
«Գլենդել Հիլզ» կազմակերպության տնօրեն Վահե Ալմոյանը կրկին, քանի դեռ չէին ժամանել երկրի նախագահը եւ այլ պաշտոնատար անձինք, լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում էր, եւ ինչպես 2009թ.-ի դեկտեմբերի 23-ին, վստահ հայտարարեց, որ աշխատանքներն ավարտված են ու իրենք պատրաստ են խոստացած 1056 բնակարանը հանձնել տերերին:
Պարոն Ալմոյանը չզլացավ նշել, որ անցած անգամ նկատված թերությունները` կապված ներքին հարդարման հետ, մի քանի ամսով հետաձգել էին բնակարնների հանձնումը: Նախագահի` թաղամաս այցից հետո կազմակերպության ստանձնած պարտավորություններին ավելացել էին նորերը:

«Գազի կաթսա, գազօջախ, գազաֆիկացում, սրանք հավելյալ աշխատանքներ էին, որոնք մենք եւս կատարել ենք նախագահի հանձնարարականով,- տեղեկացրեց Վահե Ալմոյանը: - Ավելին, ընկերությունն իր գումարներից է կատարել գազահաշվիչների համար պահանջվող մուծումները` նկատի ունենալով, որ անօթեւանների ֆինանսական վիճակը թույլ չի տա այդ բոլոր ծախսերը կատարել: Ընկերությունն իր հաշվին վերացրել է նաեւ նկատված բոլոր թերությունները` կապված ներքին հարդարման աշխատանքների հետ»:
Նորակառույց թաղամաս հրավիրված 1056 բնակարանատերերը եկել էին ընտանիքի անդամների, բարեկամների եւ հարեւանների ուղեկցությամբ: Կիզիչ արեւի տակ նախագահի գալուն 1,5 ժամ սպասող գյումրեցիները մեկը մյուսին հուսադրում էին. «Բան չկա, դիմացեք: 20 տարի դոմիկների մեջը փտաք, էս երկու ժամն ինչ է, որ չդիմանաք»: Չնայած լավատեսական հորդորներին` եղան ուշաթափության դեպքեր:

Թաղամասի ասֆալտապատ, ընդարձակ փողոցի երկարությամբ ձգվող կարմիր ժապավենը կտրելու պատիվը վերապահվեց նախագահ Սերժ Սարգսյանին եւ քաղաքաշինության նախարար Վարդան Վարդանյանին: Իրեն ողջունող գյումրեցիներին նախագահը շնորհավորեց բնակարանամուտի առթիվ եւ ներողություն խնդրեց, որ ինչ-ինչ պատճառներով մարդիկ ստիպված եղան եւս մի քանի ամիս սպասել:
Բեմահարթակից, որի ներքեւի մասը զարդարված էր «Առաջ Հայաստան» վերտառությամբ պաստառով, առաջինը ելույթ ունեցավ Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանը: «Ես էս պահին ուզում եմ փառք տալ բարձրյալ Աստծուն, որ մենք բոլորս այստեղ հավաքված ուրախանում ենք: Ես ուզում եմ խորին շնորհակալություն հայտնել գումրեցիների եւ իմ անունից, եւ էն ննջեցյալների անունից, որոնք 22 տարի առաջ ննջեցին, բայց իրենց հոգիները մեզ հետ են, Հայաստանի Հանրապետության նախագահին, որ էս ծանր պայմաններին, երբ ամբողջ աշխարհը, էդ հզոր պետությունները կրիզիսի տակ կքած են, բայց մեր կառավարությունը կարողացավ էդ հսկայական գումարները դնել անօթեւաններին բնակարաններով ապահովելու համար: Ոչ, սա ավելցուկից չէր, սա վերջինն էր»,- հայտարարեց Վարդան Ղուկասյանը:
Քաղաքաշինության նախարար Վարդան Վարդանյանը եւս շնորհավորեց հավաքվածներին` նշելով, որ ինքը շատ լավ է հասկանում այն մարդկանց, ովքեր 22 տարի առաջ կորցրին հարազատների եւ տանիք գլխավերեւում, ովքեր 22 տարի ապրեցին տնակներում` մեծացնելով իրենց զավակներին եւ ծնունդ, կնունք ու հարսանիք անելով այդ պայմաններում:
«Ամենակարեւորը, որ կուզեի շեշտել, որ նույնիսկ համաշխարհային ճգնաժամը արգելք չեղավ մեծածավալ այնպիսի մի աշխատանքի, ինչպիսին էր բնակարանաշինության ծրագիրը Գյումրիում,- ասաց քաղաքաշինության նախարարը:- Մուշ-2 թաղամասում կառուցվել է 22 շենք` 1056 բնակարանով, որոնց տերերը կտոնեն այսօր բնակարանամուտ: Այս տարի մենք սկսել են նաեւ 1949 բնակարանով 37 բնակելի շենքերի կառուցումը, որոնցից 5-ը կառուցվում է Անի թաղամասի վերջնամասում, իսկ 32-ը` Մուշ թաղամասում: 2011թ.-ին շինարարական աշխատանքներ կմեկնարկեն նաեւ մարզի այլ համայքներում»:

Վարդան Վարդանյանն այնուհետեւ բեմ հրավիրեց մի քանի բնակիչների եւ հանդիսավորությամբ վերջիններիս հանձնեց տան բանալիները` հայտարարելով, որ հավաքված մնացած բնակարանատերերը հանդիսավոր մասի ավարտից հետո կարող են մոտենալ իրենց շենքերին եւ տեղում ստանալ այնքան սպասված բնակարանի բանալիները:
Մի քանի երաժշտական համար դիտելուց հետո նախագահ Սերժ Սարգսյանը շրջեց թաղամասում, եղավ այն բնակարաններում, որտեղ եղել էր 2009թ. դեկտեմբերի 23-ին. «Ուզում եմ տեսնել եղած տարբերությունը,- լրագրողներին պարզաբանեց երկրի նախագահը»:
Եղած տարբերությունն արձանագրեցինք նաեւ մենք: Դրանք անհամեմատելի էին: Պատերը միագույն էին, լամինատն այլեւս չէր ճկվում ոտքի տակ, առկա էր սանհանգույցը, ավելացել էին սալօջախը, գազի կաթսան, ջեռուցման համակարգը: Այսինքն` այն նվազագույն պայմանները, որոնք անհրաժեշտ էին 22 տարի բնակարանի սպասած բնակչին` գոնե առաջիկա տարիները անհոգ ապրելու համար:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել