
ՀՀԿ խմբակցության Աժ պատգամավոր Գալուստ Սահակյանի կարծիքով, միջազգային հանրությունը և հակամարտությունը կարգավորող համապատասխան շահագրգիռ կառույցները հունիսի 18-ին Չայլու գյուղում տեղի ունեցածը պետք է կոշտ դատապարտեին, եթե, իհարկե, միջազգային հանրությունն ու այդ կառույցները առաջնորդվեին եղած բանաձևերով: Իսկ Ադրբեջանը տվյալ դեպքում որոշակի պատիժներ պետք է կրեր:
Եթե համանախագահող երկրների նախագահների հայտարարությունն ավելի ընդգծված լիներ և Ադրբեջանին դատապարտող խոսք լիներ, այն որոշակիրոեն կարող էր արագացնել նաև բանակցային գործընթացները: Գալուստ Սահակյանի կարծիքով, նման դեպքերում աշխարհն առաջնրդվում է հավասարակշռման մեխանիզներով, և աշխարհն ավելի շատ գերադասում է տնտեսական հավակնությունները, քան ժողովրդավարական արժեքները: Այդուհանդերձ, համանախագահների հայտարարությունն այսօրվա ասուլիսում պատգամավորն առաջընթաց համարեց, քանի որ մեկ անգամ ևս ընդգծվել է, որ ղարաբաղյան խնդրի լուծումը Ղարաբաղի ժողովրդի գործն է` ազգերի ինքնորոշման իրավունքի ճանապարհով:
«Մեզ համար առաջնայինը Ղարաբաղի կարգավիճակի հարցն է, և մենք գտնում ենք, որ դա չի կարող լինել Ադրբեջանի կազմում»,- ասաց Գ. Սահկյանը և հավելեց, որ մյուս բոլոր հարցերն ածանցյալ են Ղարաբաղի կարգավիճակին:
Պատգամավորի խոսքերով, բանակցություններն ընթանում են հենց Ղարաբաղի կարգավիճակի մասով, որովհտև մինչև կարգավիճակը պարզ չլինի, մյուս խնդիրներին լուծում տալ հնարավոր չէ, օրինակ, ինչպիսին է փախստականների վերադարձի խնդիրը. «Որտե՞ղ պիտի վերադառնան փախստականները, ի՞նչ իրավական միավորում պիտի վերադառնան, նախևառաջ տարածքը պետք է լինի, որպեսզի հնարավոր լինի մյուս գործողությունները կատարել»,- ավելացրեց Գալուստ Սահակյանը:
Նա նշեց, որ նույնիսկ տարածքների զիջման հարցի կարգավորումը պարզ չէ. ո՞վ պետք է զիջի տարածքները, ո՞ր իրավական սուբյեկտը, և, ի վերջո, ո՞ւմ հետ պետք է բանակցեն անվտանգության հարցերի շուրջ:
«Աբսուրդ է, որ այսօր էլ մեր քաղաքական դաշտում քաղաքական ուժերը, իրենց սկզբունքներից ելնելով, մեկը` ընդդիմադիր, մեկը` կիսաընդդիմադիր, անընդհատ հարվածներ է հասցնում և կարծեք թե ժողովրդի մեջ մի բան է մեռցնում, երբ ասում են, թե տարածքների հանձնելու խնդիր է քննարկվում»,- մտահոգվում է Գալուստ Սահակյանը: Դրա համար նա կարծիք է հայտնում, որ պետք է լսել այդ տարածքների համար արյուն թափողներին:
«Կլինի պատերազմ, թե չի լինի» հարցադրմանը Գալուստ Սահակյանն առաջարկում է «զսպել նման կրքերը», քանի որ խնդիրը հենց այն է, որ պատերազմ չլինի: «Եկեք չխոսենք պատերազմից` կհաղթենք, թե չենք հաղթի: Բնականաբար այն ժողովուրդը, որն իր հայրենիքն է պաշտպանում, միշտ էլ ուժեղ է»,- նկատեց Գ. Սահակյանը:
«Չայլուի դեպքից հետո հայկական կողմը պատրաստվո՞ւմ է բանակցային գործընթացում դիրքորոշման կոշտություն ցուցաբերել» հարցին Գ. Սահակյանը պատասխանում է, որ կոշտ դիրքորոշումը հենց այն է, որ «ասում ենք` նախ Ղարաբաղի կարգավիճակի մասին, որը չի կարող լինել Ադրբեջանի կազմում»:
«Իհարկե կարելի է անպատվել, հայհոյել, նաև շշպռել գերտերություններին, բայց դիվանագիտությունն այդպես չի կատարվում, այդպես կատարում են քաղաքական ուժերը»,- նշեց պատգամավորը: Օրինակ` Գ. Սահակյանին շատ է ուր գալիս Սամվել Բաբայանի ասած «ոչ մի թիզ հողը» կամ Կոմանդոսի այն խոսքերը, թե պիտի ավելի ուժեղանանք: Բայց պետությունն իր կոշտությունը ցուցաբերում է դիվանագիտական լեքսիկոնում ու ցուցաբերած մոտեցումներով: «Իսկ մենք էլ պետք է ասենք` ոչ մի թիզ հող, առավել ևս պիտի ասենք, որ դա վերջը չի: Դեռ 400 000 քկմ էլ ունենք` Արևմտյան Հայաստանը»:
Ըստ պատգամավորի` սա ժողովրդական դիվանագիտության ձևավորում է, որից պետք է օգտվի ընդդիմությունը: «Բայց մեր ընդդիմությունն ավելի շատ սիրում է կաբինետային հեռախոս, քան հարվածներ հասցնել հակառակորդին կամ թշնամուն»,- ամփոփեց պատգամավորը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել