
Աուտիզմը սրված է աղետի գոտում եւ կոնֆլիկտային տարածքներում ապրող երեխաների շրջանում
Մասնագետներն աուտիզմը բնութագրում են հաղորդակցման, սոցիալիզացիայի, հարմարվողական վարքագծի եւ խոսքի զարգացման ծանր խանգարում, որն արտահայտվում է կյանքի առաջին երեք տարվա ընթացքում: ՀՀ առողջապահության նախարարության տվյալներով` հիվանդության դեպքերի թիվն ինչպես ամբողջ աշխարհում, այնպես էլ Հայաստանում աճում է. հիվանդության դեպքերի հաճախականությունը ներկայումս կազմում է 125/10000, 1999 թ.` 6-7/10000-ի դիմաց:
Աուտիզմով տառապող հիվանդների թիվն ամբողջ աշխարհում ավելացել է 10-15 անգամ, ինչը պայմանավորված է նաեւ ախտորոշման բարելավմամբ: Մանկական հոգեբուժական դիսպանսերում եւ ԱրԲես կենտրոնում առաջնակի ախտորոշված դեպքերի թիվը 2010 թ. մարտի տվյալներով կազմում է 243 հիվանդ: Հիվանդության ծագումնաբանության մեջ նշվում է 9 հնարավոր պատճառ, որոնցից է գենետիկական գործոնը, թունավոր քիմիական նյութերով, ծանր մետաղներով թունավորումը, աուտոիմուն գործոնները եւ այլն: Հայաստանում աուտիզմով հիվանդ երեխաների բուժումն ու վերականգնումն իրականացվում է «Արաբկիր» ԲՀ-ԵԴԱԻ-ի ԱրԲես առողջության կենտրոնում` պետական պատվերի շրջանակներում, ինչպես նաեւ «Առաջինը` երեխաներին», VivaCell-ի եւ կենտրոնի ամերիկյան գործընկերոջ ֆինանսավորմամբ գործող «Երեխաների միջազգային կենտրոնում»:
Տիկին Բայորատ, ի՞նչ է աուտիզմը:
Ֆիզիոլոգիական առումով այն գլխուղեղի թերզարգացման հետ է կապված: Ուսումնասիրված է, որ նյարդային հյուսվածքները ներդաշնակ չեն: Սա ի ծնե է, եւ որպես այդպիսին` բուժելի ու վերականգնելի չէ: Նախանշանների առկայությամբ աուտիստները բնորոշվում են` թեթեւ, միջին եւ ծանր: Նորածինների մոտ հաճախ գլխի չափերն ավելի մեծ են, ավելի զարգացած, ինչը շատ դեպքերում ցուցանիշ է, որ ինչ-որ բան այնպես չէ, որովհետեւ նյարդային հանգույցների խախտումները հենց այդ շրջանում են տեղի ունենում: Նախանշանները կարող են ավելի ուշ հայտնաբերվել, բայց այնպես չէ, որ դրանք չլինեն եւ հանկարծակի ի հայտ գան: Գոյություն ունեն նորագույն ամերիկյան հետազոտություններ, որոնք ցույց են տվել, որ առաջին երեք տարիների ընթացքում այս երեխաների մոտ գլխուղեղը շատ արագ է զարգանում, եւ դրա հետեւանքով նյարդային հանգույցների նորմալ ցանցայնացումը խանգարվում է: Երեք տարուց հետո այդ ընթացքը բնական գործընթացի մեջ է ընկում, բայց արդեն իսկ առաջացած խանգարումների հետեւանքը չի վերանում: Սա է պատճառը, որ նրանց մոտ որոշ ունակություններ ու հատկություններ չեն զարգանում: Բայց նրանք մտավոր հասուն են: Եվ զարմանալին այն է, որ աուտիստներին նմանեցնում են մտավոր թերզարգացվածություն ունեցող երեխաներին, որովհետեւ ծանր վիճակի աուտիստների մոտ հաղորդակցություն չկա: Իսկ միջին ծանրության եւ թեթեւ աուտիստներն ունեն խոսքային հաղորդակցություն եւ ցուցաբերում են միջինից բարձր ինտելեկտուալ ունակություններ: Շատ երկրներում, այդ թվում նաեւ Հայաստանում, նկատելի է այն խնդիրը, որ շատ երեխաներ ախտորոշվում են ուշ տարիքում, քանի որ չկա գործի դրված համապատասխան համակարգ, եւ քանի որ ծանր աուտիստները չեն խոսում, ուշ են ախտորոշվում, հաճախ ընդգրկվում են մտավոր թերզարգացում ունեցող երեխաների դասարաններում: Բարդ աուտիստների դեպքում ախտորոշումը հնարավոր է երեխայի 18 ամսական տարիքում, իսկ թեթեւի պարագայում, քանի որ նրանք նորմալ խոսք ունեն, ավելի ուշ է հայտնաբերվում, մոտավորապես 5 տարեկան հասակում:
Իսկ որո՞նք են աուտիզմի հիմնական ախտանիշները:
Ախտորոշման համար երեք հատկանիշ պետք է առկա լինի, եթե դրանցից նույնիսկ մեկը բացակայում է, ուրեմն աուտիզմ չէ: Առաջինը` հաղորդակցումը` որեւէ կերպ, երկրորդը` սոցիալական հարաբերությունները, շփումը, երրորդը` սեւեռուն պատկերացում որեւէ բանի նկատմամբ. ունեն բացառիկ հետաքրքրություն եւ սեւեռուն ուշադրություն: Եվ այդ առումով նրանց հատուկ է կառուցվածքային մոտեցում, կարգուկանոն, հավասարություն, դասավորվածություն: Հետաքրքիրն այն է, որ աուտիզմով տառապող երեխաների 70 տոկոսը տղաներ են, եւ ոչ ոք չգիտի պատճառը: Երեխաների 70%-ը չի խոսում 1-6 տարեկան հասակում: Դա մեծ թիվ է:
Ո՞րն է մասնագետի խնդիրն այստեղ:
Աուտիզմի բարդ դեպքերում, երբ նրանք չունեն խոսք, մասնագետի խնդիրն է հնարավորություն տալ երեխային որեւէ կերպ հաղորդակցվել միջավայրի հետ: Այստեղ մենք ունենք անելիք` օգնելու այդ երեխաներին: Սա նրանց ձայնն է (ցույց է տալիս պատկերների տեղադրման տախտակը, որով աշխատում է երեխաների հետ): Արդյունավետ մեթոդը պատկերների միջոցով հաղորդակցման համակարգն է: Այդ պատկերներով երեխային սովորեցնում ես արտահայտվել, հետո սկսում են ամբողջական նախադասություններ կազմել: Երեխան ցույց է տալիս նկարը եւ ասում` «ես պաստա/մածուկ եմ ուզում», եւ նա այդպես հաղորդակցվում է: Տղաների սիրելի խաղը ֆուտբոլն է, շատ են սիրում նաեւ լսել երաժշտություն:
Մասնագետներն ահազանգում են, թե վտանգ կա, որ աուտիզմը կդառնա գլոբալ համաճարակ` համազոր ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ին: Ձեր գնահատմամբ` ինչքանո՞վ է այն վտանգավոր այսօր:
Վտանգավոր է: Ներկայումս Մեծ Բրիտանիայում յուրաքանչյուր 100-րդ երեխան ախտորոշվում է որպես աուտիստ, Միացյալ Նահանգներում` յուրաքանչյուր 150-րդ երեխան: Գերմանացի մասնագետները եւս այսօր օգտվում են այս տվյալներից, քանի որ ախտորոշման միասնական համակարգ չունեն:
Աուտիզմի զարգացման տարածաշրջանային որեւէ պատկեր կա՞:
Ցավոք սրտի, որեւէ ուսումնասիրություն չկա, թե տարբեր տարածաշրջաններում ինչպիսի հատուկ բնութագրիչներ կան: Բայց Հայաստանում, ըստ իմ դիտարկումների, երկրաշարժի տարածքում` Գյումրիում եւ Վանաձորում, ավելի շատ աջակցության կարիք կա, քանի որ զանգվածային տրավմատիկ հոգիներ կան, ինչն ավելի է խորացնում եւ սրացնում երեւույթը, անկախ նրանից, որ աուտիզմը ի ծնե հիվանդություն է: Ես վստահ եմ, որ Արցախում էլ է դա շատ ավելի սուր, բայց վիճակագրական թվեր չկան:
Ըստ վիճակագրության` Հայաստանում աուտիզմով տառապող 243 երեխաներ կան: Ձեր կարծիքով` դա մե՞ծ ցուցանիշ է Հայաստանի համար:
Այդքանն ախտորոշված են, բայց ինչպե՞ս է այդ ախտորոշումն արվում: Չափից դուրս քիչ մարդիկ են ախտորոշվում ընդհանրապես: Որոշ արեւմտյան երկրներում ամբողջ ազգաբնակչությունն ախտորոշվում է 18 ամսականից սկսած, եւ այնտեղ պատկերը շատ հստակ է, ինչը հնարավորություն է տալիս առավել շուտ օգնել այդ մարդկանց: Նման համակարգ գյություն չունի Արեւելյան Եվրոպայում: Այստեղ ավելի շատ սրված աուտիստներին են ախտորոշում, որը նաեւ վիճակագրությունն է շեղում: Վիճակագրությունն իրական պատկերը չի տալիս: Այդ թիվը շատ ավելին կարող է լինել` եռակի, նույնիսկ` քառակի: Բոլորը չէ, որ դիմում են ախտորոշման: Եվ մի շատ կարեւոր ֆենոմեն կա. ծնողների մեծ մասն իր երեխային մասնագետի ցույց չի տալիս, կարծես թե ամաչում է իր երեխայից: Նույնն է նաեւ Գերմանիայում:
Ձեր դիտարկմամբ` Հայաստանում մասնագետների պատրաստվածության աստիճանն ինչպիսի՞ն է:
Ամենաշատը, որ ինձ ոգեւորում է, հենց այն հետաքրքրությունն է, որ ես նկատել եմ մասնագետների շրջանում, հրաշալի իդեալիզմ եւ գաղափարի նվիրվածություն: Բոլոր թրեյնինգները բավականին մեծաքանակ են, մասնագետներն այնպիսի մեծ հետաքրքրություն են ցուցաբերում, մոտիվացված են, զգում ես, որ նվիրյալներ շատ կան, որոնց որոշ դեպքերում փորձն է պակասում, գործիքները, հմտությունները: Մարդիկ ուզում են աշխատել, լավ մարդկային պոտենցիալ կա, որը վերապատրաստվելու դեպքում ի վիճակի կլինի այս խնդիրը համակարգելու եւ բարելավելու: Ես համոզվել եմ, որ կրթության մակարդակը բավականին բարձր է, տեսական հիմքեր մասնագետներն ունեն, նրանց պակասում են կիրառական մեթոդները, որոնք համալսարանական կրթության մաս չեն կազմում:
Հայաստանում շփվե՞լ եք աուտիզմով տառապող երեխաների հետ: Ի՞նչ առանձնահատկություններ եք նկատել:
Տարբեր ընտանիքներ դիմել են խորհրդատվության համար: Մոտ մեկ տասնյակ երեխաների հետ շփվել եմ: Ախտանիշները համընդհանուր են, բայց երեխաները, որոնց հետ շփվել եմ, բացառիկ օժտվածություն եւ ներքին պոտենցիալ ունեն, որը պետք է զարգացնել:
Եթե նման ընդգծված ունակություններ են նկատվում աուտիզմով հիվանդ երեխայի մոտ, պե՞տք է այդ ունակությունը զարգացնել, եթե նույնիսկ դա հիվանդագին աստիճանի է հասել երեխայի մոտ, եւ արդյոք դա վտանգավոր չէ՞ նրա համար:
Ցանկացած ունակություն հիվանդության արգասիք չէ, մի ունակություն ուժեղ է դրսեւորվում, քանի որ մեկ ուրիշը չի աշխատում: Ամեն դեպքում, միշտ պետք է զարգացնել այդ ունակությունը եւ իրենց հնարավորություն տալ դա դրսեւորել:
Հայաստանում ոլորտի ամենամեծ խնդիրը, ըստ Ձեզ, ո՞րն է:
Այստեղ կարեւոր է կիրառական հոգեբանության կրթությունը, վերապատրաստման դասընթացները, որպեսզի հոգեբան մասնագետները տիրապետեն տարբեր գործիքների: Եվ, իհարկե, ախտորոշման համընդհանուր կենտրոն եւ համակարգ ստեղծել` օգտագործելով նաեւ արեւմտյան երկրների մոդելները` Հյուսիսային Իռլանդիա, Շոտլանդիա եւ այլ երկրներ: Դա հնարավորություն կտա հստակ պատկեր ունենալ, եւ հնարավոր կլինի շատ ավելի արդյունավետ օգնել երեխաներին: Ակնհայտ է, որ այս երեխաները նույնպիսի անհատականություններ են, որպիսին մենք բոլորս: Եվ եթե իրենք կարողանում են այդ միջավայրի հետ հաղորդակցվել, ապա կարողանում են ինքնուրույն դառնալ եւ իրենց մասին հոգ տանել: Հակառակ պարագայում, եթե իրենց մոտ այդ ունակությունները չեն զարգացվում, ի՞նչ կպատահի այդ մարդկանց հետ, երբ մահանան նրանց ծնողները: Նրանց տեղավորում են այն հաստատություններում, որտեղ մտավոր թերզարգացածներն են:
Կարո՞ղ են աուտիստներն աշխատել, եւ ի՞նչ հնարավորություններ կան նրանց համար:
Գերմանիայում, համաձայն օրենսդրության, յուրաքանչյուր ընկերություն, ըստ իր մեծության, պարտավոր է որոշակի չափով աշխատանքով ապահովել թերահասություն ունեցող մարդկանց, եւ դրանց մեջ են թե աուտիստները, թե ֆիզիկական եւ թե մտավոր հաշմանդամները: Ընկերությունը պարտավորվում է ընդունել այս մարդկանց, բայց նրանց աշխատավարձը վճարում է պետությունը: Այդ մարդիկ ծայրահեղ ազնիվ են, շիտակ եւ բացարձակապես սուտ չեն խոսում:
Մեկնաբանել