Գյումրիի «Տեխնոպարկն» իրականություն կդառնա 10-15 տարի անց
Ու դա միայն սկիզբը կլինի
2008 թ.-ին ՀՀ կառավարությունն առաջադրեց Գյումրին տեխնոքաղաքի վերակազմավորելու հայեցակարգ: «Հայնախագիծը» այդ նպատակով 5 նախագիծ էր ներկայացրել Գյումրու քաղաքապետարան եւ Էկոնոմիկայի նախարարություն: Հաղթել էր ճարտարապետներ Սաշուր Քալաշյանի եւ Մհեր Չերքեզյանի հեղինակած նախագիծը: «Տեխնոպարկի» ճարտարապետական էսքիզի հանրային քննարկումն այսօր կայացավ Գյումրիում` առնչվող բոլոր հնարավոր ոլորտների ներկայացուցիչների մասնակցությամբ: Նախագծի հեղինակներից Սաշուր Քալաշյանը ներկայացրեց էսքիզի համառոտ նկարագիրը:
Տեխնոպարկի հատակագծային կազամակերպման համար որպես հիմնական ուղղորդիչ են ծառայել համաքաղաքային նշանակության գործող ու նախագծվող փողոցային ցանցը, կանաչ գոտին, որոնք ամրագրված են Գյումրու գլխավոր հատակագծի նախագծում:
Ըստ էսքիզի հեղինակների` «Տեխնոպարկը» ներկայացվում է իբրեւ քաղաքաշինական ուրույն միջավայր, ուր կլինեն բոլոր պայմաններն ու հնարավորությունները համայնքի օժտված խավի մշակութային, գործարարական ու գիտարարտադրական, նորարարական գաղափարները ձեւավորելու եւ իրացնելու համար:
Տեխնոպարկի ծավալատարածական հորինվածքը թելադրված է նրա հատակագծում ունեցած կենտրոնամետ կառուցվածքով, առաջադրանքի պայմաններով թելադրված հարկայնությամբ եւ տարածքի ինժեներաերկրաբանական սահմանափակումներով: Ելնելով վերոնշյալից` հեղինակներն առաջարկում են համալիրն իրականացնել հիմնականում մեծաթռիչք կոնստրուկցիաների օգտագործմամբ կազմավորված «մոդուլներով»:
Սաշուր Քալաշյանի հավաստմամբ, շինարարության այս ձեւաչափը ավանդականի նկատմամբ ունի առավելություններ: Հնարավորություն է տալիս բացառել ավանդական ժապավենային հիմքերի կիրառումը կավահողային սեյսմաանկայուն գրունտների պարագայում: Համալիրի բոլոր կարգի ծավալներում հնարավորություն է ընձեռվում ազատորեն կատարել ֆունկցիոնալ ցանկացած ձեւափոխություն` կախված պահի եւ աշխատանքի կազմակերպման պահանջարկից:
Տեխնոպարկը ապահովված է լինելու ավտոտրանսպորտային հարմարավետ կապերով ինչպես ներքաղաքային փողոցային ցանցի, այնպես եւ շրջանցող ավտոմայրուղու հետ: Եվս մեկ կարեւոր հանգամանք. տարածքի կանաչապատ մակերեւույթը լինելու է 50 տոկոս:
Կառավարությունը 130 մլն դրամ է հատկացրել: Մինչեւ տարեվերջ Գյումրիում կհիմնվի ժամանակակից ինժեներական լաբորատորիա: «Տեխնոպարկի» կառուցման նպատակով 55 հա-ի 30 տոկոսի կառուցապատման համար մոտավոր հաշվարկներով պետք կլինի 450 մլն դոլար: Բայց քանի որ ծրագիրը դեռ նախագծային փուլում է, այս թիվն եւս հնարավոր է փոփոխվի, քանզի դեռ պարզ չէ, թե որքան եւ ինչ տեսակի փոփոխությունների անհրաժեշտություն կլինի հետագայում:
«Մեր խնդիրը` Գյումրին դարձնել գերժամանակակից քաղաք,-հայտարարեց Էկոնոմիկայի նախարարության բարձր եւ տեղեկատվական տեխնոլոգիաների վարչության պետ Վաչե Կիրակոսյանը,-ուղղակի դրա իրական արդյուքներին ականատես կլինենք միայն 10-15 տարի հետո, գուցե եւ ավելի շատ ժամանակ պահանջվի»:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել