HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Երանուհի Սողոյան

Տրակտորը արագիլը չի բերում, տրակտորը Լոքյանն է տալիս

«Հողից հարուստ ենք, անասուն շատ ունենք, գյուղտեխնիկայից էլ ենք հարուստ, հոգով էլ,- թվարկում է Սիզավետի համայնքապետ Արարատ Պողոսյանը,- բայց մեկ է` գյուղացու գրպանը դատարկ է, հարկ չի կարողանում տալ, շատ է տանջվում, բայց աշխատածը չի երեւում»: Սիզավետում դժգոհում են. «Ախր որտեղի՞ց երեւա, եթե անարատ, ընտիր կաթը մեզնից 100 դրամով կառնին, ամառվա էն լավ սեզոնին էլ` 80 դրամով: Հըլը գնացեք խանութներն ու 100 դրամի սոկ կամ հանքային ջուր ուզեք, տեսեք կուտա՞ն: Չնայած` ուրտից տան, եթե էդ գնին հեչ բան չկա: Ան, դուք որ քաղքից գուկաք, կաթն ինչքանո՞վ կառնիք,- հարցնում է կաթի հավաքման մեքենայի մոտ կանգնած տղամարդը,- հետո էլ կըսեն` գյուղացի, գեղից մի փախի»: Պողոս պապը ձեռքով է անում, իբրեւ թե համեցեք մեր տուն ու դեռ հեռվից մատնացույց է անում արագիլի բնի կողմը: «Ըսիկ ղսմաթ է, արագիլն ում դուռն որ բուն կշինե, էնոր տուն հաջողություն կբերե,- բացատրում է 76-ամյա Պողոս Քոթանջյանը,- 3 տարի առաջ էն կողմերից խեղճին թռցրին, չթողին բուն սարքե, ինքն էլ եկավ էս կոնդի վրա տնավորվավ: Ես խղճով մարդ եմ, ես կենդանի կսիրեմ, ինչ է էրել անմեղ կենդանին, որ քշեմ: Էս տարի էլ 3 հատ ձագ է հանել»: Բակում տեսնելով լրիվ նոր գյուղտեխնիկան` կատակում եմ. «էս էլ է արագիլը բերե՞լ, թե՞ գնել եք»: «Չէ, հա, ի՞նչ արագիլ, Լոքյանն է տվել: Դավիթ Լոքյանին գիտե՞ս,- հետաքրքրվում է Պողոս պապն ու ձեռքը մեկնելով կնոջ կողմը` ներկայացնում,- Երանակիս հալալ հորեղբոր տղան է, ինքն է նվիրել, էն վախտը գյուղացոնց նախարարն էր: Լոքյանն եկել էր մեր գյուղ, ըսավ` արի կեղնի էս տրակտորն ու շարքացանը ձեզի նվեր տամ, բայց ընպես էնեք, որ գյուղացիք էլ օգտվին»: Երանակ տատը, շոյված այն մտքից, որ քաղաքից եկածները շատ լավ են ճանաչում Դավիթ Լոքյանին, շարունակում է. «Խոմ էժան բան չէ նվեր տվել հորեղբորս տղան, 3000 դոլար է իրա գինը` էս փոքր տրակտորի: Կարտոֆիլ ցանելու հարմարանք էլ ունինք, էլ ձեռքով չենք ցանե»: 40 տարի կթվորուհի աշխատած կինը նեղվում է, որ ժամանակին 25 կով է կթել, դրա համար բազմաթիվ պարգեւներ է ստացել, հիմա իրենց 8 կովը չի կարողանում կթել, ձեռքի ուժը պակասել է: Գյուղական դեպուտատ է եղել, ժողովների է գնացել, գիշերներն էլ չի քնել, որովհետեւ կովը ծնել է, պիտի գլխի վերեւը կանգնած լիներ, 5 զավակ է մեծացրել` 4 աղջիկ, մեկ տղա, հարգանք կար, պատիվ կար, մի խոսքով` լավ ժամանակներ էին: Իսկ հիմա գյուղի հարսներն ալարում են անգամ լավաշ թխեն, էլեկտրական վառարաններն առել, դրել են տունը ու «քաղքցու հաց կթխեն,-դժգոհում է Երանակ Քոթանջյանը,- սաղ գյուղն որ ման գաս, հազիվ մե երկու-իրեք տուն գտնիս, որ թոնիր ունենան: Կյանքը շատ է փոխվել, շատ»: Փոքր գյուղերի գոյատեւման բանաձեւը ստանում ենք համայնքապետի հետ զրուցելիս: «Անընդհատ վազքի մեջ եմ,- բացատրում է Արարատ Պողոսյանը,- նախարարություններ շատ եմ գնում տարբեր հարցերով: Բայց ամենակարեւոր հարցերը բարձրացնում եմ, երբ գերատեսչությունների ղեկավարները տարածաշրջան են գալիս: Դպրոցի հիմնանորոգման խնդիրն, օրինակ, առաջ եմ քաշել, երբ նախագահ Սերժ Սարգսյանը նախընտրական քարոզարշավի ժամանակ եկել էր Աշոցք: «Արփա լիճ» ազգային պարկի ծրագիր կա, դրան էլ եմ դիմել` խմելու ջրի ցանցը վերանորոգելու համար, ճամփեքի հարցով էլ եմ դիմել: Մեր տարածքային նախարարար Արմեն Գեւորգյանին էլ եմ հանդիպել Աշոցքում, էլի մի քանի հարցեր եմ առաջ քաշել հողատեսքերի կարգերի վերաբերյալ, քարտեզագրման: Մարդիկ կընդառաջեն, կարեւորը դիմելն է»: Արարատ Պողոսյանի համոզմամբ` գյուղ ղեկավարելու համար նախ պիտի գյուղացու վստահությունն ունենաս: Գործ անես, արածդ երեւա, որ գյուղացին էլ վաղը մյուս օրը չզլանա հարկերը տալ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter