
«Եկեղեցին աշխատանք տանում է, բայց նպատակահարմար չի գտնում բարձրաձայնել»
Հետքի» հարցերին պատասխանում է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տեղեկատվական համակարգի տնօրեն Տեր Վահրամ քահանա Մելիքյանը
Ինչո՞ւ եկեղեցին չի արձագանքում հանրային հնչեղություն եւ նշանակություն ունեցող հարցերին:
Եկեղեցին միշտ անդրադառնում եւ արձագանքում է բոլոր խնդիրներին, որոնք հուզում են մեր հասարակությանը եւ մեր հայրենիքին,
ինչպես նաեւ մեր աշխարհասփյուռ ժողովրդին, որովհետեւ եկեղեցին մեծապես կարեւորում է խաղաղությունը, որը պիտի հաստատվի ինչպես յուրաքանչյուր անհատի հոգում, այնպես էլ հասարակության մեջ իբրեւ քաղաքականություն մեր հայրենիքում եւ մեր աշխարհասփյուռ ժողովրդում: Այդ առումով, ես հավաստիացնում եմ, որ եկեղեցին արձագանքում է եւ անհրաժեշտ բոլոր քայլերը ձեռնարկում է: Այլ խնդիր է, որ, թերեւս, եկեղեցուց ակնկալվում է, որ ինքն այդ ամենը բարձրաձայնի, այդ ամենը շոուի վերածի, այդ ամենը գովազդի: Եկեղեցին դա երբեք չի անի, որովհետեւ ես չեմ կարծում, որ արձագանքելը միայն բարձրագոչ հայտարարություններ անելը եւ քննադատություններ հնչեցնելն է այս կամ այն խնդրի առնչությամբ, եկեղեցին տարբեր այլ միջոցներով քայլեր ձեռնարկում է, որպեսզի այդ խնդիրների լուծմանը նպաստի:
Օրինակ կբերե՞ք:
Վերջերս անընդհատ խոսվում էր օտարալեզու դպրոցների եւ «Լեզի մասին» օրենքի փոփոխության առնչությամբ: Գիտեք, որ հայտարարություն արվեց այդ առնչությամբ` նշելով եւ հորդորելով, որպեսզի քննարկումներ տեղի ունենան խնդիրը լավագույնս ուսումնասիրելու համար, որպեսզի փարատվեն մեր հասարակության մեջ առկա մտահոգությունները: Բացի նրանից, որ ստեղծվեց հանձնաժողով, մշտապես կապ կար եւ աշխատանք էր տարվում համապատասխան կառույցների, այդ թվում նաեւ կրթության եւ գիտության նախարարության հետ` հարցը քննարկելու եւ լիարժեքորեն փորձելու նպաստել ճիշտ դիրքորոշման, կեցվածքի որդեգրմանը: Աշխատանքը շարունակվում է:
Բայց օրենքն արդեն ընդունվել է առաջին ընթերցմամբ:
Եթե անհրաժեշտություն նկատվի, եկեղեցին այդ հարցում կբարձրաձայնի, եթե նկատի որեւէ խնդիր:
Սահմանադրությամբ եկեղեցուն տրված է ազգային ինքնության պահպանման առաքելություն, չե՞ք կարծում, որ այստեղ եկեղեցին մեծ դեր ունի, եւ հասարակությունն ուզում է, որ եկեղեցին հստակ դիրքորոշում ունենա:
Այո, եկեղեցին մեծ դերակատարություն ունի, եւ եկեղեցին երբեւէ չի հրաժարվել այդ պատասխանատվությունից, այլ միշտ էլ ստանձնել է այդ պատասխանատվությունը եւ իբրեւ այդպիսին իրականացրել: Ինձ համար իսկապես անընկալելի է, որ հասարակության որոշ հատվածներ եկեղեցուց ակնկալում են խիստ որակումներ, ընդդիմադիր կեցվածք եւ հակադրություն: Եկեղեցու համար հակադրությունն ինքնանպատակ չէ: Եկեղեցին իր նպատակները հստակ գիտակցում է եւ, ինչպես դարեր շարունակ իր նպաստը բերել է, այսօր էլ շարունակելու է իր նպաստը բերել, բայց ոչ երբեք ընդդիմության, ոչ երբեք հակառակման, ոչ երբեք չարության, ոչ երբեք ատելության ոգով, այլ ընդհակառակը` օգտակարություն բերելու ոգով, ինչը ենթադրում է համագործակցություն: Բոլոր կողմերի հետ համագործակցելով` եկեղեցին մշտապես արտահայտել է իր կեցվածքը, եւ բոլորն էլ կարող են վկայել, որ եւ գրություններ են ստացել, եւ քննարկումներ են տեղի ունեցել բոլոր խնդիրների պարագայում բոլոր կառույցների հետ, որոնք որ կարող են ինչ-որ կերպ լուծման առաջնորդել տվյալ խնդիրը:
Ինչո՞ւ եկեղեցին հստակ չի կարող ասել` դե՞մ է, թե՞ կողմ օտարալեզու դպրոցների բացմանը:
Եկեղեցին իր կեցվածքն արտահայտեց, եւ օրեր առաջ էլ վերստին ասվեց, որ անհրաժեշտ աշխատանք տարվում է քննարկումների պահով:
Ո՞ր ուղղությամբ, այսինքն`` համոզո՞ւմ է ժողովրդին, որ օտարալեզու դպրոցների բացումը վտանգ չի ներկայացնում, թե՞ հակառակը:
Այս պարագային եկեղեցին վտանգներ չի տեսնում: Այնպես, ինչպես որ այսօր է, եւ ինչպիսի առաջարկներ որ կան սեղանի վրա, որպեսզի մինչեւ երկրորդ ընթերցումը լրամշակվի օրենքը, վտանգներ չի տեսնում:
Իսկ Մայր Աթոռը լրամշակման համար հստակ կետեր առաջարկե՞լ է:
Եկեղեցին աշխատանք տարել է, բայց եկեղեցին նպատակահարմար չի գտնում բարձրաձայնել, թե ինչպիսի քայլեր է ձեռնարկել եւ ինչ առաջարկներ է կատարել:
Վրաստանում եկեղեցին ամուր ու հզոր դիրք ունի, եւ կա կապ վրաց եկեղեցու եւ ժողովրդի միջեւ: Ինչո՞ւ Հայաստանում չկա այդ կապը: Ձեր կարծիքով, ինչու՞ է նվազել հասարակության վստահությունը եկեղեցու նկատմամբ:
Ես չեմ կարծում, որ վստահությունը նվազել է, բայց ես որոշակի միտում եմ տեսնում` արհեստականորեն վարկաբեկելու եկեղեցին: Եթե համեմատում ենք վրաց եկեղեցու հետ, վրաց եկեղեցին, իմ կարծիքով, քաղաքականացված է, վրաց եկեղեցին իշխանափոխություններ է իրականացնում:
Բայց ժողովուրդն ավելի շատ վստահում է եկեղեցուն:
Դա վիճարկելի է: Մեզանում եւս ժողովուրդը վստահում է եկեղեցուն, որովհետեւ արդեն իսկ Ձեր հարցումը, թե ինչու եկեղեցին կեցվածք չի արտահայտում տարբեր առիթներով, դա վստահության առկայությունն է, որ ժողովուրդը կարեւորում է եկեղեցու կարծիքը այս կամ այն խնդրի պարագայում: Եվ, ըստ այդ կարծիքի, գտնում է, որ վճռորոշ կլինի նաեւ իր կեցվածքը:
Ժողովուրդը կարեւորում է, բայց չի տեսնում պատասխան կեցվածքը:
Տեսնում է, ուղղակի այն ձեւի մեջ չի տեսնում, ինչը որ հասարակության որոշակի հատված փորձում է պարտադրել եկեղեցուն, այդ պարտադրանքը չպետք է լինի: Եկեղեցու այդ հետեւողական վարկաբեկումը նպաստավոր չէ ոչ վարկաբեկողների, ոչ էլ մեր ժողովրդի համար: Այս է խնդիրը, իսկ ես այսօր այդ հետեւողական վարկաբեկումը տեսնում եմ:
Ո՞ւմ կողմից: Կարո՞ղ եք կոնկրետացնել, թե որ հատվածների մասին եք խոսում:
Որոշակի հատվածների կողմից, որոնց ցանկություները եւ պահանջները չեն բավարարվել եկեղեցու կողմից քաղաքական ինչ-որ շահերի հետապնդման ժամանակ, եւ այսօր, ցավոք սրտի, իրենց վարած քաղաքականության հետեւանքով ժողովրդի որոշակի հատված, չեմ ասի համակրում է, բայց ծուղակի մեջ է հայտնվել անգիտության պատճառով` չիմանալով իսկությունը: Ես չեմ հստակեցնի, բայց ակնհայտ է, որ որոշակի ընդդիմադիր ուժեր կան (բայց ոչ բոլոր, որովհետեւ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը համագործակցում է եւ կապի մեջ է բոլոր կուսակցությունների հետ), որոնք հետեւողական են, եւ դա նաեւ փաստում են լրատվամիջոցները, որոնք ուղղակի հովանավորվում են այդ ուժերի կողմից:
Ըստ Ձեզ` եկեղեցին ի՞նչ պետք է անի, որ կարողանա ամրացնել հասարակություն-եկեղեցի կապը:
Իմ խորին համոզմամբ, եկեղեցին, անշուշտ, ունի որոշակի խնդիրներ. դա եկեղեցականների պակասն է: Եթե մենք քառապատիկ, հնգապատիկ ավելի եկեղեցականներ ունենայինք, շատ-շատ հարցեր լուծված կլինեին: Եթե Դուք իմանայիք, որ Ձեր թաղամասում կա մի քանի եկեղեցի, հաճախեիք, եկեղեցականը միշտ այցելեր Ձեզ, ես կարծում եմ` դրանով շատ խնդիրներ կլուծվեին, որովհետեւ Դուք այլեւս կունենայիք Ձեզ հոգեհարազատ եկեղեցի, եկեղեցական, որը միշտ Ձեր կյանքում առկա է, Դուք այդ եկեղեցու համայնքային կյանքն եք կազմում, եւ այդ ժամանակ եւ ժողովուրդը հոգեւոր առումով շատ ավելի կազմակերպված կլիներ, եւ իբրեւ եկեղեցի այդ ընկալումը կլիներ: Բայց նայեք նորից այս պարագային. ժողովուրդը պիտի այդ ապագա եկեղեցականներին պարգեւի: Այն, ինչ կա այսօր ճեմարաններում ընդունելության ժամանակ, մեզ չի բավարարում, որովհետեւ մենք կարողանում ենք շուրջ 50 ուսանող ընդունել, նրանցից ուսումնառության տարիների ընթացքում որոշ անձինք կամ չեն տեսնում իրենց այդ կոչման մեջ կամ, կարգապահական խնդիրներից ելնելով, իրենց դուրս են թողնում, եւ արդյունքում մենք այսօր տարեկան 30-35 եկեղեցականներ ենք կարողանում ձեռնադրել աշխարհասփյուռ հայ եկեղեցու համար, ինչը, անշուշտ, քիչ է: Եթե ժամանակին իշխանները, բազմազավակ ընտանիքներն իրենց ընտանիքից մեկ զավակ տալիս էին եկեղեցուն` կարեւորելով եկեղեցին, այսօր մենք այդ միտումը չենք տեսնում: Դա ցավալի է, որովհետեւ այսօր մեր հասարակությունը շատ ավելի նյութականացված է, բոլորը նախընտրում են, որ իրենց զավակը սովորի իրավագիտություն, բժշկություն եւ այլ մասնագիտություններ, որոնք կապահովեն բարեկեցիկ կյանք անհատի համար, բայց այդ նույն ընտանիքները, որոնք մեծագույն պատրաստակամությամբ քննադատում են եկեղեցուն, իրենց զավակներից մեկին չեն ուզում հորդորել, որպեսզի գնա եւ սպասավորի եկեղեցուն, ամբողջ ազգին:
Մենք վերադարձանք այն հարցին, որ ժամանակին եկեղեցին մեծ դերակատարություն է ունեցել հասարակական կյանքում, այսօր չունի: Միգուցե խնդիրը հենց եկեղեցո՞ւ մեջ է, պետք է մի ռազմավարություն մշակել` մարդկանց դեպի եկեղեցի բերելու:
Այո, որոշակի ռազմավարություն մշակվում է, եւ այսօր էլ աշխատանք տարվում է: Մեծագույն սկզբունքը, որ եկեղեցին այսօր փորձում է վերականգնել, դա ծխական կյանքն է, երբ յուրաքանչյուր ազգ կապված կլինի եկեղեցու հետ եւ այնտեղ կտեսնի իր կյանքի ընթացքը: Կազմակերպական առումով արդեն անցած տարվա հոկտեմբերին տեղի ունեցան որոշակի ժողովներ` թեմական, ներկայացուցչական, որտեղ որոշակիացվեց, որ պետք է ձեւավորվեն թեմական, ծխական կառույցները, եւ դա իրավաբանորեն պետք է հաստատագրվի կանոնադրություններով: Կանոնադրություններն արդեն առաքվել են թեմեր եւ ծխեր, որպեսզի դրանք սկսվեն իրագործվել: Դա կապված է նաեւ միջոցների հետ: Փառք Աստծո, այսօր կան այն անհատները` բարերարները, որոնք սատարում են եկեղեցուն եւ իրենց հնարավորություններից կարողանում են բաժին հատկացնել ոչ միայն հայրենիքի շենացմանը, այլեւ եկեղեցու պայծառությանը, այդ առումով շատ խնդիրներ լուծվում են: Այդ ամենով հանդերձ, եկեղեցին կարիք ունի իր ժողովրդի աջակցության, եւ այդ աջակցությունը տեսնում է` երբեմն ավելի զորեղ, երբեմն` տկար, բայց մենք մեր ժողվրդով հպարտ ենք, որովհետեւ այդ ժողովուրդը միշտ պահել է եկեղեցին, եւ այդ եկեղեցին միշտ իր օրհնությամբ, իր պատգամով եղել է իր ժողովրդի կողմից: Թող երբեւէ որեւէ մեկը չկարծի, որ եկեղեցին ժողովրդի հետ չէ: Այդ հայտարարությունները պիտի անցնեն-գնան, որոնք արվում են եկեղեցու հասցեին, որոնք մեղադրում են եկեղեցուն, եւ այդ անհատներն էլ կանցնեն-կգնան, բայց եկեղեցին իբրեւ այդպիսին, որը չի պայմանավորվում անձերով, շարունակելու է իր ծառայությունն իր ժողովրդին, որովհետեւ այդ ծառայության մեջ է տեսել նաեւ իր իմաստը, իր ընթացքը դարերի մեջ:
Բայց կարեւոր չէ՞, որ այդ ընթացքի մեջ չհեղինակազրկվի:
Դրանում էլ յուրաքանչյուրս մեր անելիքն ունենք: Այո, բազում խնդիրներ կան, բայց բոլոր խնդիրներն էլ լուծելի են. ո՞ր կառույցում խնդիրներ չկան, ո՞ր ընտանիքում: Եկեղեցին էլ մի մեծ օրգանիզմ է, մի մեծ ընտանիք է, որտեղ շատ ավելի մեծ է պատասխանատվությունը յուրաքանչյուր անհատի համար: Եկեղեցին պատասխանատու է եւ հոգեւորականի համար, եւ աշխարհականի համար, եւ եկեղեցին փորձում է: Ո՞ր ընտանիքում, եթե խնդիր է լինում, հայրը կանգնում եւ հարեւանության մեջ բարձրաձայում է, որ զավակը այսպիսին է, այնպիսին է, եկեք զավակի հարցերը լուծեք: Ոչ, փորձում է իր ընտանիքի մեջ հարցերը լուծել տարբեր ճանապարհներով` զրուցելով, խորհուրդ տալով, խրատելով, երբեմն ապտակելով, բայց իր մեջ է խնդիրը լուծում:
Ո՞ւմ է «ապտակել» եկեղեցին, եղե՞լ են նման դեպքեր:
Նման պարագաներ եղել են, երբ եկեղեցին խիստ է արտահայտվել: Ես, թերեւս, չմտաբերեմ նման պարագա, թերեւս պետք էլ չէ:
2008 թ. մարտի 1-ին ինչ-որ մեկին «ապտակե՞լ» է եկեղեցին:
Եկեղեցին արեց կարելին, հավատացեք:
Մեկնաբանել