
6 -7 տարի առաջ Զարիշատի (նախկին Ղոնջալի) եթե ոչ գտնվելու վայրը, ապա գոնե անունը գիտեին հեռուստացույց ունեցող բոլոր շիրակցիները:
Անասնագողության աղմուկ հանած դեպքն ու դրա հետ կապված դատավարությունը մարդկանց մղել էր Շիրակի մարզը պատկերող քարտեզի վրա մատը ետ ու առաջ անելով փնտրել ու գտնել գյուղի մոտավոր տեղը (որոշ տպագրության քարտեզներում Զարիշատը բացակայում է):
«Գլոբուսից դուրս ենք» ծանոթ արտահայտությունը լսեցինք նաեւ Ամասիայի տարածաշրջանի հեռավոր, ծայրամասային այս գյուղում, ուր հասնելու համար հարկ եղավ 2 ժամից ավելի ծախսել, թեպետ ընդամենը 47 կմ պիտի հաղթահարեինք:
Հունիսի 27-ին, պատարագելու նպատակով, Զարիշատ էր մեկնել Շիրակի թեմի առաջնորդ Միքայել եպիսկոպոս Աջապահյանը: «Հեռու գյուղ դեռ չի նշանակում Աստծուց հեռու,- նկատում է Սրբազան հայրը,- բոլորն էլ Աստծո զավակներն են, բոլորն էլ կարիք ունեն հոգեւոր սննդի, եւ մենք պարտավոր ենք հանդիպել, շփվել մեր հոտի յուրաքանչյուր անդամի հետ: Մոռացված բնակավայրերի բնակիչներն այս առումով մեր կարիքն առավել ունեն»:
Քանի որ գյուղը եկեղեցի չուներ, սուրբ պատարագը մատուցվեց դպրոցի դասասենյակներից մեկում:
Զարիշատցիներին ուրախացրել էր ոչ միայն կրոնական ծիսակարգին մասնակցությունը, այլեւ թեմի առաջնորդին ուղեկցող լրագրողների ոչ մեծ խմբի առկայությունը:
«Գրեք, նկարեք, տարեք ցույց տվեք մեր ճամփեքը, մեր պայմանները, տարին 12 ամիս մարդու երես չենք տեսնի, հեչ մե պաշտոնյա չի գա հարցնե, թե` այ ժողովուրդ, ի՞նչխ եք, ի՞նչխ կապրիք: Էլի շնորհակալ ենք մեր սրբազանին, որ մեզի չի մոռանա: Էս է արդեն 2-րդ անգամն է գուկա»,- ասում է պատարագի շտապող զարիշատցի մի կին:
«Արփա լիճ» ազգային պարկ» ծրագիրը շրջանցել է Զարիշատը: «Մի՞թե ձեր տարածքում պահպանության արժանի ոչ մի բան չկա»,- հարցնում եմ զարիշատցի երիտասարդին:
«Երեւի լճից հեռու ենք, դրա համար էլ չեն ընդգրկել, ըսին` ճամփից դուրս գյուղ եք, բախտ չունինք, էլի,- պատասխանում է նա,- 3 կմ էն կողմ թուրքի սահմանն է, տարվա 7 ամիսը ձնի տակ ենք: Ջահելությունը կերթա գյուղից, մե զբաղմունքըմ, մե առաջընթացըմ չկա: Գոնե էդ պարկի մեջ էղնեինք, կարող ա պատահի օգուտմ էղներ»:
Բայց մի հարցում, պարզվում է, այնուամենայնիվ բախտավոր են` վարկ չեն վերցնում, բանկի դռները չեն գնում, տոկոս փակելու օրը վատ չեն քնում: Իրենք են ու իրենց պահած անասունից ստացած եկամուտը: Զարիշատում 50 մարդ է ապրում:
Ասում են` գյուղի լավագույն տարիները 60-70-ականներն էին, երբ 120 տնտեսություն կար: 1920-ականներին հիմնված նախկին Ղոնջալին Արփա լճի տարածքի 9 ադրբեջանաբնակ գյուղերից միակն էր, որ ուներ խառը բնակչություն` բաղկացած հայերից եւ ադրբեջանցիներից, գերակշռում էին հայ ընտանիքները:
Իսկ 1988-ին պատկերն արդեն այլ էր` 40 ընտանիք ադրբեջանցիներ եւ միայն 5 հայ ընտանիք: Երկրաշարժից հետո ադրբեջանցիները հեռացան, գյուղում մնացին լոկ հնաբնակ հայ ընտանիքները:
Գորիսի տարածաշրջանի Տեղ գյուղի բնակիչ Իսունց Վանիկը Զարիշատ է տեղափոխվել երկրաշարժից հետո: Երեք երեխաներն էլ ծնվել են Զարիշատում:
«Մեր գյուղում ապրելու պայմաններն էն չէին, հետո` նոր էինք ամուսնացել, առանձին տուն չունեինք, բանակի ընկեր ունեի էս կողմերից, առաջարկեց, որ գանք, ասեց` նոր սարքվող գյուղ է, կարող ա հետո ավելի լավ նայեն, ապագա ունենա: Դե մենք էլ եկանք,- անկեղծանում է Վանիկը,-փոշման չենք: Հիմա 40 գլուխ խոշոր եղջերավոր անասուն ունեմ: Կաթը հանձնում ենք «Աշտարակ-կաթին», ապրում ենք, էլի»:
Վանիկն, իհարկե, չդժգոհեց, որ հետագայում խոստացած լավի փոխարեն գյուղի վիճակը քանի գնացել, վատացել է: Մտածեց` երեւի իմաստ չունի: Գնացողը գնացել է, մնացել են նրանք, ովքեր գյուղը լքելու մտադրություն չեն ունեցել ի սկզբանե: Դալարիկից տեղափոխված Սողոմոնյանները Զարիշատում հիմնավորված այն եզակի ընտանիքներից են, որ արտագաղթելու հարցը երբեք չեն քննարկել:
«Մեր գյուղից դուրս եկանք ջրի խաթեր, Դալարիկում ջուրը առնովի էր,-բացատրում է Վալյա Սողոմոնյանը,- ելանք խամ-խամ եկանք Ղոնջալի, պայմաններից էլ տեղյակ չէինք, լսելով ենք եկել, ասում էին` հետո լավ է լինելու: Տուն տվեցին, ապահովեցին, մնացինք: Մարդ ու կնիկ, 4 երեխա էլ հետներս եկանք Զարիշատ, հիմի արդեն 9 անձ ենք, թոռներ ունեմ: Տղեքիցս երկուսին դեռ պիտի ամուսնացնեմ, ուղղակի պայմաններ չկան: Ամենակարեւորն էսօր տան հարցն է»:
Վերջին ձեւակերպումն ինձ զարմացնում է, քանի որ գյուղի տարածքով շրջելիս նկատել էի մի քանի դատարկ, անբնակ տներ եւ իմացել, որ դրանք կառուցվել են երկրաշարժից հետո: 22 միակերպ տներից ընդամենը 15-ն են բնակելի: Մնացածը դատարկ մնալով` մասնակիորեն թալանվել են:
«Հա, աղջիկ ջան, տուն կա, բայց դու էլ կտեսնիս, թե վրեքը ինչքան գործ կա անելու,- նեղսրտում է տիկին Վալյան,- ասենք թե էդ տունը գյուղապետը տվեց, բայց ախր իմ ձեռս էդքան ֆինանս չկա, որ էդ տունը սարքեմ, սաղ հարցն էս է: Այ, օրինակի համար, դու էլ որ գաս, էստեղ գրանցվես, ապրես, քեզ էլ տուն կտան: Տան առումով խնդիր չկա»:
Իսկ առօրեական, օդ ու ջրի պես անհրաժեշտ, լուծման կարոտ խնդիրներ` որքան ուզես:
«Ավտոբուս չունենք, խանութ չունենք, բուժկետ չունենք, ճանապարհներ չունենք, եկեղեցի չունենք, բջջային կապն էլ էս վերջի մեկ տարին է, որ գործում է: Հիվանդին տանում ենք Ամասիա, ուղարկում են կամ Գյումրի կամ Աշոցք, ծննդկանին ժամկետից շուտ տեղափոխում ենք հիվանդանոց, որ Աստված չանի` հանկարծ տանը կամ ճամփին ազատվի: Տարիներով պաշտոնյայի երես չենք տեսնում, մեզ հիշում են ընտրությունից ընտրություն, բա եղա՞վ»,- նեղացած հարցնում է տիկին Վալյան:
«2010 թ. սեպտեմբերին Զարիշատի 9-ամյա դպրոցը կունենա ընդամենը 5 աշակերտ եւ ոչ մի առաջին դասարանցի,- ասում է տնօրեն Ալվարդ Շաղոյանը,- 3 ուսուցիչ ունենք ընդամենը: Դպրոցը 20 տարի առաջ է կառուցվել, բայց արդեն հիմնանորոգման կարիք ունի: Երիտասարդ ընտանիքները հեռանում են: Մարդիկ փորձում են իրենց երեխաների ապագան այլ տեղերում ապահովել: Ծնելիության առումով էլ աճ չկա: Էս 20 տարիների ընթացքում մարդիկ եկան ու գնացին, բայց քչերը հիմնավորվեցին: Պիտի այնպես անել, որ մարդիկ գալուց հետո չթողնեն փախչեն»:
Մելանյա Ալեքսանյանն աշխատում է Զարիշատի դպրոցում: Մաթեմատիկսյի ուսուցչուհի է, դասավանդում է 4-րդից 9-րդ դասարանների աշակերտներին: Զարիշատ է եկել Արմավիրի մարզի Գետաշեն գյուղից:
«Երբ կրթության նախարարությունն ինձ գործուղեց այս գյուղ, իմ առողջական վիճակը շատ վատ էր, Աստծո հույսին էի: 5-րդ տարին եմ այստեղ ու շատ լավ եմ ինձ զգում: Առողջացել եմ: Հրաշալի բնություն կա այստեղ, բա օդն ինչքան մաքուր է, մարդիկ էլ շատ բայրացակամ են»,- պատմում է Մելանյա Ալեքսանյանը:
Մելանյայի նման քչերն են մտածում: Զարիշատ եկողին նախ եւ առաջ ապրելակերպն է հետաքրքրում, արտագաղթողին` եւս: Չկաների շարանն այնքան շատ է այս գյուղում, որ իրավիճակը չի փրկում անգամ մաքուր էկոհամակարգը:
Գյուղում ՏԻՄ-ի որեւէ ներկայացուցիչ չգտնվեց, որպեսզի ճշտեինք, թե որքան է Զարիշատի բուջեն եւ ինչ կարելի է անել այդ գումարով, արդյոք պարտաճանաչ հարկատու են զարիշատցիները, ինչու երկու ամիս է, չնայած շինանյութի առկայությանը, չի նորոգվում համայնքապատկան դպրոցի վնասված տանիքը, ինչպես է պատահել, որ, զարիշատցիների ասելով, օրը 4 անգամ նույն ճանապարհով անց ու դարձ անող գյուղապետը զլանում է այն անցանելի դարձնել եւ այլն:
Տարօրինակ զուգադիպությամբ հենց այդ օրը գյուղից դուրս անհետաձգելի գործեր էին ունեցել եւ գյուղապետը, եւ տեղակալը, եւ քարտուղարը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել