«Հետքի» հարցերին պատասխանել է «Մայքրոսոֆթ-Հայաստան» ընկերության գործադիր տնօրեն Գրիգոր Բարսեղյանը
«Մայքրոսոֆթ- Հայաստանի» նորարարական կենտրոնը ի՞նչ ծրագրեր է նախատեսել իրականացնել:
Ինովացիոն կենտրոնը հիմնականում կոչված է վերականգնել հայկական ՏՏ բրենդը այն տեսակետից, որ Հայաստանը միշտ հայտնի է եղել իր արտադրանքներով, տեխնոլոգիաներով, գաղափարներով: Այսօր մենք ավելի շատ տեսնում ենք հայկական ընկերություններ, որոնք կատարում են արտասահմանյան պատվերներ, այսպես կոչված` աութսորսինգով են զբաղվում: Եվ մեր նպատակն է վերականգնել Հայաստանի համբավը որպես տեխնոլոգիական երկիր, որպես մատակարար գաղափարների և արտադրանքների: Սա է հիմնական ուղղությունը: Այսինքն` եթե կան տեղական մասնագետներ, ընկերություններ, որոնք ունեն նոր, թարմ գաղափարներ, նորարարություններ, աջակցելու նրանց ստեղծել արտադրանքներ և իրականացնել իրենց մարկետինգը, վաճառքը, օգնել փրոմոուշնի տեսակետից, օգնել նրանց ներկայացնել իրենց արտադրանքները և ծառայությունները հանրությանը ոչ միայն Հայաստանում, այլ ամբողջ աշխարհում:
Այդ կենտրոնը կօգնի՞ բարելավել Հայաստանի դիրքը աշխարհում և կբարձրացնի զբաղեցրած սանդղակը:
Միանշանակ: Վստահ եմ, որ ներուժը շատ մեծ է, մասնագետները շատ բարձր են գնահատվում ամբողջ աշխարհում, և դրա ապացույցը այն բազմաթիվ պատվերներն են, որ մեր ընկերությունները ստանում են: Այսինքն` որպես բրենդ հայկական ՏՏ-ն կայացել է: Բայց, նորից եմ կրկնում, շատ կարևոր է նաև ստեղծել հայաստանյան գաղափարներ, հայաստանյան տեխնոլոգիաներ և հասցնել ամբողջ աշխարհին, և ոչ թե կատարել արտասահմանյան պատվերներ: Այստեղ շատ մեծ աշխատանք պետք է կատարվի: Եվ մենք կատարում են. դա կրթական համակարգն է, և մենք սկսել ենք դպրոցական համակարգից, իհարկե բուհական համակարգն է շատ կարևոր, որովհետև նոր մոտեցումներ են անհրաժեշտ, նոր գաղափարներ, որտեղ որ մենք համագործակցում ենք տեխնոլոգիական բոլոր բուհերի հետ: Մենք նաև նորաստեղծ ընկերությունների աջակցության հատուկ ծրագիր ունենք, և, իհարկե, ինովացիոն կենտրոնը կլինի ամենամեծ պրոեկտը, որը կեզրափակի այդ ամբողջ շղթան:
Հայաստանյան բուհերը տալի՞ս են մասնագետներ, որոնք պատրաստ են ոլորտում աշխատել:
Ցավոք, բավականին շատ քննադատություն կա ընկերությունների կողմից` ուղղված բուհերին: Նրանք բավարարված չեն մասնագետների պատրաստվածության մակարդակից, և վստահ եմ, որ բավականին լուրջ աշխատանք պետք է կատարվի:
Նորարարության ոլորտում Հայաստանի շուկայի ամենաթույլ կողմը ո՞րն է:
Մեր ընկերությունների տեղական մասնագետների ամենաթույլ կողը` մենեջմենտի և մարկետինգի, վաճառքների գործառնությունը և գիտելիք չունեննալն է, որովհետև կարող են ստեղծել շատ լավ ծրագրեր, բայց շատ կարևոր է նաև ոգևորել, փոխել այդ մոտեցումը, որ ավելի հիմնված լինի ինովացիոն գաղափարերի վրա, նորության վրա, և վաճառքների սպասարկման, մարկետինգի և ճիշտ կառավարման վրա: Ժամանակակից ՏՏ-ի ընդամենը 10-20 տոկոսն է, որ տեխնիկական ներդրումներն են, մեծ նախագծերի հիմնական ներդրումները և ծախսերը գնում են մարկետինգ-մենեջմենտին, վաճառքներին, ծառայություններին և այլն:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել