
ԱՄՆ դեսպանատան և հայկական գրադարանների համագործակցությամբ ձևավորվող ամերիկյան անկյունները նպատակ ունեն խորացնել համագործակցությունը երկու երկրների միջև` ապահովելով փաստացի, ճշգրիտ ու բաց տեղեկատվություն Միացյալ Նահանգների մասին: «Ամերիկյան անկյուն» ծրագիրը Հայաստանում պաշտոնապես մեկնարկել է 2005թ. ապրիլից: Երևանում գրադարանի ստեղծումից մեկ ամիս անց` հունիսին, Գյումրիի Գիտատեխնիկական լրատվության հայկական կենտրոնում սկսեց գործել 2-րդ «Ամերիկյան անկյունը», որի ստեղծման 5-ամյակն էլ այսօր նշվեց ԱՄՆ դեսպանատան ներկայացուցիչների մասնակցությամբ:
«Այս տարի` փետրվարին, մենք գրանցեցինք Հայաստանի «Ամերիկյան անկյունների» 100 հազարերոդ այցելուին: Ուշագրավ է, որ Հայաստանի 4 քաղաքներում գործող գրադարանների այցելուների մի ստվար մասը Գյումրիի «Ամերիկյան անկյան» այցելուներն են: Հինգ տարում այս անկյունն ունեցել է 28 հազար այցելու»,- հայտնեց ԱՄՆ դեսպանության հասարակայնության հետ կապերի բաժնի տնօրեն Քերին Ռոբլին:
«Ամերիկյան անկյան» ծառայություններն անվճար են: Դրանք ամերիկյան ոճի գրադարաններ են, որտեղ կարելի է գտնել հանրամատչելի տեղեկատու և գեղարվեստական գրականություն, ամսագրեր և տեսանյութեր: Այցելուները կարող են անվճար օգտվել ինտերնետից, մասնակցել տարբեր թեմաներով կազմակերպվող դասախոսությունների ու սեմինարների: Ներկայումս գործող ամերիկայն անկյունների ցանցը ամբողջ աշխարհում ներառում է ավելի քան 400 գրադարան, որոնք ձևավորվել են ԱՄՆ պետքարտուղարության ու հյուրընկալ երկրի կազմակերպությունների համատեղ ջանքերով:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել