոկոս կանխավճար պահանջել, եթե ծրագրում դա նախատեսված չէ: Ծրագրով զբաղվող Դավիթ Միրզոյանը ժխտեց, թե նման բան անհնար է, և հաստատեց, որ իրենք տալիս են 30 տոկոս կանխավճարով: Ասաց` փոխանցենք Հովսեփին, որպեսզի իրեն մոտենա: Իսկ Հովսեփին ասել են, որ փաստաթղթերը բերի, և որևէ խնդիր չի լինի:
Մարզերի համար` ևս 2 տոկոս
2007թ-ի Հայաստանի երիտասարդության ազգային զեկույցի շրջանակներում կատարված համապատասխան հարցման արդյունքներով` հարցված երիտասարդների շուրջ 90 տոկոսն ընտանիքի կազմավորման և լիարժեք կենսագործունեության համար ի, թիվս այլ պայմանների, ամուսնության համար պարտադիր պայման է համարում բնակարան ունենալը: Ըստ հարցման մասնակիցների` գրեթե նույն հիմնախնդիրներից է կախված նաև ընտանիքում երեխաների հնարավոր թիվը։ Այս փաստը հաշվի է առնվել նաև «Երիտասարդ ընտանիքին` մատչելի բնակարան» պետական նպատակային ծրագրի նկարագրության մեջ:
Թե ինչու ծրագիրը սպասված արդյունքները չեն տվել և դիմողների թիվը մեծ չէ, ըստ Արմեն Պապյանի, պատճառը կանխավճարն է: Ձեռք բերվող բնակարանի արժեքի առավելագույն չափ է ընդունվել 16.000.000 դրամը: Հիփոթեքային վարկը տրամադրվելու է առնվազն 10 տարի մարման ժամկետով, 10.5-11 տոկոսով, որից 2 տոկոսը կսուբսիդավորի պետությունը (այսինքն`վարկառուի համար վարկի տոկոսը կլինի 8,5 -9 տոկոս): Թե՛ Երևանի, թե՛ մարզերի համար կանխավճարը կազմելու է բնակարանի արժեքի առնվազն 30 տոկոսը։
Ծրագրի շրջանակում շահառու ընտրված անձինք դիմում են համագործակցող`Հայաստանի Հանրապետության առևտրային բանկերին` հիփոթեքային վարկ ստանալու նպատակով: Ծրագրի իրականացման նպատակով ներդրվել է 3 մլրդ դրամի չափով պետական միջոցներ։ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի իրականացրած նախնական հաշվարկները ցույց են տվել, որ 3 մլրդ դրամը բավարար է մոտավորապես 300 երիտասարդ ընտանիքին տրամադրվող վարկի վերաֆինանսավորման համար` վարկի 10000000 դրամ միջին գումարի և 10 տարի ժամկետի դեպքում։
Ծրագիրը սպասարկում են 12 բանկ և երեք վարկային կազմակերպություն: Հուլիսի 14-ին տեղի ունեցած «Երիտասարդ ընտանիքին` մատչելի բնակարան» պետական նպատակային ծրագրի վերաբերյալ խորհրդակցության ժամանակ վարչապետ Տիգրան Սարգսյանը մատնանշել է մարզերում երիտասարդ ընտանիքների կողմից վարկերից օգտվելու ցածր ցուցանիշը։
Վարկերի շուրջ 80 տոկոսը տրամադրվել է Երեւան քաղաքում, իսկ 20 տոկոսը` մարզերում: Ընդգծելով տարածքային համաչափ զարգացման կարեւորությունը` նա հանձնարարել է ֆինանսների նախարարությանը մարզաբնակ երիտասարդ ընտանիքների համար օգոստոս ամսվա ընթացքում պատրաստել 2010 թ. հունվարի 29-ին կառավարության հաստատած հիշյալ պիլոտային ծրագրի պայմանների փոփոխման մասին որոշման նախագիծ:
Սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության Երիտաuարդական քաղաքականության վարչություն ծրագրերի մշակման և իրականացման բաժնի պետ Արմեն Պապյանը «Հետքին» տեղեկացրեց, որ վարչապետի հանձնարարականից հետո մարզերի կտրվածով վերանայվում է ծրագիրը, և հավանական է, որ մինչև տարվա վերջ փոփոխություններ լինեն և մարզերի համար պետությունը ևս երկու տոկոս դոտացիա վերցնի իր վրա` հասցնելով 4 տոկոսի: Արմեն Պապյանի կանխատեսումներով, դա կօգնի մարզերից դիմողների տոկոսը հասցնել մոտ 30-35 %-ի:
Մեկնաբանել