
2010 թ.-ի ապրիլի 2-ին, ժամը 11:30-ի սահմաններում ՀՀ ոստիկանության Շիրակի մարզային վարչության ուղեկցող դասակի ոստիկաններ Արարատ Հարությունյանն ու Գնել Կիրակոսյանն ամբաստանյալ Հովհաննես Մանուկյանին «Արթիկ» քրեակատարողական հիմնարկից տեղափոխել են Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարան:

Ուղեկցող խմբի ավագ Արարատ Հարությունյանը, հանդիսանալով իշխանության ներկայացուցչի գործառույթներ իրականացնող պաշտոնատար անձ, խմբի ոստիկաններին պատշաճ կարգով չի նախապատրաստել առաջադրանքի կատարմանն ու չի հաստատել նրանց միջեւ համագործակցության կարգը, որի հետեւանքով ուղեկցող խմբի ոստիկան Գնել Կիրակոսյանը, անտեսելով կալանավորների հետիոտն ուղեկցման օրենքով սահմանված կարգը, ծանր հանցագործության համար կալանավորված Հովհաննես Մանուկյանին հրահանգել է ինքնուրույն իջնել դատարանի նկուղային հարկում գտնվող կալանախուց:
Վերջինս, մնալով առանց հսկողության, կալանավորների տեղափոխման միջանցքից դեպի դատական նիստերի դահլիճ տանող բաց դռնից դիմել էր փախուստի: Փախուստի դիմած կալանավորը մի քանի օրից հայտնաբերվել եւ ձերբակալվել էր, իսկ ծառայողական անփութություն թույլ տված ոստիկանների նկատմամբ առաջադրվել էր մեղադրանք քրեական օրենսգրքի 315 հոդվածի 1-ին մասով:
Հունիսի 16-ի դատական նիստի սկզբում մեղադրյալներ Արարատ Հարությունյանի եւ Գնել Կիրակոսյանի փաստաբան Աննա Դավթյանը միջնորդեց կիրառել դատաքննության արագացված կարգ, քանի որ իր վստահորդներն ընդունել են իրենց մեղքը եւ անկեղծորեն զղջացել: Նիստը նախագահող դատավոր Էդվարդ Մանուկյանն ընդունեց փաստաբանի միջնորդությունը եւ գործը արագացված դատական կարգով քննելու որոշում կայացրեց:
Ամբաստանյալներից Արարատ Հարությունյանն, ով ոստիկանական համակարգում աշխատած շատ կարճ ժամանակահատվածում հասել էր բավական նշանակալի հաջողությունների, ստանալով ավագ սերժանտի կոչում եւ նշանակվելով դասակի ավագ, դեպքից հետո ազատվել էր աշխատանքից: Իսկ Գնել Կիրակոսյանը, ով ոստիկանական համակարգում էր արդեն 19 տարի, շարունակում էր ծառայությունը ՀՀ ոստկանության Շիրակի մարզային վարչության դասակի 2-րդ ջոկում եւ դատարան էր եկել ոստիկանի համազգեստով: Այս հանգամանքը տարօրինակ թվաց նաեւ նիստը նախագահող դատավորին, սակայն վերջինիս այն հարցին, թե ինչով է պայմանավորված ոստիկանության պետի նման տարբերակիչ դիրքորոշումը, ամբաստանյալները չկարողացան պատասխանել:
Քանի որ արդեն իսկ որոշում էր ընդունվել արագացված դատաքննության, ապա դատարանը լսեց մեղադրական եւ պաշտպանական կողմերին, այնուհետեւ հրապարակեց գործում առկա ապացույցները: Վերջին խոսքի իրավունք ստացած ամբաստանյալները դատարանից խնդրեցին մեղմ պատիժ: Թեպետ արագացված դատաքննության ընթացքում դատապաշտպանն այլեւս իրավունք չուներ դիրքորոշում հայտնելու, այնուամենայնիվ, փաստաբան Աննա Դավթյանը խնդրեց դատարանից որպես մեղմացուցիչ հանգամանք հաշվի առնել նաեւ այն, որ փախած կալանավորի հայտնաբերման գործում ակտիվ մասնակցություն է ունեցել իր վստահորդ Արարատ Հարությունյանը:
Դատարանն ապացուցված համարեց մեղադրանքի հիմքում դրված ապացույցները, համարելով, որ ամբաստանյալներ Ա. Հարությունյանն ու Գ. Կիրակոսյանը կատարել են ՔՕ 315 հոդվածի 1-ին մասով նախատեսված արարք, որի համար ենթակա են քրեական պատասխանատվության եւ պատժի: Պատիժը նշանակելիս դատարանը հաշվի առավ կատարված հանցագործության հանրության համար վտանգավորության աստիճանը եւ բնույթը:
Որպես մեղմացուցիչ հանգամանքներ դատարանը հաշվի առավ այն, որ ամբաստանյալներն անկեղծորեն զղջացել են, նախկինում արատավորված չեն եղել, բնակության եւ ծառայության վայրից բնութագրվում են դրական: Ամբաստանյալներ Արարատ Հարությունյանի խնամքին են կինը եւ մանկահասակ երեխան, իսկ Գնել Կիրակոսյանի խնամքին` կինը, մայրը եւ երկու մանկահասակ երեխաները: Գործով ծանրացնող հանգամանքներ դատարանը չէր արձանագրել:
Նիստը նախագահող դատավոր Էդվարդ Մանուկյանը վճռեց Արարատ Հարությունյանին եւ Գնել Կիրակոսյանին հանցավոր ճանաչել ՔՕ 315 հոդված 1-ին մասով (պաշտոնական անփոթություն) եւ դատապարտել տուգանքի նվազագույն աշխատվարձի երեքհարյուրապատիկի չափով /300.000 դրամ/: Վերջիններիս նկատմամբ ընտրված ստորագրություն չհեռանալու մասին խափանման միջոցը թողեց անփոփող մինչեւ դատավճռի օրինական ուժի մեջ մտնելը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել