Մոտ 600 արտադրատեսակ նման հնարավորություն կստանա
ԵՄ երկրների հետ համագործակցող փոքր և միջին ձեռնարկությունների համար այսօր կազմակերպված սեմինարի ժամանակ ներկայացվում էր արտոնությունների ընդհանրացված առևտրային համակարգը` «GSP+» ծրագիրը: Հայաստանից ԵՄ GSP+ համակարգով արտահանվում է հիմնականում մետաղական ապրանքներ, հումքեր, մոլիբդենի կոնցենտրանտ: Երկրորդ տեղը զբաղեցնում են տեքստիլի արտադրանքները, որոշակի քանակությամբ կենդանի ծագման ապրանքատեսակները և այլն:
Արդեն իսկ արտոնություններով արտահանումներ իրականացվել են: «Օրինակ, մեղրի ներմուծման սակագինը բավականին բարձր է. եթե չեմ սխալվում` 70 տոկոս: Այս ծրագրի շրջանակներում սակագինը իջեցեվել է 0-ի, որևէ մաքսատուրք մեղրի ներմուծման համար չի գանձվում»,- լրագրողների հետ զրույցում նշեց Եվրահանձնաժողովի ներկայացուցիչ Մարիս Քոթսորադիսը (Maryse Coutsouradis):
Մյուս օրինակը վերաբերում է չորացած ծիրանին. 3-րդ երկրների կողմից չորացած ծիրանի արտահանման համար 3,2 տոկոս մաքսատուրք է գանձվում, Հայաստանի համար` 0: Եվրահանձնաժողովի ներկայացուցիչը տեղեկացրեց, որ ընդհանուր առմամբ մոտ 600 ապրանքատեսակ նման արտոնություն կստանա GSP+ ծրագրի շրջանակներում:
«Հետքի» հարցին, թե կան տվյալներ, թե կոնկրետ քանի ՓՄՁ-ներ են օգտվել այդ արտոնություններից, Մարիս Քոթսորադիսը պատասխանեց, որ ինքը տվյալների չի տիրապետում. «Մենք տեղեկացնում ենք ՓՄՁ-ներին, որ ԵՄ շուկան բաց է իրենց համար, և ակնկալում ենք, որ իրենք այդ հնարավորություններից կօգտվեն»:
Սեմինարին ներկա էր նաև Տրանսպորտների առաքումների ասոցիացիայի գլխավոր քարտուղար Դիանա Սարգսյանը: Նա բարձրացրեց հավաքական բեռների փոխադրման խնդիրը: Մի քանի արտադրողներ փորձում են մեկ փոխադրամիջոցով բեռ տեղափոխել, սակայն այդ հավաքական բեռը պետք է լինի 25-20 տոննա: Արտահանողն ուզում է 1,2,3 տոննա արտահանել, բայց նրա ծավալը բավարար չէ արտահանման թույլատրելի չափի համար: Արտահանողը չի կարող միանգամից 20 տոննա արտահանել, նման դեպքում միջոցը բեռները կոնսոլիդացված փոխադրելն է, և արտահանողները միանում են` մեկ տրանսպորտային միջոցով արտահանելու: Եվրոպայում դա իրականացվում է միասնական փաստաթղթի հիման վրա, և 10-15 արտահանողներ կարող են միանալ, իսկ Հայաստանում միասնական փաստաթուղթ չի կիրառվում: «Մեր խնդիրը դա է, որ այդ միասնական փաստաթուղթը մուտք գործի Հայաստան: Օրենսդրությունը թույլ չի տալիս հավաքական բեռ արտահանել, դա արդիական է նաև ճգնաժամի տարիներին, և ձեռնտու է, որ 10-15 արտադրող միանա և իր բեռն ուղարկի արտասահման: Տիր գրքույքը մեզ թույլ է տալիս, որ 3-4 կազմակերպություններ միասին հավաքվեն և արտահանեն, բայց ավել հնարավոր չէ արտահանել»,- նշեց Դ. Սարգսյանը:
Էկոնոմիկայի նախարարության Եվրամիության եւ միջազգային տնտեսական համագործակցության վարչության պետ Վարոս Սիմոնյանը նշեց, որ այս հարցի լուծման համար արդեն քայլեր արվում են և նկատառումն անպայման հաշվի կառնվի:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել