
1826թ. Մուշից Արեւելյան Հայաստանի հյուսիսային հատվածներ հասած մի քանի ընտանիքներ հիմնում են այս բնակավայրը: Երբ հայտնաբերվում է, որ տարածքը հարուստ չէ բնական աղբյուրներով, անունը դնում են Քոռ Աղբյուր: Հայրենական պատերազմից հետո գյուղը վերանվանվում է Ծաղկաշեն: Շիրակի մարզի Աշոցքի տարածաշրջանի լեռնային այս բնակավայրն իր անձնագրային 3-րդ ու վերջին անունը` Սիզավետ, ստանում է 1960-ականներին:

Սիզավետցի Եղիսաբեթ տատը, ձեռքը ճակատին հով արած, նայում է տան հարեւանությամբ գտնվող դպրոցի բակում իրար անցած մանուկներին: «Էս դպրոց իմ տնամերձ հողի վրա է կառուցվել, բալամ, երկրաշարժին հինը վնասվել էր, նորն որ կսարքեին, հարմարն էս տարածքն էր,-պատմում է Սիզավետ գյուղի բնակիչ 75-ամյա Եղիսաբեթ Կիրակոսյանը,- ըսին` դու հողդ տուր, մենք քեզի ուրիշ տեղ հող կուտանք, համաձայնվանք: Լավ գործի համար էր, դպրոց կսարքեին: Հիմի էլ դսից -ներսից նորից սարքին, թազցրին, ապրի սարքողների արեւը: Երկու թոռներս էլ էս դպրոցը դասի կերթան»:
Պակաս ուրախացած չեն նաեւ Եղիսաբեթ տատի հարեւանները` Երանակ եւ Պողոս ամուսինները: Միակ տղայի կինն ուսուցչուհի է ու դասավանդում է Սիզավետի դպրոցում, թոռները եւս դպրոցական են: ՙԵս լե, ընտանիքս էլ շատ ուրախ ենք, աղջիկ ջան, սիրուն, մաքուր տեղը-տեղին դպրոց կայնավ ռեմոնտից հետո: Ըսիգ մեր գյուղի լուսավոր կետն էր, հմի էս նորոգումից հետո ավելի պայծառացավ՚,- ասաց Պողոս Քոթանջյանը:
120 աշակերտի համար 1989 թ. կառուցված դպրոցում ներկայում 74 սիզավետցի դպրոցականներ են սովորում: Այս տարի գյուղում 4 ամուսնություն է գրանցվել, 4 ծնունդ եւ մեկ մահ, մի ընտանիք էլ տեղափոխվել է Գյումրի: Հունիսի 12-ին գյուղում հարսանիք կա, համայնքապետ Արարատ Պողոսյանը հրավիրում է մասնակցել իրենց ուրախությանը, կատակում է, որ փոքր համայնքներում, ինչպիսին իրենցն է, տխրություն, թե ուրախություն` բոլորինն է: «Հիմա էլ մեծով ու փոքրով ուրախանում ենք հիմնանորոգված դպրոցի համար»,- ասում է Արարատ Պողոսյանը:

Ընդամենը 2 տասնամյակ առաջ կառուցված դպրոցական շենքն անցած տարիներին հասցրել էր քանդվել: Տանիքից շենք թափանցող անձրեւաջրերը պատճառ էին դարձել, որպեսզի մի քանի դասասենյակներ ընդհանրապես չօգտագործվեին: Սիզավետը հարուստ համայնք չես համարի: Նախկին համայնքապետից ժառանգած 14 մլն դրամի պարտք, որի մեծ մասը ներկայիս համայնքապետն արդեն հավաքագրել է, 3 մլն-ի հասնող սեփական եկամուտ, չնչին դոտացիա: Նման նկարագրով պարզ է, որ դպրոցաշինության որեւէ ծրագրում, համայնքի կողմից 10 տոկոսի ներդրման պայմանով, Սիզավետն ընդգրկվելու հույսեր չէր կարող փայփայել: Դպրոցի շենքի հիմնանորոգման համար Սոցներդրումների հիմնադրամը 102.382.336 դրամ է հատկացրել, իսկ համայնքի բաժին ներդրումը գումարի 10 տոկոսի չափով կատարել են պոլսահայերը` «Վարդանանց ասպետներ եւ դուստրեր» կազմակերպության միջոցով:
Սոցներդրումների հիմնադրամի գործադիր տնօրեն Աշոտ Կիրակոսյանի հավաստմամբ` աշխատանքներն արվել են գրեթե զրոյական մակարդակից: Նախ շենքն է ամրացվել, բարձրացել է սեյսմակայունությունը, կառուցվել է նոր ցինկապատ թիթեղյա տանիք, դռներն ու պատուհանները փոխարինվել են նորով, փոխվել է հատակը, կատարվել են հարդարման աշխատանքներ: Իրականացվել են օդափոխության, ներքին ու արտաքին ջրամատակարարման, ներքին կոյուղու եւ էլեկտրամատակարարման աշխատանքներ: Ամբողջությամբ իրականացվել է սանհանգույցների եւ ճաշարանի վերանորոգում:
«Երբ որ ասում եք պոլսահայ, իմացեք, որ ամենահայկական համայնքի մասին եք խոսում: Պոլսահայ նշանակում է շեն, բարեկարգ դպրոց, պոլսահայ նշանակում է շեն, բարեկարգ եկեղեցի,- վերաբացման հանդիսավոր արարողության մասնակիցներին է դիմում Շիրակի թեմի առաջնորդ Միքայել եպիսկոպոս Աջապահյանը,- այս երկու սրբություններով է ապրում, այս երկու սրբություններին է հավատում պոլսահայը եւ այս երկու սրբությունների համար իր լուման երբեք չի խնայում: Դրա համար, երբ մտածում ես, թե մենք որտեղ, Սիզավետը որտեղ, Պոլիսը որտեղ, բայց արի ու տես, որ դպրոց եւ եկեղեցի հասկացությունները մեզ համախմբել են, ու մարդիկ հեռավոր Պոլսից իրենց լուման են ներդրել, որպեսզի ձեր այս դպրոցը շենանա ու գեղեցկանա»:

Թեմի առաջնորդի կարծիքով` հարմարավետ պայմանները ճաշակ են դաստիարակում, կրթում են ու Սիզավետի դպրոցում լավագույն ապագայի հիմքերն են դնում այստեղ սովորող երեխաների համար: Հիմնանորոգումից հետո դպրոցը կրելու է 20-րդ դարի մեծագույն հոգեւորականներից, Թուրքիո պատրիարք Շնորհք արքեպիսկոպոս Գալուստյանի անունը, ով հայ համայնքը ղեկավարել է 1960-90 թթ.:
Պոլսահայ բարերար Անդրանիկ Չինգյոլն ասում է, որ «Վարդանանց ասպետներ եւ դուստրեր» կազմակերպության մասնակցությամբ Հայաստանում 195 դպրոցի հիմնանորոգման եւ կառուցման աշխատանքներ են իրականացվել: Սիզավետի դպրոցի համար գումարներ հավաքագրել է «Վարդանանց ասպետներ եւ դուստրեր» կազմակերպության կազմում գտնվող «Տարոն» միությունը, որի անդամն է ինքը: «Մենք որոշեցինք պոլսահայերով այս գործը ձեռնարկել, որպեսզի հարգենք նաեւ մեր պատրիարքի հիշատակը: Ինչպես իմացաք, դպրոցն այսուհետ նրա անունով է կոչվելու, մեկ դպրոց էլ Լոռու մարզի Վահագնաձոր գյուղում կոչվեց Խաչատուր պատրիարքի անունով: Մեր պատրիարքները մեզ համար դպրոցներ շինեցին Թուրքիո մեջ, մենք ալ պարտավոր ենք իրենց գործերը բերել Հայաստան: Եվ այստեղի աշակերտներուն էլ կհորդորենք, որ մեզի օրինակ անեն եւ իրենք էլ հետագայում այս տիպի գործեր տեսնան»:

Հանդիսության մասնակից դպրոցականներից շատերն արդեն եղել էին նորոգված դպրոցում եւ առաջնահերթ ուրախացել նոր սպորտային դահլիճով: 5-րդ դասարանցի Նարինեն մի քանի օր առաջ մտել, շրջել է դասասենյակներում, ասում է` «սիրուն սեղան-նստարան են դրել, ճաշարանն էլ է սիրունացել»: Քանի որ հիմա գեղեցիկ դպրոց ունեն, «լավ կլիներ մանկապարտեզ էլ ունենան»,- ցանկություն հայտնեցին սիզավետցի դպրոցականները: «Մենք մանկապարտեզ չենք գնացել,- ասում է Խաչատուրը,- մեր քուրիկ - ապերիկները գոնե գնան»:

Սոցներդրումների հիմնադրամի գործադիր տնօրեն Աշոտ Կիրակոսյանը մանկապարտեզներից չխոսեց, բայց վստահեցրեց, որ Շիրակի մարզում հիմնադրամի աջակցությամբ հիմնանորոգվելու են Ամասիայի մշակույթի տան եւ մանկապարտեզի շենքերը, Լանջիկի մշակույթի տան հիմնանորոգումն արդեն սկսված է: Կվերակառուցվի նաեւ Գոգհովտի դպրոցը: «Մեր հիմնական թիրախը աղքատ համայնքներն են»,- ասում է Աշոտ Կիրակոսյանը:
Լուսանկարները` Հակոբ Պողոսյանի
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել