HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Պատասխան են տալիս հասարակության և եվրաինտեգրման առջև

7 մասնավոր բուհերի, ինչպես նաև առանձին մասնագիտությունների գծով 6 լիցենզիայի կասեցման հիմնական պատճառը ուսումնամեթոդական փաթեթների անբավարար լինելն էր: Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ կրթության և գիտության փոխնախարար Արա Ավետիսյանը: «Կրթական ծրագրերի իրականացման լիցենզավորման հանձնաժողովը» 72 ոչ պետական բուհերից այս տարվա ուսումնասիրության համար ընտրել է 28-ը, այդ թվում` այլ երկրների բուհերի մասնաճյուղերը: Փոխնախարարը տեղեկացրեց, որ նշված բուհերի և մասնագիտությունների ուսումնական ծրագրերը և դասընթացները ոչ միայն չեն համապատասխանել սահմանված չափանիշներին, այլև իրար հետ փոխկապակցված չեն եղել: Լիցենզիայից զրկելու երկրորդ պատճառը պրոֆեսորադասախոսական կազմի անհամապատասխանությունն է եղել, և չափից շատ գիտական կոչումներով ու  աստիճաններով դասախոսների գրանցումը: «Եթե մենք վերցնում և հաշվում ենք պետական և ոչ պետական բարձրագույն ուսումնական հաստատություններում  գիտական աստիճան կամ կոչում ունեցողների թիվը, դա մի քանի անգամ գերզանցում է ՀՀ-ում գիտական աստիճան և կոչում ունեցողների թվին, ովքեր ապրում են Հայաստանում, դեռ չհաշվենք շատ ու շատ մարդկանց, ովքեր զբաղվածության կամ ցանկություն չունենալու պատճառով ոչ գիտական, ոչ էլ կրթական գործունեությամբ չեն զբաղվում` չնայած ունեն գիտական աստիճան»,- ասաց Ա. Ավետիյանը: Խախտումներ են հայտնաբերվել նաև կադրային ձևակերպումների մեջ, այն է` ձևակերպումները շատ բուհերում մեկ ուսումնական տարվա ընթացքում արվել է երեք անգամ` նույն դասախոսին ազատելով և հրամանագրելով: Արա Ավետիսյանն ասաց, որ սա հարկային մարմինների և աշխատանքի տեսչության խնդիրն է. «Ինչո՞ւ է այդպես արվում` որպեսզի հարկային ինչ-որ տեսակներ չվճարեն և շարժը խճճեն, որ չերևա կադրային շարժը»: Մյուս խումբ թերացումները վերաբերում են լաբորատոր և դրադարանային կահավորվածությանը և պաշարին, առանց որի հնարավոր չէ իրականացնել որակյալ կրթություն: «Մենք այսօր շատ լավ հասկանում ենք, որ հազարավոր կտոր գրքերով գրադարան պետք չէ, բայց գոնե էլեկտրոնային գրադարան կոնսորցիումին պետք է անդամագրված լինեն, բաց հասանելիության գրադարանին պետք է անդամագրված լինեն, որպեսզի մենք հասկանանք, թե գրադարան ունեն, թե չէ, և գրադարանն աշխատում է գոնե իրենց աշխատակիցների համար»,- նշեց փոխնախարարը: Օրենքով պահանջված կարգով չի բավարարել նաև սեփականության կամ վարձակալության տարածքների մասին վկայականները: «Սա ցույց է տալիս, որ եթե նրանք գործում են այս կամ այն տարածքում, ապա դրանք ձևակերպված չեն, և այդ ձևակերպումները չլինելու պատճառով նրանք դուրս են գործում պայմանագրային ճիշտ օրենքով պահանջված գործունեությունից, հարկային դաշտից և այլն»,- շարունակում է Արա Ավետիսյանը: Նա նաև օրինակ է բերում մոտ 10 մասնագիտույթունների գծով լիցենզիաներ ունեցող մի համալսարան, որն իրականացրել է կրթություն ուրիշ բուհերի ուսանողների համար, իսկ ինքն ուսանող չի ունեցել, այլ հեռահար ուսուցման ձևով ծառայություններ  է մատուցել, իսկ իր գործունեությունը ոչ մի կապ չի ունեցել համալսարանական կրթության հետ: Կասեցվել է նաև այն բուհերի լիցենզիաները, որոնք ժամանակին ունեցել են լիցենզիաներ` դիպլոմավորված մասնագետի 5-ամյա կրթության ծրագրով, բայց իրականացրել են բակալավրի ծրագիր: «Հնարավո՞ր է, որ մասնավոր բուհերի փակումը կապ ունենար այս տարվա ընդունելության քննությունների արդյունքների հետ, երբ շատ տեղեր թափուր են մնացել» լրագրողի հարցին փոխնախարարը պատասխանեց, որ ոչ մի կապ չի ունեցել: Գործընթացը սկսվել է 2,5 տարի առաջ, իրականացվել է փուլերով, եթե նման նպատակ լիներ, միանգամից ծավալային փակում կանեին. «Մենք իրավունք չունենք հասարակության առաջ և եվրաինտեգրման առաջ պատասխան չտալու որակյալ մասնագիտական կրթության ապահովման մասով»,- բացատրեց փոխնախարարը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter