HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Բնապահպանական խնդիրները` հայ-թուրքական հարաբերությունների համատեքստում

«Ոչ անցյալը, ոչ ներկան, չպետք է խոչընդոտ հանդիսանան բնապահպանական խնդիրներով զբաղվելու համար. կապ չունի` ինչ ենք ունեցել, կապ չունի` հիմա ինչ վիճակում ենք»,- կարծում է ՄԱԿ-ի զարգացման ծրագրերի (ՄԱԶԾ) բնապահպանական խնդիրները համակարգող Արմեն Մարտիրոսյանը: Հայաստանի և Թուրքիայի միջև առկա խնդիրների, հարաբերությունների զարգացման և դիվանագիտական հարաբերությունների հաստատման համատեքստում բնապահպանական խնդիրների լուծմանն ու վտանգներին այսօր անդրադարձան բնապահպանության ոլորտի մասնագետները, ներկայացուցիչները և հետաքրքրված այլ անձինք:  Կազմակերպիչ «Մարդկային զարգացման միջազգային կենտրոն»-ը (ՄԶՄԿ) 4 հիմնական սցենար էր նախապատրաստել, որի շուրջ ընթացան քննարկումները. 1.    Իրավիճակն ինչպես որ կա 2.    Համագործակցություն շրջակա միջավայրի պաշտպանության ոլորտում` առանց քաղաքական երկխոսության 3.    Սահմանները բաց են, շրջակա միջավայրն արհամարված 4.    Մաքուր շրջակա միջավայր և հավասարակշռված քաղաքականություն Բնապահպանության նախարարության շրջակա միջավայրի պահպանության վարչության գլխավոր մասնագետ Մարտիրոս  Ծառուկյանը «Հետքի» հետ զրույցում նշեց, որ Թուրքիայի հետ Հայաստանի բնապահպանական խնդիրներից առաջին պլանում ջրային ռեսուրսների պահպանությունն է` ընդհանուր Արաքս գետով: «Մեզ պետք է, որ այդ գետը մաքուր լինի, էկոլոգիական հավասարակշռությունը` պահպանված, այսինքն` մեր գործունեությունը պետք է ուղղված լինի` նպաստելու այդ նպատակին»,- գտնում է մասնագետը: Իսկ առայժմ  պետք է հստակ պահպանել գետի շահագործման ռեժիմը: Այն սահմանային գետ է, և ավելի շատ սահմանապահների հսկողության տակ է, և մասնագետը հնարավոր է համարում արտառոց իրավիճակների ստեղծումն այնտեղ, օրինակ` պայթյուններով ձկնորսության դեպքերը, որը կարող է բերել էկոհավասարակշռության խախտման: Երկրորդը` գետի մաքրության պահպանությունն է, որը կապված է գետի ջրային ավազանի գործունեության հետ: Մարտիրոս Ծառույկյանի խոսքերով, հիմա էլ Հայաստանը որոշ գործողություններ անում է, որոնք, սակայն, բավարար չէ: «Մենք ունենք մաքրման կայաններ, գործարաններն ունեն իրենց մաքրման կայանները, բայց, բնականաբար, դրանք անհրաժեշտ մակարդակի չեն գտնվում, խախտումներով են շահագործվում»: Մ. Ծառուկյանի կարծիքով, Արաքսի հետ կապված խնդրից բացի կարելի է կարգավորել նաև կենսաբազմազանության հարցերը և բարելավել համագործակցությունը միջազգային գլոբալ կոնվենցիաների շրջանակներում: «Հիմա շատ թույլ համագործակցություն կա: Ինչ-որ հարցերի քննարկման ժամանակ մտքերի փոխանակում լինում է, և որոշումներ են կայացվում միջազգային մակարդակում, բայց շատ թույլ»,- նշում է ԲՆ ներկայացուցիչը: Արմեն Մարտիրոսյանը նկատեց, որ Հայաստանի փորձերը` կապ հաստատել Թուրքիայի հետ, ինչը սկսվել է ֆուտբոլից, միգուցե տապալվել է հենց այն պատճառով, որ ֆուտբոլը հաճույքի համար ստեղծված մասնագիտական ոլորտ է, իսկ եթե հիմքը դրվեր բնապահպանական ոլորտի վրա, համագործակցությունն առավել հաջողված կլիներ. «Որևէ երկիր չի կարող սահմանափակվել իր սահմաններով, որը քաղաքական է: Վերցնենք Գազայի հատվածը.  Իսրայելը Պաղեստինի հետ` սպանում են իրար, ուտում են, բայց ոչ մեկը ջրագիծը չի պայթեցնում, որովհետև եթե պայթացնեն, դա աղետ է բոլորի համար, գիտակցում են, իրենք ուզած-չուզած են համագործակցում»,- ասում է Արմեն Մարտիրոսյանը: Նրա տեսակետով` կարելի է գտնել ոլորտներ, որոնք չեզոք են, չնայած նշում է, որ ջուրը քաղաքական հարց է: Արմեն Մարտիրոսյանը տեղեկացրեց, որ Թուրքիայի կողմից պետական մակարդակով առաջարկություն եղել է` համագործակցել կլիմայի փոփոխության ոլորտում ուսումնասիրության շրջանակներում, բայց դեռ գործընթացը չի սկսվել: «Թուրքիային այս պահին ձեռնտու է որևէ չեզոք թեմայի շուրջ համագործակցել, ինքը կողմ կլինի, մտածում է, թե ինչի շուրջ ասի` այո»: Քննարկումների մասնակից CWP- Armenia-ի ներկայացուցիչ Արևիկ Հովսեփյանի դիտարկմամբ, եթե համագործակցությունը սկսվի հասարակական կազմակերպությունների և միջազգային կառույցների նախաձեռնությամբ, առավել օգտակար կլինի պետության համար, քանզի արդեն իսկ կլինեն համագործակցության փաստարկներ: Նա օրինակ է բերում Ադրբեջանի հետ Հայաստանի համագործակցությունըմ չնայած քաղաքական ոլորտում համագործակցության բացակայության. Ադրբեջանը տարածաշրջանային ծրագրերին կամ մոնիտորինգներին մասնակցում է, կա ջրային ռեսուրսների կառավարման ոլորտում համագործակցություն, համատեղ դիտակետեր կան, որտեղից նմուշառումներ են արվում: «Հայաստանն աղտոտող է, Վրաստանն աղտոտող է, տուժում է Ադրբեջանը: Իրենք հասկանում են, որ եթե իրենք նայեն պատերազմական իրավիճակին, չհամագործակցեն, այդ մասով էլ են տուժելու,- նկատում է Արմեն Մարտիրոսյանը,- այդ պատճառով էլ նմանատիպ ծրագրերի կառավարումը` որպես տուժող երկիր, տրվում է Ադրբեջանին: Ջուրը չի քննարկվում, ջուրը քաղաականացված է, դրա համար մենք ասում ենք` կենսաբազմազանություն, կլիմայի փոփոխություն»: «Իրենք ջրային լծակներով քաղաքական լծակներ են կարողանում ունենալ: Արաքսի ավազանով մենք Թուրքիայի համար ներքին հոսանք ենք: Իրենք` վերին»,- մանրամասնեց Արևիկ Հովսեփյանը և նշեց, որ Թուրքիան իր ջրամբարները կառուցել է, իսկ հիմա Հայաստանն ու Իրանը խնդիրներ ունեն: Տնտեսության զարգացումը կվտանգի՞ բնապահպահպանական  համագործակցությունը Բնապահպանության նախարարության շրջակա միջավայրի պահպանության վարչության գլխավոր մասնագետ Մարտիրոս  Ծառուկյանի կարծիքով,  հայ-թուրքական դիվանագիտական հարաբերությունների հաստատմամբ որոշ դրական տեղաշարժեր հնարավոր է, հնարավոր է նաև բացասական տեղաշարժ: «Վտնանգն այն է, որ տնտեսության զարգացումը կգնա առանց համարժեք ուշադրություն դարձնելու բնապահպանական խնդիրներին»,- ասում է Մ. Ծառուկյանը: Քննարկման մասնակիցներիn ևս մտահոգում էր այս պնդումը, որը երրորդ սցենարի հիմնական բովանդակությունն էր: Ըստ այդմ` համագործակցության շրջանակներում տնտեսական ոլորտի աշխուժացումը, երկրի սոցիալ-տնտեսական վիճակից ելնելով` նախապատվությունը տնտեսական ոլորտում, հատկապես որոշ օլիգարխների մուտքն այդ դաշտ, պատճառ կդառնան, որպեսզի անտեսվեն բնապահպանական խնդիրները: Մասնավորապես, սահմանի բացման հետևանքով կարող են նվազել Հայաստանից հումքի արտահանման ծախքերը, ինչը բերում է հանքարդյունաբերության ծավալների բազմակի ավելացման: Դրա պատճառով մեծանում է գետերի ջրերի աղտոտման վտանգը, քանի որ պոչամբարները շարունակում են չհամապատասխանել միջազգային տեխնիկական և բնապահպանական չափանիշներին: Խնդիրը կանհանգստացնի նաև Ադրբեջանին, քանի որ Հայաստանից գետերը հոսում են դեպի իր կողմը: Վերոնշյալ 4 սցենարիների համար մասնակիցները քննարկման ավարտին քվեարկություն անցկացրին, բոլորը համակարծիք էին` 4-րդ սցենարը լավագույնն է, սակայն նշեցին, որ այն ավելի շատ ցանկությանն է, քան իրատեսական սցենար: Քվեարկության արդունքների ցուցանիշներով` երկորդ տեղում` 1-ին սցենարն էր` իրավիճակն ինչպես որ կա:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter