
Երևանի հումանիտար ինստիտուտը, Կովկասի ինստիտուտը և Երևանի կառավարման և ինֆորմացիոն տեխնոլոգիաների համալսարանը նախազգուշացվել են` շտկել թերությունները, որոնք հայտնաբերել է «Կրթական ծրագրերի իրականացման լիցենզավորման հանձնաժողովը»:
Այսօր լրագրողների հետ հանդիպմանը, պատասխանելով «Հետքի» հարցին, թե որն է նշված ուսումնական հաստատությունների թերացումը, ԿԳ փոխնախարար Արա Ավետիսյանը տեղեկացրեց, որ նշված հաստատությունների ենթակառուցվածքը չի ապահովում սահմանված պահանջները` որպես համալսարան կամ ինստիտուտ:
Հիշեցնենք, որ Երևանի հումանիտար ինստիտուտի գործունեությանը «Հետքն» արդեն
անդրադարձել է, ինչի պատճառով ինստիտուտի ռեկտորը
դատարան է դիմել` պահանջելով հերքել տարածած տեղեկությունները:
Արա Ավետիսյանը պարզաբանեց, որ այս հաստատություններին լիցենզիայից դեռևս չզրկելու համար հաշվի են առել այն հանգամանքը, որ 1-2 մասնագիտությունների գծով փոքրածավալ, բայց երկրի համար էական նշանակություն ունեցող գործունեության են ծավալում: Փոքր լինելով հանդերձ` իրականացնում են մասնագիտական կրթություն, որտեղ սովորող ուսանողների տեղափոխության դեպքում դժվարություններ կունենային:
Արա Ավետիսյանի փոխանցմամբ, Երևանի հումանիտար ինստիտուտը իրականացնում է մեկ լիցեզնավորված մասնագիտությամբ ծրագիր` թարգմանչական գործ` ճապոներեն, չինարեն, հնդկերեն, իտալերեն, լատիներեն և այլն: Ունի պայմանագրեր արտասահմանյան 5 համալսարանների հետ: «Երբ որ մենք ուղղակի կասեցնում ենք, մեզ պետք է չինարենի, ճապոներենի, իտալերենի մասնագետներ, վիճակը բարելավելու խնդիր կա, անհամապատասխանություն կա, կապահովեն, թող ապահովեն, չապահովեն` մյուս տարի էլ իրենք կփակվեն»,-ասաց փոխնախարարը:
Կովկասի ինստիտուտն իրականացնում է օտարալեզու` միջազգային հարաբերություններ և ժուռնալիստիկայի գծով ուսուցում` փոքրաթիվ քանակով: «Օտարալեզու ուսուցումը մենք չենք կարող ապահովել, թեկուզ պետական համալսարանում, չնայած սա հավատարմագիր էլ չունի, ոչ էլ կարող ենք տեղափոխել,- նշեց Ա. Ավետիսյանը և շարունակեց,- շատ ժամանակ, ելնելով փոքրաթիվ քաղաքացիների շահերից, մենք պրոցեսը ոչ թե վատացնում կամ փչացնում ենք, այլ փոքրիկ բացառություններ են արվում, որոնք ընդհանուր խնդրի և շարժման վրա չեն ազդում»:
Երրորդը` Երևանի Կառավարման և ինֆորմացիոն տեխնոլոգիաների համալսարանը ծավալով և բազային ապահովվածությամբ հաստատություն է, և երկու տարի է փորձ է անում միանալ այս կամ այն կազմակերպությանը, դեռ բանակցությունների փուլում է, այդ պատճառով նրանց էլ է ժամանակ տրվել:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել